HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հոյակապ ենք ապրում. թզբեհ գցելով յոլա ենք գնում»

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում պատերի տակ հավաքված տղամարդկանցից փորձեցի հետաքրքրվել, թե ինչու են պարապ նստել եւ ինչպես են ապրում: Հարցս ծիծաղ առաջացրեց նրանց մոտ, քանի որ ճամբարակցիների հիմնական զբաղմունքը պարապությունն է:  «Հոյակապ ենք ապրում, թզբեհ գցելով յոլա ենք գնում: Դժգոհ չենք: Եթե պարապ-սարապ ման ենք գալի, էլ ինչի՞ց դժգոհ ըլնենք: Աշխատանք չկա, որ զբաղվենք, գլուխներս պահենք: Ջահելներն էլ մեզ նման թզբեհ քաշելով ման են գալի: Ես հլա թոշակ ստանում եմ, երիտասարդներն էդ էլ չեն ստանում»,-իր պարապությունն այսպես բացատրեց ճամբարակցի Խաչիկ Սահակյանը: Նրա ասելով` ավելի վատ պայմաններում են հայտնվել երիտասարդները եւ առաջին հերթին պետք է նրանց օգնության ձեռք մեկնել, քանի որ այդ տարիքում պետք է նախաձեռնող լինել, գործեր ձեռնարկել, սակայն հնարավորություն չունենալով` վերջիններս պատերի տակ «թրեւ են գալիս»: «Դե, ջահելներն էլ այս ու այն կողմից մի բան են թռցնում, ընկերության միջոցով մի բան են ձեռնարկում, յոլա են գնում, էլի: Սրա-նրա մոտ աշխատում են, մի 2 կոպեկ բերում ` հաց ու պանիր առնում, ուտում, քնում, էլ ո՞նց պիտի ըլնի նրանց հալը: Այ, ըսենց լավ ապրում ենք»,- ավելացրեց Խաչիկը: 07_10-ChambarakԵթե Խաչիկն աշխատունակ է, սակայն պարապ է մնացել եւ աշխատանք չունի, ապա հաշմանդամության սայլակին գամված Վարդան Քեշիշյանն ընդհանրապես չգիտի, թե ինչով լցնի օրը: «Էսօրվա պահով ի՞նչ իրավունքի, ի՞նչ ապրելակերպի մասին եք հարցնում` մի կերպ գոյատեւում ենք, ուրիշ էլ ի՞նչ կա: Պետության կողմից ոչ մի աջակցություն չենք ստանում: Թոշակ ու նպաստ ենք ստանում, էն էլ շատ խղճուկ գումար ա, դրանով ո՞վ կարա ապրի: 11 հազար դրամ թոշակ եմ ստանում, 17 հազար էլ` նպաստ»,- ասաց Վարդանը; Հաշմանդամ են նաեւ նրա կինն ու որդին ու նրանցից ոչ մեկն աշխատանք չունի: «Իրանք էլ են թոշակ ստանում, բայց էլի չնչին գումար ա, չենք էլ կարում ապրենք»,- հավելեց Վարդանը: Վարսենիկ Դանիելյանն ուսուցչուհի է եւ նրան ավելի շատ հետաքրքրում ու մտահոգում էր քաղաքի ընդհանուր առօրյան: Նրա ասելով` Ճամբարակում ապրելը շատ դժվար է, քանի որ աշխատատեղեր չկան: «Շատ լավ երախաներ ունենք, բայց չեն կարողանում բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել: Ճամբարակն արդեն դատարկվում է, իսկ գյուղերի մասին` էլ խոսք չկա: Երիտասարդությունն աշխատանք չունի. բոլորը պարապ են, ով էլ հնարավորություն ունի, Ճամբարակից հեռանում է: Հնարավորություն ունեցողն առանց վարանելու հեռանում է, որովհեեւ այստեղ ո’չ ապագա կա, ո’չ էլ մի պայծառ լույս ենք տեսնում»,- ասաց ուսուցչուհին: Նրա ասելով` առաջին սահմանապահները տեղի բնակիչներն են, բայց քաղաքը դատարկվում է: «Դրա մասին մենք չպետք է մտածենք: Պիտի մտածեն նրանք, ովքեր կոչված են դրա համար: Մի՞թե պաշտոնյաները չեն տեսնում, որ Ճամբարակը դատարկվում է: Ասենք, ինչ պաշտոնիա է գալիս մեր շրջան, որ մի հատ էլ տեսնեն: Ընտրությունից ընտրություն ենք նրանց տեսնում»,- ասաց Վարսենիկ Դանիելյանը: 07_10-Chambarak1Նշենք, որ Ճամբարակում ժամանցի կենտրոններ չկան: Քաղաքում յուրաքանչյուրն ինքն է իր համար զբաղմունքի միջոց գտնում: Չկան նաեւ հետաքրքրություն առաջացնող վայրեր: Փողոցներն ամայի են ու ցեխով պատված: Գրեթե ամեն մի փողոցով մի առվակ էր հոսում, քանի որ ասֆալտը վաղուց քայքայվել է, իսկ կոյուղաջրերը հոսում են փողոցներով; Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավդալյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ սահմանամերձ քաղաքում խնդիրները շատ-շատ են ու իրենք չեն կարող տեղական բյուջեով խնդիրներին լուծում տալ: 07_10-Y-Avalyan«Եթե մենք խոսում ենք տարածքային համաչափ զարգացման մասին, առաջին հերթին պետք է նկատի ունենանք, որ դա պետք է պետության վերահսկողության ներքո լինի: Սահմանամերձ, լեռնային շրջանում ապրելու համար ոչ միայն երիտասարդության խնդիրները պետք է լուծվեն, այլ ընդհանրապես` այստեղի բնակիչը պետք է իրեն լիարժեք մարդ համարի ապրելու համար: Քանի որ մեր համայնքային բյուջեով հնարավոր չէ գլոբալ խնդիրներ լուծել, դրա համար կառավարությունը պետք է մտածի ու ծրագրեր մշակի սահմանամերձ, լեռնային տարածքներում պռոբլեմային խնդիրները լուծելու համար, որպեսզի բնակչությունը կարողանա տեղում մնալ»,- նշեց Յուրա Ավդալյանը: Քաղաքապետի ասելով` Ճամբարակում որեւէ գործարան կամ աշխատատեղ չկա: Երիտասարդությունը աշխատանք չգտնելով ստիպված զբաղվում է անասնապահությամբ, որն, ըստ համայնքապետի, եկամտաբեր չէ: Թե ճամբարակցիների համար, երբ կբացվի «բարի դուռը», ոչ ոք չգիտի, ու հույս էլ չունեն, որ մի օր իրենց համար «դուռ» կբացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter