HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Համատիրությունը շանտաժով գումար է գանձում»

«Ինձ դատի էին տվել ակնհայտ անհիմն փաստերով: Իրենց հիմնավորումներում միայն անուն-ազգանունս եւ հասցես էր ճիշտ գրված: Կեղծված էր բնակարանիս ե՛ւ անձերի թիվը, ե՛ւ ընդհանուր մակերեսը»,- ասում է թարգմանիչը:

Նրա խոսքերով` իր բնակարանի մակերեսը 70,3 քմ է, մինչդեռ համատիրությունը գանձումների հաշվարկները կատարել է 70,7 քմ-ով: «Իհարկե, տարբերությունը շատ փոքր է: Բայց համատիրության մեջ մտնում է 20-ից ավելի բազմաբնակարան շենք: Եթե ամեն մեկի բնակմակերեսը մի քիչ շատ հաշվեն, ավել գանձվող գումարը կկազմի բավական շոշափելի թիվ»,- նշում է Ղուլիջանյանը:

«Լավ, ենթադրենք` ավել ենք հաշվում: Բայց գանձվող գումարը վերադարձնում ենք բնակչին, չէ՞: Դա ի՞նչ է նշանակում, հո ամեն ինչ զրպարտելով ու դեմագոգիա խաղալով չի՞: Բա որ պակա՞ս է լինում»,- հարցնում է «Աջափնյակ 1» համատիրության կառավարիչ Համլետ Բաբլոյանը:

«Մեզ մոտ կա Ղուլիջանյանենց բնակարանի սեփականության վկայականի պատճենը, որում նշված մակերեսով էլ հաշվարկում ենք գանձվող գումարի չափը: Եթե ծնողների մահից հետո նա անվանափոխություն է արել, որպես պարտաճանաչ քաղաքացի, թող ներկայացներ պատճենը, ճշտեր մակերեսը, որպեսզի, եթե փոփոխություն կա, հաշվարկը կատարվեր ըստ նոր մակերեսի»,- հավելում է համատիրության հաշվապահ ԱրտաշեսԿարապետյանը:

Գագիկ Ղուլիջանյանը պատմում է, որ համատիրության հետ իր առճակատումը սկսվել է դեռեւս 2004 թ.-ից: «Հիշեցումներ էին ուղարկում 46 200 դրամ պարտքիս մասին եւ սպառնում, որ չմուծելու դեպքում դատարանով կբռնագանձեն: Բայց եթե նույնիսկ իրենց սուտ թվերով ես հաշվում, այդքան գումար չի ստացվում` 8-9 հազար դրամ երեւի ավել են գրել»,- ասում է նա:

«Մինչեւ 2005 թ. պարտքը չէր մուծել: Դատի տվեցինք, եւ նա հանդես եկավ հակընդդեմ հայցով: Մեր պատճառներն այնքան հիմնավոր էին, որ դատավորը, որպեսզի հաշտեցնի կողմերին, խնդրեց փոխհամաձայնության գալ: Մենք գնացինք զիջման եւ նրա նկատմամբ կիրառեցինք 3 տարվա վաղեմությունը»,- նշում է համատիրության ղեկավարը: Սակայն Ղուլիջանյանի մեկնաբանմամբ` «զիջումը» պայմանավորված է եղել բոլորովին այլ հանգամանքով. «Դատարանում իմ ելույթը լրիվ ուրիշ աստառ էր ստանում, որն իրենց ձեռնտու չէր, քանի որ նիստը նաեւ ձայնագրվում էր, եւ իրենց կարող է հենց դահլիճից տանեին (ձերբակալեին)»,- ասում է նա:

«Մենք եկանք ինձ մոտ եւ պայմանագիր կնքեցինք, որ պետք է ընդամենը 3 տարվա պարտքը մարեր` մոտ 25 հազար դրամ: Ղուլիջանյանը խոստացավ, որ 4 ամսում կփակի: Միասին ժամանակացույց էինք կազմել: Մեկ ամիս վճարեց ու դադարեցրեց: Անցավ 2 տարի, կրկնակի անգամ հիշեցրինք պարտքի մարման մասին, բայց նա մնաց անդրդվելի: Ստիպված նորից դիմեցինք դատարան»,- շարունակում է համատիրության կառավարիչը:

«Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանն ինձ մոտ 61 500 դրամի վճարման կարգադրություն ուղարկեց, որ կա´մ վճարումը կատարեմ, կա´մ էլ, այսպես ասած, փաստերով արդարանամ: Ես գրավոր պատասխան ուղարկեցի, որում ապացուցեցի, որ համատիրությունը ոտքից գլուխ սխալ է: Դատավոր Դավիթ Բալայանը, իմ առարկության ուժով, իրենց մերժեց եւ վճարման կարգադրությունը վերացրեց»,- նշում է Գագիկ Ղուլիջանյանը:

Համլետ  Բաբլոյանի պարզաբանմամբ` դատարանն իրականում համատիրության պահանջը չի մերժել: Ուղղակի, հաշվի առնելով բնակչի առարկությունները, վերացրել է վճարման կարգադրությունը` դիմողին հնարավորություն տալով հայցային կարգով մտնել դատարան, որպեսզի վեճը քննվի ըստ էության: «Հունվարից հետո մի քանի բնակիչների, այդ թվում` Ղուլիջանյանի դեմ անպայման մտնելու ենք դատարան»,- ասում է համատիրության ղեկավարը:

«Իրենք իրականում գործ չեն անում, ինչո՞ւ պետք է վճարեմ: Հարցը ոչ թե գումարն է, այլ սկզբունքը,- նշում է Գագիկ Ղուլիջանյանը,- Բոլորն իմ պես հետեւողական չեն: Դեպքեր է լինում, որ բնակչին հասցնում են դատարան, ու վերջ: Փաստորեն, համատիրությունը դատական շանտաժով մարդկանցից փող է պոկում»:

Վերջինիս փոխանցմամբ` շենքի վերջին հարկում գտնվող իր բնակարանի առաստաղից անընդհատ ջուր է կաթում, իսկ ձմռանը, շենքի ծխատարի վնասվածության պատճառով, ծուխը լցվում է տուն: Դեռ 2006 թ. ինքը դիմել է համատիրություն, սակայն որեւէ կերպ խնդիրները չեն լուծվել:

«Ինքն իր պարտականությունները, թեեւ ստորագրել է, չի կատարում, եւ նման դիմում է բերում որ ի՞նչ: Թող կատարի պարտադիր նորմերի վճարումները, որպեսզի համատիրության կառավարիչը հիմք ունենա այդ գործի հաշվով համապատասխան քայլեր ձեռնարկել: Թե չէ` ոչինչ չի անում, միայն բողոքում է եւ պահանջում»,- ասում է հաշվապահ Կարապետյանը:

«Զարմանալի է, որ նման մարդն իրեն համարում է քաղաքացի, ուզում է քաղաքականության մեջ դրսեւորվել. տեսնում ենք` ընդդիմադիրների հետ է շփվում եւ այլն: Ինչեւէ, դա իր գործն է, բայց, որպես շենքի բնակիչ, ոչ միայն ինքը չի վճարում, այլեւ ագիտացիա է անում հարեւանների շրջանում, որի պատճառով տվյալ մուտքում մոտ 300 հազար դրամի պարտք է կուտակվել: Այն դեպքում, երբ մենք հատուկ սկսեցինք մուտքը վերանորոգել, որ բնակիչները տեսնեն` գործ ենք անում: Բայց ստիպված կեսից աշխատանքները դադարեցրի, որովհետեւ ոչ մեկը վճարում չկատարեց»,- հավելում է համատիրության ղեկավարը:

«Ես հարցում ուղարկեցի համատիրությանը եւ խնդրեցի ներկայացնել որոշակի փաստաթղթեր, որպեսզի հասկանամ, թե ի՞նչ ընդհանուր ժողով են արել, պարտադիր նորմերն ինչպե՞ս են կատարել, որ բնակիչներից պահանջում են դրանց համար վճարել: Բաբլոյանն ուղղակի ասաց, որ չի տա` առանց որեւէ բացատրություն: Ըստ երեւույթին, ոչինչ էլ չեն արել, դրա համար էլ մերժում են,- ասում է Ղուլիջանյանը: - Ընդամենն ուզում եմ, որ ինձ, իբրեւ բնակիչ, տեղյակ պահեն, թե ինչ է արվում: Դա իմ իրավունքն է, ու եթե նույն ձեւով շարունակեն, կդիմեմ դատարան»:

«Ես անհեթեթ համարեցի պատասխանել այդ հարցերին, որովհետեւ բոլոր կետերով զրպարտություն է,- մեկնաբանում է Համլետ Բաբլոյանը,- աղբահանության հետ կապված շենքի համար հավաքարար եմ պահում, ի՞նչ է, պայմանագիրը տա՞մ իրեն: Ամբողջ համատիրության գործերն ուզում է. չեմ հասկանում` աուդի՞տ է անցկացնելու: Ինձ վերահսկում է քաղաքապետարանը, թաղապետարանը եւ մեր վերստուգիչ վարչությունը»:

Վերջինս հատուկ ընդգծում է, որ ժամանակին կից փաստաթղթերով Ղուլիջանյանին հետաքրքրող տեղեկությունները ներկայացրել է դատարան: Ինչ վերաբերում է համատիրության եկամտային եւ ծախսային մասին, ապա «այդ հաշվետվությունները պարբերաբար փակցվում են շենքերի պատերին»:

«Իմ համատիրությունը Երեւան քաղաքում ամենաճանաչված, լավ համատիրություններից է: Ես դա ասում եմ, որովհետեւ տասնամյակ ենք տոնել»,- շեշտում է «Աջափնյակ 1»-ի կառավարիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter