Կվերահսկվեն մանկապարտեզների սննդի որակն ու չափաբաժինը
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հետևողական վերահսկողության և խիստ վերաբերմունք կիրառելու պահանջ է դրել բոլոր այն մանկապարտեզների նկատմամբ, որտեղ կգրանցվեն հավելագրումների դեպքեր և երեխաների սննդի կազմակերպման հետ կապված խնդիրներ: Կարեն Կարապետյանը վկայակոչել է այն փաստը, որ Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի անցկացրած ստուգումների արդյունքում թերություններ և խախտումներ են արձանագրվել մի շարք մանկապարտեզներում:
Վերահսկողությունը շարունակելու պահանջ է դրվել նաև վարձակալության պայմանագրեր կնքած այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր չեն ապահովում իրենց տարածքների հարակից հատվածների բարեկարգման և կանաչապատման համար սահմանված պարտադիր նորմն ու պայմանագրային պարտավորությունները:
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ամենօրյա հսկողություն իրականացնել այգիներում, պուրակներում տիրող իրավիճակի նկատմամբ: «Բոլոր վարձակալների համար մինչև ապրիլի վերջ ամեն օր շաբաթօրյակ պետք է լինի: Պուրակները պետք է բերեն պատշաճ վիճակի` խոտը հնձեն, ծառ տնկեն, ոռոգման ջուր անցկացնեն, մաքրեն, որտեղ սալահատակները վնասված են, վերականգնեն: Հակառակ դեպքում լուծարում եք պայմանագիրը»,- ասել է քաղաքապետը:
Զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններն արդեն ներկայացրել են առաջարկներ այն բակային տարածքների վերաբերյալ, որտեղ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կտեղադրվեն ժամանակակից մանկական խաղահրապարակներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել