Հաղթող գեղեցկուհու հայրը ժյուրիի անդամ էր
20-ամյա Ռուզան Ապրեսյանը վերջերս է վերադարձել Չեխիայի մայրաքաղաք Պրահայից, որտեղ ներկայացնում էր Հայաստանը «Miss Europa & world junior» («Միսս Եվրոպա եւ աշխարհ ջունիոր») գեղեցկության մրցույթում: Աշխարհի 38 երկրներից ժամանած 16-23-ամյա գեղեցկուհիներից լավագույն է ճանաչվել Նիկարագուան ներկայացնող 23-ամյա Կաթհիել Դավիոնին: Մրցույթի ավարտից հետո են միայն մասնակից աղջիկներն իմացել, որ Կաթհիելի հայրը ժյուրիի կազմում է եղել:
«Դժվարանում եմ ասել` ընտրությունն արդար էր, թե ոչ: Կաթհիելը ամենափորձառու մասնակիցն էր, նա գիտեր` ինչպես քայլել, ինչպես ժպտալ, ում նայել, բնականաբար, հայրն էլ իր ազդեցությունն է ունեցել, որ իր աղջիկը հաղթի»,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց «Miss Europa & world junior» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռուզան Ապրեսյանը:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Ռուզանը առանց մրցանակի է վերադարձել Չեխիայից, սակայն դրանից առանձնապես չի տխրել եւ զրույցի ժամանակ առաջին հերթին դրական պահերն է հիշատակում. «Նախ` սա Չեխիան եւ Հունգարիան տեսնելու լավ հնարավորություն էր, բացի այդ` ես մեծ փորձառություն ձեռք բերեցի, սա արտերկրում կազմակերպված առաջին մրցույթն էր, որին ես մասնակցեցի»:
Հայազգի գեղեցկուհուն հատկապես դուր են եկել Չեխիայի եւ Հունգարիայի պատմական ամրոցները: «Սա ոչ միայն գեղեցկության մրցույթ էր, այլեւ մշակութային ծրագիր, մենք տարբեր ազգերի մշակույթների հետ շփվեցինք: Գլխավոր մրցութային օրը մենք բեմ դուրս եկանք մեր ազգային տարազներով»,- ասում է Ռուզանը: Նա գոհ է մրցույթի կազմակերպիչների վերաբերմունքից եւ իրենց անվտանգության ապահովումից: «Կազմակերպիչներն այնպես էին անում, որ որեւէ վեճ չծագի մեր մեջ: Ես շատ նորմալ շփվել եմ ադրբեջանցի եւ թուրք աղջիկների հետ: Իսկ ավելի շատ մտերմացա Լատվիայի, Ալբանիայի, Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ»,- ասաց Ռուզան Ապրեսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել