HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ես չեմ ուզում, որ մարդկանց դատապարտեն, բայց այստեղ քրեական հանցանք կա»

23_11-k_khlghatyanԴատարանի որոշմամբ` Արարատ քաղաքի Սալակիթների 2 հասցեում բնակվող Խլղաթյանների ընտանիքը շուտով կզրկվի իր ննջասենյակից, այն այժմ պատկանում է քաղաքացի Ֆենյա Մարգարյանին, ով գնել է Խլղաթյանների տան հարեւանությամբ գտնվող տարածքը` վերջիններիս ննջասենյակի հետ միասին: Կատյա Խլղաթյանը, նրա երկու որդիները` կանանց եւ զավակների հետ, բնակվում են 77,54 քմ մակերեսով տանը, որի 11.64 քմ տարածքը Արարատի քաղաքապետարանը վաճառել է Ֆենյա Մարգարյանին: Ընդհանուր իրավասության եւ Վերաքննիչ դատարանների որոշումները Ֆենյա Մարգարյանի եւ քաղաքապետարանի օգտին են եղել: Խլղաթյանները չեն դիմել Վճռաբեկ դատարան, փոխարենը մարզի դատախազությանը հանցագործության մասին հաղորդում են տվել: Քննչական բաժնում նյութեր են պատրաստվել, հարցաքննվել են Արարատի նախկին քաղաքապետը, ճարտարապետը, սակայն քրեական գործ չի հարուցվել` հանցակազմի բացակաթյան պատճառով: Կատյա Խլղաթյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազությանը բողոք է ներկայացրել` քրեական գործ չհարուցելու որոշման դեմ: «Ես չեմ ուզում, որ մարդկանց դատապարտեն, բայց այստեղ քրեական հանցանք կա, սա գողություն է, մեր սենյակը գողացել, վաճառել են ուրիշին, թող մեր սենյակը չվերցնեն, ես չեմ բողոքի»,- ասում է Կատյա Խլղաթյանը: Խլղաթյանների ննջասենյակի ներկայիս սեփականատեր Ֆենյա Մարգարյանը դեռեւս չի դիմել Դատական ակտերի հարկադիր կատարողներին` ընտանիքին սենյակից վտարելու համար, թեեւ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտել: Ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ֆենյա Մարգարյանը Երեւանում առնվազն մեկ բնակարան ունի, թերեւս դա է պատճառը, որ նա չի շտապում Խլղաթյաններից վերցնել ննջասենյակը: «Այդ սենյակում տղայիս նորածին երեխան է ապրում, ես հո՞ երեխային ննջարանից չեմ հանելու բերեմ հյուրասենյակում պահեմ, 9-ը հոգով ենք այս տան մեջ ապրում, որի մի մասն էլ խլում են մեզնից»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Կատյա Խլղաթյանը: Խլղաթյանների ընտանիքը նախկինում բնակվել է Արարատ Քաղաքի Շահումյան 20 շենքում, որը քանդվել է 1989 թվականին` նորը կառուցելու նպատակով, որտեղից Խլղաթյանների ընտանիքին պետք է բնակարան հատկացվի: Այդ շենքը մինչ օրս չի կառուցվել, իսկ Արարատի քաղխորհրդի գործկոմը 1996 թվականին Խլղաթյանների ընտանիքին Սալակիթների 2 հասցեում գտնվող տունն է հատկացրել: 13 տարի տունը տիրապետելուց հետո Խլղաթյանների ննջասենյակը նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը վաճառել է: Արարատի քաղաքապետարանից «Հետքին» հայտնեցին, որ ներկայիս քաղաքապետ Աբրահամ Բաբայանը համամիտ է, որ սենյակը Խլղաթյանների ընտանիքին է պատկանում,սակայն վաճառքն արդեն տեղի է ունեցել: Ի դեպ, Կատյա Խլղաթյանը դիմել էր Արտաշատի ընդհանուր իրավասության դատարան` իրեն բնակարան տրամադրելու պահանջով: Դատարանը բավարարել է պահանջը եւ Արարատի քաղաքապետարանին պարտադրել է Կատյա Խլղաթյանի ընտանիքին տրամադրել բնակարան: Սակայն դատարանի որոշումն անկատար է մնացել: Քաղաքապետարանի իրավաբան Հենրիկ Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Խլղաթյանների ընտանիքին չեն կարող բնակարան հատկացնել. «Եթե բնակֆոնդ չունենք, ինչպե՞ս տրամադրենք, որտեղի՞ց տանք, ո՞ւմ բնակարանը առնենք տանք: Կառուցելու դեպքում կտրամադրենք»,- ասաց Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter