
Ալեքսն ու Ժենյան արդեն դպրոց գնալու հագուստ ունեն
Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի 4-րդ դասարանի աշակերտ Ալեքս և 9-րդ դասարանի աշակերտուհի Ժենյա Տեր-Գրիգորյաններն արդեն հաճախում են հանրակրթական դպրոց: Օգոստոսի 31-ին «Հետքը» գրել էր, որ Ալեքսն ու Ժենյան այս տարի, հագուստ չունենալու պատճառով, դպրոց չեն հաճախելու:
Նյութը հրապարակվելու հաջորդ օրը Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը այս մասին զեկուցել է մարզպետ Նվեր Պողոսյանին: Վերջինս էլ հրահանգել է շտապ լուծել խնդիրը:
Սեպտեմբերի 1-ին կրթության բաժնի պետի ուղեկցությամբ Ալեքսն ու Ժենյան այցելել են Վարդենիսի խանութներ և իրենց ճաշակով ընտրել հագուստ, կոշիկներ ու գրենական պիտույքներ:
«Անընդհատ համայնքապետերին խնդրում ենք, որ նման դեպքերի առնչությամբ մեզ տեղեկացնեն, բայց, չգիտես ինչու, ժամանակին տեղյակ չեն պահում»,- ավելացրեց Գ. Բադալյանը:
Վարչության պետի ասելով՝ առաջիկայում տարածքային կառավարման նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի մասնակցությամբ մարզի համայնքապետերի հետ խորհրդակցություն է լինելու, և վերջիններիս հրահանգվելու է չթաքցնել իրենց համայնքներում նման խնդիրները:
Դժվար է ասել՝ մարզի համայնքներում կա՞ն դպրոցից դուրս մնացած երեխաներ, թե՞ ոչ, քանի որ այս ընտանիքի երեխաներն էլ համարվել են դպրոց հաճախող, սակայն փաստացի կարող էին դուրս մնալ հանրակրթությունից:
Սովորաբար համայնքապետերը սոցիալապես անապահով ընտանիքների մասին լռում են, որպեսզի տարբեր կառույցների ճնշմամբ նրանց վրա գումար չծախսեն: Շատ գյուղապետեր էլ խնդիրները չեն բարձրաձայնում, որ «խոսելու տեղ» ունենան, թե իրենց համայնքում ամեն ինչ կարգին է, և աղքատներ չկան: Բայց փաստ է, որ դրանից տուժում են այն ընտանիքների երեխաները, որոնց ճակատագրերն արդեն իսկ դառն են:
Մեկնաբանել