HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ու՞մ են տալիս անվճար կամ զեղչով դեղորայք ձեռք բերելու իրավունք

ambulance_6.10.09ՀՀ կառավարությունն արդեն 3 տարի է, ինչ հաստատել է այն սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկը, որով անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղորայք ձեռք բերելու իրավունք է տրվում: Այդ ցանկը սահմանվել է 2006 թ. նոյեմբերի 23-ի N1717-Ն որոշմամբ` «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին»: Որոշումն ուժի մեջ է մտել 04.01.2007 թ-ից: Ըստ  ցանկի` անվճար դեղեր են տրվում ա) 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներին, բ) մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաներին, գ) հայրենական պատերազմի մասնակիցներին եւ նրանց հավասարեցված անձանց, դ) մինչեւ 18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաեւ միակողմանի ծնողազուրկ երեխաներին, ե) 4 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքների մինչեւ 18 տարեկան երեխաներին, զ ) ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին, է) հաշմանդամներից բաղկացած ընտանիքների մինչեւ 18 տարեկան երեխաներին, ը) մինչեւ 7 տարեկան երեխաներին: Կառավարության նույն որոշմամբ` դեղերը 50% զեղչով տրվում են` ա) 3-րդ խմբի հաշմանդամներին, բ) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին, գ) բռնադատվածներին, դ) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին, ե) միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում` իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներին, զ) միայնակ մայրերի մինչեւ 18 տարեկան երեխաներին: Նշենք, որ միայնակ կենսաթոշակառուներին դեղերը տրվում են 30% զեղչով: «Հետքը» Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքի բնակչության շրջանում փոքր հարցում է անցկացրել` պարզելու, թե կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սոցիալական խմբերն արդյո՞ք տեղյակ են անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրենց իրավունքի մասին: Հարցումներից պարզ դարձավ, որ ոչ բոլորը գիտեն կառավարության կարգի մասին եւ հիմնականում դեղերը գնում են դեղատներից: Իհարկե, կային անտառուտցիներ, որոնք անվճար դեղեր ստացել էին, սակայն, «շնորհակալություն էին հայտնում» ամբուլատորիայի բժիշկներին` կարծելով, թե իրենց պարզապես լավություն են արել: Ամբուլատորիայում դեղ տալիս խոցելի խմբերի քաղաքացիներին չեն բացատրում, որ դա օրենքով է սահմանված եւ իրենց կողմից «լավություն» չէ հիվանդին: Հիվանդների մի մասն էլ դժգոհում էր, որ դեղորայք ստանալը բավականին ընդհատումներով է լինում, քանի որ ամսվա կեսին ամբուլատորիայի բժիշկներն ասում են, թե դեղ այլեւս չկա: Angin-Hakobyan_6.010.09Հարցման հետքերով այցելեցինք Անտառուտ գյուղի բնակիչ Անգին Հակոբյանին: Անգին տատը մեկ տարի առաջ կաթված է տարել եւ դժվարությամբ է քայլում: Նրա ձախ ձեռքն ու ոտքը թույլ են: Ապրում է որդու ընտանիքի հետ, սոցիալապես ծանր պայմաններում: Ստանում են աղքատության ընտանեկան նպաստ եւ դրանով էլ ապրում են: Անգին Հակոբյանը տեւական ժամանակ է չի դիմել բժշկի` պատճառաբանելով, թե գումար եւ փոխադրամիջոց չունեն: Քանի որ Անտառուտը ամբուլատորիա չունի, այդ գյուղի հիվանդներին սպասարկում են Բյուրական համայնքում: Այնտեղ հասնելու համար նույնպես փոխադրամիջոց է պետք: «Փող չունենք, հազիվ յոլա ենք էթում, էլ ոնց դիմեմ բժշկի: Տո տրանսպորտ էլ չկա, ինձ ո՞վ ավտոյով կտանի-կբերի»,- ասաց Անգին տատը: Երբ հարցրի` «Բյուրականի ամբուլատորիայից անվճար կամ զեղչով դեղ տալի՞ս են», պատասխանեց. «Կարող ա դիմեմ` տան: Էն չեն գյուղական պայմանները, ազիզ ջան, որը` չենք հասկանում, որն էլ` եսիմ, է…»: Այնուամենայնիվ, Անգին Հակոբյանը խոստովանեց, որ երբեւէ ամբուլատորիայից անվճար կամ զեղչով դեղ չի ստացել: Նրա ասելով` որդին Բյուրականի դեղատնից է դեղերը գնում: «Ամբուլատորիայից ասում են` պետք ա թուղթ հանես, բերես, եսիմ էլ ինչեր: Մենք էլ էնքան ճարպիկ չենք, որ իմանանք ձեւերը»,- ասաց Ա. Հակոբյանը: Անգին Հակոբյանի որդին` Աշոտը, հաստատեց, որ մոր դեղերը դեղատնից է գնում եւ քանի որ հիմա գումար չունի` չի կարողանում գնել: Նրանց ասելով` ամբուլատորիայից իրենց չեն ասել, որ դեղերը զեղչով ձեռք բերելու իրավունք ունեն, այդ մասին առաջին անգամ մեզանից են լսում: «Բայց մի ծանոթ բժիշկ կա` մեկ-մեկ ինքն է դեղերը ձրի տալիս»,- ասաց Աշոտը, որը նույնպես առողջական խնդիրներ ունի (ոտքից կաղ է): Նշենք, որ Անգին տատը չի դիմել նաեւ հաշմանդամության կարգը որոշելու համար` դարձյալ պատճառաբանելով ֆինանսական վիճակը: Թեեւ հաշմանդամության կարգ ստանալու համար ուղեգրերի միջոցով հիվանդները պետպատվերով են բուժզննություն անցնում, սակայն նրանց պարտադիր ուղարկում են Երեւանի հիվանդանոցներ, իսկ օրվա հացով ապրող ընտանիքների համար դժվար է ամեն օր մարզից հասնել Երեւան, որպեսզի հիվանդին ուտելիք տանեն: Հաշմանդամության կարգ չունի նաեւ Աշոտը: Ճիշտ է, Անգին տատը հաշմանդամության կարգ չունի, որպեսզի դեղորայքը նրան տրվի 50% զեղչով, սակայն ամբուլատորիայում նրան դեղերը չեն տվել նույնիսկ 30% զեղչով, ինչն օրենքով հասանելիք է: r-harutyunyan_6.10.09Օրեր առաջ այցելեցինք նաեւ Բյուրականի ամբուլատորիա: Վարիչ Ռուզաննա Հարությունյանը զարմացավ, որ իրենցից դժգոհել են, քանի որ, ըստ նրա, դա բացարձակ սուտ է: «Պետության կողմից կա հաստատված դեղորայքի ցանկ, եւ մենք այդ դեղորայքից այն կողմ չենք կարող անցնել: Շատ հնարավոր է, որ հիվանդը գա, ու մենք դեղորայք չունենանք, որ տանք: Այս պահին էլ դեղորայք չունենք»,- ասաց Ռ. Հարությունյանը: Խնդրեցինք Անգին Հակոբյանի հիվանդության քարտը եւ պարզվեց, որ հիվանդին 30% զեղչով դեղ ընդհանրապես չի տրվել: Ամբուլատորիայի վարիչն արդարացավ, թե ձմռանը Անգին տատին ուղեգրով ուղարկել են Երեւան` բուժզննման, ու հիվանդանոցից հետո իրենց չի դիմել: Սակայն փաստ է, որ Անգգին Հակոբյանն այդ վիճակում է արդեն 1 տարի եւ հնարավոր էր գոնե մեկ անգամ տալ պետության կողմից սահմանված օգնությունը: Թերթելով անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների գրքույկը` պարզեցինք, որ Բյուրականի ամբուլատորիայում ընդհանրապես 30% զեղչով ոչ մեկին դեղ չեն տվել: Փաստը հաստատեցին նաեւ ամբուլատորիայի բժիշկները: «Դուք գիտեք, որ այս տարի բյուջեն ահագին կրճատված է, եւ մեր դեղորայքի ցանկն էլ է կրճատվել: Մեզ տալիս են գումար, ասում են` այս գումարի մեջ տեղավորվեք: Ճիշտ է, 30% զեղչով ոչ մեկին դեղ չենք տվել, բայց փոխարենը նրանց 50% զեղչով ենք տվել»,- ասաց Ռ. Հարությունյանը: Արտոնյալ եւ անվճար դեղ ստանալու կարգը փակցված էր ամբուլատորիայի պատին, սակայն բավականին բարձր ու անհարմար տեղում` դժվար հասանելի ծեր ու տկար մարդկանց: «Մենք 5000 բնակչություն ունենք ու շատ քիչ գումար են տրամադրում դեղերի համար: Մեզ համար դժվար է դեղերի ցուցակը կազմելը, որովհետեւ գումարը քիչ է: Այս ամսվա համար 25 հազար դրամ կրճատել ենք, որովհետեւ բյուջեն չի հերիքում: Դա նշանակում է, որ այս ամիս 10 մարդ դեղ չի ստանա: Այս ամսվա գումարն արդեն հաշվել ենք եւ կարող ենք բերել 105 հազար դրամի մեծահասակների դեղ, 70 հազարի էլ` մանկական: Դե, պատկերացնում եք արդեն մեր վիճակը: Մանկական դեղեր ենք բերում, որը 10 օրվա ընթացքում վերջանում է, ու մենք այլեւս իրավունք չունենք նոր խմբաքանակ բերելու: Պետք է սպասենք հաջորդ ամսվան: Օրական ունենում ենք 30-ից ավելի հիվանդ, դուք ինձ ճիշտ հասկացեք, դեղորայքը մեզ մոտ շատ սուղ է»,- ավելացրեց Ռուզաննա Հարությունյանը: Ըստ ամբուլատորիայի վարիչի` իրենց նեղ դրությունից հանում է հատկապես «Այ Արդի» միջազգային բարեգործական ընկերությունը, որն անվճար դեղորայք է տալիս ամբուլատորիային: «Եթե այդ կազմակերպությունը դեղ է տալիս, մենք ոչ մի բան հաշվի չենք առնում. ով մտնում է այդ դեղորայքով` ապահովում ենք»,-ավելացրեց տիկին Հարությունյանը: Առողջապահության նախարարության պատասխանատուները հերքեցին, որ դեղորայք ձեռք բերելու բյուջեն այս տարի կրճատվել է: Նախարարության Առաջնային բուժսպասարկման բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը զարմացավ, որ Բյուրականի ամբուլատորիայի վարիչն ասել է, թե բյուջեն կրճատվել է: Առողջապահության պետական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը նախ խոստացավ խնդրով զբաղվել, ապա ավելացրեց, որ դեղորայք ձեռք բերելու համար 2009 թ. բյուջեն սահմանվել է 2008-ի չափով, այսինքն` ոչ նվազել է, ոչ էլ` աճել, եւ տեղին չեն Բյուրականի ամբուլատորիայի վարիչի արդարացումները: «Դեղորայքի պահանջարկը մեծ է, եւ երբեք բյուջեի միջոցները բավարար չեն լինելու: Մենք առաջարկել ենք ավելի էժան դեղեր գնենք, որոնք որակով ոչնչով չեն զիջում, որպեսզի կարողանանք ճիշտ պլանավորել: Ինչ վերաբերում է, որ Բյուրականում քաղաքացիները իրազեկ չեն, ապա առաջին իրազեկողը պետք է լինի ամբուլատորիայի վարիչը: Հեռուստատեսությամբ հաղորդումներ նույնպես ունեցել ենք»,- ասաց Ա. Տեր-Գրիգորյանը: Անդրադառնալով 30% զեղչերին` գործակալության պետն ասաց, որ եթե Բյուրական գյուղում կա դեղատուն, ապա պետք է հենց այդ դեղատան հետ պայմանագիր կնքեն, որպեսզի գյուղացիներն այնտեղից դեղերը զեղչով ձեռք բերեն: Նշենք, որ նման պայմանավորվածություն ամբուլատորիան ձեռք է բերել Աշտարակ քաղաքի դեղատներից մեկի հետ, սակայն այդպես էլ 30% զեղչից հիվանդները չեն օգտվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter