Տիգրան Սարգսյան. «Մեզ մտահոգում են Հայաստանում առկա մենաշնորհային երեւույթները»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երեւանում կազմակերպված ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստին։
Խոսելով հայաստանում առակա մենաշնորհային երևույթներից` վարչապետը նշել է, թե պատճառներն ստվերային տնտեսությունն ու միջազգային շուկաներ դուրս գալու սահմանափակ ուղիներ են:
«Քանի որ միայն Վրաստանի եւ Իրանի տարածքով արտահնումն ու ներկրումը թանկ է արժենում, փոքր եւ միջին բիզնեսը չի կարողանում դա իրեն թույլ տալ, եւ դաշտը մնում է միայն խոշոր խաղացողներին։ Ներքին մրցակցությանը խոչընդոտում է նաեւ տարածաշրջանում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը»,- կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` ասել է Տ. Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ ճգնաժամը լուրջ խթաններ է հաղորդում հակամենաշնորհային քաղաքականությանը եւ նպաստում հավակնոտ ծրագրերի իրականացմանը։ Ըստ նրա` կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, որոնք բարձր են գնահատվել միջազգային փորձագետների կողմից, նպատակ ունեն դիվերսիֆիկացնել տնտեսությունը, աջակցել փոքր ու միջին ձեռնարկություններին, մասնավորապես` նրանց համար մատչելի դարձնելով վարկային միջոցները։
Վարչապետը նշել է նաեւ, որ չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի տնտեսությունն անկում է ապրել, սակայն դա չի վնասել երկրի մրցունակությանը։
Խորհրդի նիստին մասնակցել են ԱՊՀ հակամենաշնորհային մարմինների ղեկավարներ ու ներկայացուցիչներ Բելառուսիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Տաջիկստանից, Ուկրաինայից, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ չհանդիսացող մի շարք երկրների հակամենաշնորհային մարմինների եւ մրցունակության հարցերով զբաղվող այլ կառույցներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել