Բաց նամակ ՀՀ նախագահին
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ նախագահի համահայկական ուղեւորության վերաբերյալ:
Հայաստանի՝ իր հարեւանների հետ բնականոն հարաբերություններ ունենալու կողմնակից եւ այդ ուղղությամբ գործունեություն ծավալող խաղաղասիրական հասարակական կազմակերպություն ներկայացնելով, հետեւաբար՝ խորապես համոզված լինելով առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ սահմանի բացման անհրաժեշտության մեջ, մեզ համար, մեղմ ասած, փոքր-ինչ տարօրինակ եւ անհասկանալի է թվում նման այցի գաղափարը: Անտեսելով փաստը, որ Հայաստանի ներսում, Հայաստանի քաղաքացիների համար էլ դեռ մինչեւ վերջ պարզ եւ թափանցիկ չէ հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը եւ մարդկանց մոտ քիչ չեն արձանագրությունների բովանդակության եւ իմաստի հետ կապված եւ այդ արձանագրությունների ստորագրման նպատակահարմարությանը վերաբերվող հարցերը, ՀՀ նախագահը նպատակահարմար է համարել սույն հարցերի պարզաբանման համար ձեռնարկել համահայկական այս ուղեւորությունը՝ սփյուռքի մեր հայրենակիցներին հետաքրքրող հարցերին պարզաբանումներ տալու համար:
Սփյուռքահայության դիրքորոշումներն ու մոտեցումները բնավ անտեսել չփորձելով, հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը ներկայացնելուն եւ պաշտպանելուն կոչված նախագահը նախ եւ առաջ պարտավորություններ ունի իր ժողովրդի, իր երկրի քաղաքացիների առջեւ, եւ ապա նոր միայն՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի քաղաքացի հանդիսացող, ի դեմս այդ երկրների նախագահների՝ իրենց շահերի ներկայացուցիչ արդեն ունեցող հայերի առջեւ:
Կրկնվելով, որ խնդրի վերաբերյալ դեռեւս բուն Հայաստանում առկա բազմաթիվ կասկածները փարատելու եւ պարզաբանումների կարիք կա (նշենք միայն ՀՅԴ կուսակցության մինչ օրս շարունակվող նստացույց-ստորագրահավաքը եւ մի քանի այլ կուսակցությունների կողմից հնչող բազմաթիվ առարկությունները), կոչ ենք անում
1. Ապահովել գործընթացի վերաբերյալ թափանցիկությունը,
2. Անհրաժեշտ աշխատանք տանել խնդրի լուսաբանման եւ իրազեկության բարձրացման ուղղությամբ.
ինչպես եւ պետք է լիներ ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվողի համբավ ունենալու նկրտումներ ունեցող երկրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել