«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի ելույթը հոկտեմբերի 6-ի ԱԺ նիստում
Ես բազմիցս տարակուսանք եմ հայտնել տարիներ շարունակ հայաստանյան գրեթե բոլոր ԶԼՄ-ներով ցուցադրվող կամ տպագրվող Արցախի Հանրապետության քարտեզի աղավաղման կապակցությամբ:
Փաստորեն որպես ԼՂՀ-ի քարտեզ` տարածվում է միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումյանի շրջանի միասնական տարածքը պատկերող քարտեզը, ինչը հակասում է Արցախի Հանրապետության Սահմանադրության 142-րդ եւ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 2-րդ հոդվածներին:
Վերջերս «Վեստի» հեռուստածրագրին տված հարցազրույցի ժամանակ Հայաստանի գործող նախագահի կողմից հնչեցված պատասխաններից պարզ դարձավ, որ այս ամենը ոչ թե առանձին ԶԼՄ-ների սխալմունք է, այլ Հայաստանի իշխանությունների կողմից տարիներ առաջ որդեգրած եւ մինչ օրս շարունակվող քաղաքականություն, այն է` Ադրբեջանին բռնակցել Արցախի Հանրապետության օրինական տարածքները:
Հայաստանի, ինչպես նաև որևէ այլ պետության բարձրաստիճան պաշտոնյաների նման պատրաստակամությունը եւ ԼՂՀ-ի տարածքներին առնչվող որեւէ համաձայնեցված կամ ստորագրված փաստաթղթերը միջազգայն իրավունքի տեսանկյունիցետից առոչինչ են` այսինքն չունեն եւ չեն էլ կարող ունենալ որևէ իրավական հետևանք Արցախի եւ արցախահայության համար:
Միաժամանակ իշխանությունների կողմից որդեգրած նման քաղաքականությունը իր մեջ պարունակում է բազմաթիվ վտանգներ` խաթարելով տարածաշրջանում կայունությունը եւ Հայաստանի անվտանգությունն ու ապագան:
Կոչ եմ անում ՀՀ գործող նախագահին եւ իրեն սատարող քաղաքական ուժերին`
1. Վերջ դնել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ արցախահայության ինքնորոշման իրավունքի ոտնահարմանը:
2. Խստորեն պահպանել միջազգային իրավունքի նորմերը Արցախի` որպես երկրորդ հայկական պետության եւ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի նկատմամբ:
3. Հիմք ընդունելով ԼՂՀ-ի կայացման օրինականությունը, եւ համաձայն ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքի` ԼՂՀ-ի` որպես միջազգային իրավունքի սուբյեկտի հետ հաստատել երկկողմանի միջպետական պայմանագրային հարաբերություններ :
4. ճանաչել ԼՂՀ-ն եւ օժանդակել նրա` միջազգային ճանաչմանը:
Միաժամանակ նման քայլերը հայ-թուրքական, ինչպես նաեւ` հարեւան մյուս պետությունների հետ հարաբերությունների զարգացման ընթացքում ի սպառ կբացառեն Արցախի տարածքային ամբողջականության, ժողովրդի անվտանգության եւ Հայաստանի հետ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի նկատմամբ որեւէ պետության կողմից նկրտումները:
Արցախի իշխանություններին ու ժողովրդին կրկին կոչ ենք անում. «Անսասան կանգնեք եւ պաշտպանեք ազգային - ազատագրական պայքարով ձեռք բերած Ձեր նվաճումները` քաջ գիտակցելով, որ Ձեզ սատարում է համայն հայությունը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել