Ակնարկներ` ուղղված Վարդանիկին
ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ով աշխատանքային այցով երեկ մեկնել էր Գյումրի, ոստիկաններին հրահանգել է այլևս ուշադրոթյուն չդարձնել հանցագործություն կատարած անձանց կարգավիճակին և բոլորին հավասարապես պատժել:

Նա, թերևս, ակնարկել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, քանի որ հենց վերջինիս ընտանիքն է վերջին տարիներին Գյումրիում աչքի ընկել հանցագործություններ կատարելու առումով:
«Միակ նպատակս հետևյալն է` ամուր, ձիգ հասարակական կարգ: Պետք է բոլորը հասկանան` սա քննարկման թեմա չէ, օպերատիվ իրադրությունը վերահսկվում է Ոստիկանության կողմից: Պատահական, դուրս ընկած, չձևավորված որևէ մեկը` կլինի իշխանության մեջ գտնվող, թե իշխանությունից դուրս, թե հանցագործ աշխարհի ներկայացուցիչ, պիտի գիտակցի` օրենքից վերև ոչ մեկը չի կարող կանգել: Այս բանը պայմանավորվում ենք վերջնականապես:
Չի կարելի թույլ տալ մարդկանց հետ բանակցել, որոշել` սպասե՞լ հետագա զանգերի` ո՞վ կզանգի, ի՞նչ կմիջնորդեն: Ձեր գործն արեք, ավարտեք: Հետո կերևա` ով հաղթեց, ով պարտվեց: Հաղթողը մենք ենք լինելու: Եթե մեկը փորձի այս տարածաշրջանում, այս քաղաքում ցույց տալ, որ ինքը որևիցե բան է իրենից ներկայացնում, թող հաշվի նստի այս անգամ մեզ հետ»,- ասել է Ա. Սարգսյանը:
Միջնորդությունը կապահովի Շվեյցարիայի մուտքը Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ
Հոկտեմբերի 4-ին «Նոյե ցյուրխեր ցայթունգը» հարցազրույց է տպագրել Շվեյցարիայի արտգործնախարար Քալմի-Ռեյի հետ: Արծարծված բազմաթիվ հարցերի թվում արտգործնախարարը կարևորել է արտասահմանում, մասնավորապես` ասիական երկրներում Շվեյցարիայի ներկայությունը դիվանագիտական առաքելությունների տեսքով ավելի ամրապնդելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև ստանձնած դերակատարմանը` արտգործնախարարն ասել է. «Երկրի ներսում պիտի նորից բացատրենք` ինչու ենք որոշակի դերակատարների հետ երկխոսություն վարում: Այդպիսի զրույցներն անհրաժեշտ են, երբ այդ դերակատարներն, օրինակ, խաղաղության գործընթացի մեջ կարևորագույն դեր են ստանձնում: Դա չի նշանակում, թե նրանց կեցվածքին համաձայն ենք լինելու»:
«Այդպիսի ակտիվության օգուտները Շվեյցարիայի համար երբեմն հազիվ թե տեսանելի են», «Նոյե ցյուրխեր ցայթունգի» հեղինակների թերահավատությանը արտգործնախարար Քալմի-Ռեյն առարկել է.
«Ոչ, ոչ, միգուցե միայն առաջին հայացքից: Ասենք, Հայաստանի և Թուրքիայի միջև միջնորդությունը: Կհարցնեք` ի՞նչ կտա դա մեզ: Ասում եմ` այն աշխատանքը, որ մենք ենք իրականացնում, մեզ համար մուտք կապահովի դեպի այդ պետություններ, բայց նաև այն պետություններ, որ հետաքրքրված են խնդրի լուծմամբ: Այս պարագայում դրանք Ռուսաստանն ու ԱՄՆ են: Մեզ ճանաչում են, վստահում: Կշոշափենք, կանդրադառնանք հարցին նաև այն ժամանակ, երբ շատ ուրիշ խնդիրներ կլինեն լուծելու»,- մեկնաբանել է արտգործնախարար Քալմի-Ռեյը:
Ընդդիմության գզվռտոցն է իշխանության հենարանը
«Մեր քաղաքական դաշտի առեղծվածներից մեկն այն է, որ իշխանության հիմնական քաղաքական հենարանն այսօր ընդդիմության դաշտում առաջնորդության համար պայքարն է, ընդդիմության միավորմանը խոչընդոտող ինքնանպատակ գզվռտոցը:
Եվ դա է պատճառը, որ, կարծում եմ, ընդդիմությանը համակիր ժողովրդի թվային պատկերը կրիտիկականի չի հասնում, որպեսզի արմատապես դրվի իշխանությունների հրաժարականի հարցը»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:
Դիվանագիտական վատ աշխատանք
ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ դաշնակցական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով` և' արգործնախարարությունը, և' դիվանագիտական կորպուսը, և' սփյուռքի նախարարությունը վատ են աշխատել և ՀՀ նախագահին Սփյուռքի տրամադրությունների մասին իրական ու բավարար տեղեկատվություն չեն հաղորդել, որքան էլ դառը լիներ այդ իրականությունը:
Տեսականի
Երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի զրույցում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե սփյուռքում Սերժ Սարգսյանի դեմ բողոքողները տականքներ են, և մոլախոտը «մեր ազգից դեռևս չի վերացել»:
Իր այս պնդումները Գալուստ Սահակյանը հիմնավորել է Նժդեհի ուսմունքով, ըստ որի` հասարակությունը բաժանվում է երեք մասի` ցեղակրոններ, հայրենասերներ և «ցեղի տականք»:
Ապա Սահակյանն ասել է հետևյալը. «Նրանք, ովքեր փորձում են դավաճանական արարք թույլ տալ, երրորդ խմբում են»: Այնուհետև բառացիորեն ավելացրել է` «ցեղի տականքը հենց բողոքողներն են», իսկ «միտինգ անողները մեր տեսակից չեն»:
Հետաքրքիր է, թե ինչ կարծիքի են մեր հայրենակիցները Գալուստ Սահակյանի տեսակի մասին:
Օրինախախտը
Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների համար քարոզի նպատակով Սերժ Սարգսյանի կազմակերպած շրջագայության ընթացքում նրան ուղեկցող պաշտոնյաների շարքում է նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
ՍԴ նախագահը, ակնհայտ քաղաքական գործունեությամբ զբաղվելով, խախտում է ՀՀ սահմանադրության 98-րդ հոդվածը: Ըստ այդմ` նա կարող է պաշտոնանկ արվել այս հիմքով:
Հույսերը չարդարացրին
Սերժ Սարգսյանի համահայկական շրջագայության նախօրեին լրջորեն քննարկվել է, թե ովքեր պետք է նրան ուղեկցեն: Սկզբունքը եղել է մեկը, տանել նրանց, ովքեր նվազագույնը կվարկաբեկեն ՀՀ նախագահին ու առավելագույնն օգտակար կլինեն:
Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ նրան ուղեկցող Գագիկ Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանն ու Արկադի Ղուկասյանը, եթե անգամ չեն վնասել, ապա հաստատ ոչնչով չեն օգնել:
Մասնավորապես, «Հրապարակի» տեղեկություններով, Լոս Անջելեսում բողոքի ցույցի մասնակիցներն ի ցույց են դրել Հրանուշ Հակոբյանի նկարով պաստառներ և անվայել վանկարկումներ արել նրա հասցեին:
Այցի նախօրեին նաև որոշվել է վաղօրոք այցելության քաղաքներ ուղարկել էմիսարների, որոնք կնախապատրաստեն և կապահովեն լավ ընդունելություն: Յուրաքանչյուր քաղաքի, այսպես ասած, պատասխանատուներ են որոշվել, որոնք, ինչպես արդեն իսկ տեսնում ենք, ձախողվել են:
Այդ սկզբունքով Լիբանան` Բեյրութ է մեկնել Սերժ Սարգսյանի եղբայրը` Լևոն Սարգսյանը, որը երկար տարիներ Սիրիայում մեր դեսպանն է եղել և մերձարևելյան երկրներում բավական կապեր ունի: Սակայն սպասվում է, որ ամենաբուռն բողոքի ակցիաները տեղի են ունենալու հենց Բեյրութում:
Ինչից է վախենում Թուրքիան
Իսկ մենք թուրքական վտանգից ենք խոսում
ԳԱԱ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կարծիքով. «Թուրքիան վախենում է, որ կարող է սահմանամերձ գոտու տնտեսական ու սոցիալական վակուումը լցվել, ենթարկվել հայկական տնտեսական էքսպանսիայի, մինդեռ մենք թուրքական էքսպանսիայից ենք խոսում:
Վախենում է, որ Նախիջևանին սնուցող միակ երակը հայտնվի հայկական վերահսկողության տակ: Վախենում է, որ քրդերը կարող են սահմանի բացման դեպքում գործարարությամբ զբաղվել ու իրենց կապիտալը կուտակել հենց սահմանային արեալում: Իսկ այդ պարագայում երկրի արևելյան հատվածների կախվածությունը արևմտյան հատվածից խիստ կթուլանա»:
Օքսֆորդը ղալաթ է արել
Ելույթ ունենալով Երևանի պետական համալսարանում` վարչապետ Տիգրան Սարգյանը հայտարարել է, թե ցանկություն և հնարավորություն կա ԵՊՀ-ն դարձնել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններից մեկը:
«ՉԻ» - Ուշադրություն դարձրեք` խոսքը ոչ թե տարածաշրջանի կամ մայրցամաքի, այլ աշխարհի լավագույն հաստատություններից մեկը դառնալու մասին է: Ընդ որում` Մոսկվայի համալսարանը, օրինակ, աշխարհի 100 լավագույն բուհերի մեջ չի մտնում: Բայց Տիգրան Սարգսյանին դա, բնականաբար, չի հետաքրքրում: Կարևորը, որ ծրագիրը լինի «հավակնող»:
Հետո՞ ինչ, որ ԵՊՀ ղեկավարությունն առայժմ բուհի հիմնական ֆունկցիան համարում է փող աշխատելն ու իշխանություններին «ադաբրյամս» տալը, նրանց ամենալուրջ ծրագիրը «ավտոստայանկա» կառուցելն է, իսկ Հայաստանում նույնիսկ կարգին ինտերնետ չկա:
Եվ, այնուամենայնիվ, իզուր է Տիգրան Սարգսյանը խոսում նման հեռանկարային ծրագրերի մասին: Դրա փոխարեն կարելի էր ԵՊՀ-ն միանգամից հռչակել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություն ու կառավարության որոշմամբ ամրագրել այդ փաստը: Համենայնդեպս, ԵՊՀ խորհուրդը հաստատ հավանություն կտար այդ որոշմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել