HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր են ազգի տականքները

safaryan_avagyan_6.10.09«Հայելի» ակումբում ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի և «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի միջև այսօր բուռն բանավեճ ծավալվեց` երբեմն նաև վեճի վերածվելով: Բանախոսներն անդրադարձան նախագահի համահայկական այցելությունների ընթացքում ծավալվող իրադարձություններին: ՀՀԿ-ական պատգամավոր Կ. Ավագյանի կարծիքով` բողոքի ակցիաների մեծ մասն անկեղծ չէ, քանի որ շատ շատերը տեղյակ էլ չեն արձանագրություններից: «Նրանց հասցրել են խեղաթյուրված ինֆորմացիա, թե դավաճանություն է գնում և այլն: Մարդիկ, ինֆորմացված չլինելով, բողոքի ակցիաներ են կազմակերպում»,- ասաց նա: Ի պատասխան` Ս. Սաֆարյանը նշեց, որ սխալ է, երբ ասվում է, թե ակցիայի մասնակիցները տեղյակ չեն այդ արձանագրություններից, քանի որ արձանագրություններին հետևած քննադատության առաջին հուժկու ալիքը եկել էր սփյուռքից` անմիջապես սեպտեմբերի 1-ին, և մինչև հիմա էլ դրանք չեն դադարում: «Ինձ չափազանց մտահոգեցին Սերժ Սարգսյանի ունեցած ելույթներն իր այցելությունների ընթացքում: Այս պարագայում ուղղակի անհասկանալի է, թե ինչու նման բողոքի ակցիաներից հետո պետք է շարունակաբար պնդվի Հայաստանի իշխանությունների կողմից, թե միևնույնն է` ստորագրվելու է այս ամենը: Ամենևին թող տպավորություն չստեղծվի, թե բողոքի ակցիաներն էմոցիոնալ են»,- ասաց նա: «Դուք նույն ոգևորությամբ պետք է խոսեիք, թե ինչու են մարդիկ դուրս գալիս ձեր կուսակցությունից, և կուսակցության առաջնորդը կրակն է ընկել ձեր ձեռքը: Դուք իրավունք չունեք ընդհանրապես հիմա ամպագորգոռ խոսել, երբ դեռ չեք կարողանում ավելի մանր խնդիրներ լուծել Ձեր կուսակցության ներսում»,- հակադարձեց Կարեն Ավագյանը: Լրագրողներից մեկը նկատեց, որ «Հանրապետականում» էլ են խնդիրներ եղել, Տիգրան Թորոսյանը դուրս եկավ, և մի՞թե պետք է ասել, թե «Հանրապետականն» իրավունք չուներ զբաղվել այս հարցով: Կ. Ավագյանը պատասխանեց.  «Համենայն դեպս, «Հանրապետական» կուսակցությունից ոչ մեկը մանդատի հետ խաղ չի անում: Ուղղակի, երբ մարդիկ խոսում են մեծ բաների մասին, իրենց ներսի փոքր հարցերը չլուծելով, լավ չէ»: «Դուք լուծել եք Հայաստանի ներսի փոքր խնդիրները` Մարտի 1-ի, հիմա անցել եք մեգա-ծրագրերի՞: Ինչքան էլ Ձեր աչքին կուսակցությունը պառակտված երևա, դա դեռ չի  նշանակում, որ դա համապատասխանում է իրականությանը: Այդ աղմուկը Դուք ինքներդ գիտեք, թե ինչու է բարձրացվել»,- պատասխանեց նրան Ստեփան Սաֆարյանը: Վերջինի խոսքով` չի կարելի մեղադրել Ցեղասպանության ժառանգներին, իրավահաջորդներին` այս խնդիրը էմոցիոնալ ընկալելու համար: Անդրադառնալով սփյուռքի տրամադրվածությանը` Կ. Ավագյանը նշեց, որ արդար չէ ասել, թե այնտեղ բոլորը դեմ են արձանագրություններին` այնտեղ էլ մարդիկ կան, որոնք կողմ են, կան, որ դեմ են այս փաստաթղթին: Ս. Սաֆարյանի կարծիքով էլ` այն, որ կարծիքները, քննարկումներն ամբողջությամբ եթեր չեն տրվում, նշանակում է, որ ՀՀ նախագահը լուրջ ընդդիմության է արժանացել այնտեղ, և դրանք միայն կազմակերպված բողոքի ակցիաները չեն: «Նախագահի երեկվա խոսքում նա ասաց` երկու կոմպոտ եք բերել, հիմա պահանջներ եք դնում և այլն: Շատ վտանգավոր նախանշաններ տեսա այստեղ: Սա ուղղակի անթույլատրելի է: Սա նշանակում է` մենք արդեն անցել ենք վիրավորանքների ու փոխադարձ մեղադրանքների փուլ: Այստեղ ուղղակի շատ մեծ վտանգ կա` խախտել Հայաստան-սփյուռք ներկայիս հարաբերությունների մակարդակը: Ու տվյալ պարագայում, եթե անգամ ինչ-որ մեկը երկու պահածո է նվիրել Հայոց բանակին կամ Հայաստանին, պետք է ընդամենը շնորհակալ լինել և ոչ ավելին»,- ասաց նա: Կարեն Ավագյանը, ցիտելով Նժդեհին, ասաց, որ այն մարդիկ, ովքեր փորձում են շահարկել Ցեղասպանությունը, «ազգի տականքներ» են, սակայն այդ «ազգի տականքների» անունները չտվեց: «Եթե Ցեղասպանության միջազգային ճանաչման կասեցման ռիսկերի մասին խոսողներին անվանում եք տականք, ցավում եմ դրա համար»,- ի պատասխան նկատեց Ստեփան Սաֆարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter