14 պայմանագիր` կնքված 12 շինկազմակերպության և ԾԻԳ-ի միջև
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ այսօր կառավարությունում «Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների» ԾԻԳ-ի եւ 12 շինարարական կազմակերպությունների միջեւ ստորագրվել է «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» իրականացման 14 պայմանագիր:
ՏԿՆ մամլո ծառայության փոխանցմամբ` շինարարական կազմակերպություններն ընտրվել են մրցութային կարգով: 36,33 մլն դոլար ընդհանուր արժեքով «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» հիմնական նպատակն է բարելավել ոռոգման համակարգերը, գյուղական շրջաններում խթանել բնակչության զբաղվածությունը: Ծրագիրը կիրականացվի Համաշխարհային բանկի վարկով եւ ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով:
Արմեն Գեւորգյանը ընդգծել է, որ ծրագրի կարեւորությունը` ոռոգման համակարգերի զարգացման եւ հակաճգնաժամային նշանակության առումով, հաշվի առնելով, որ ծրագրի ընթացքում ստեղծվելու են նոր աշխատատեղեր` 120-130 հազար դրամ աշխատավարձով:
Առաջին բաղադրիչով կվերակառուցվեն Թալինի եւ Արմավիրի ոռոգման համակարգերի գլխավոր ջրանցքները: Երկրորդով կշարունակվեն ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումները, մասնավորապես` կկատարվի ջրօգտագործող ընկերությունների կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ ամրապնդում, կիրականացվի տնտեսական եւ ֆինանսական աուդիտ, շինարարության տեխնիկական հսկողություն: Ծրագիրն ունի նաեւ մեքենա- մեխանիզմների ձեռքբերման բաղադրիչ:
Փոխվարչապետը շինարարական կազմակերպություններին հորդորել է աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետում, ամենայն պատասխանատվությամբ եւ պարկեշտությամբ մոտենալ որակին: Արմեն Գեւորգյանը կարեւորել է շինարարական աշխատանքների ճիշտ կազմակերպման հարցը, որպեսզի դրանք ոռոգման շրջանում ջրամատակարարման խափանման պատճառ չդառնան: Տեխնիկական խոչընդոտների դեպքում պատրաստակամություն է հայտնել աջակցել շինարարական ընկերություններին:
Ըստ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի` ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը` նվազեցնել ոռոգման համակարգերի կորուստները եւ աշխատատեղեր ստեղծել: Նա նույնպես կարեւորել է աշխատանքների որակը, ընդգծելով, որ դա ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Համաշխարհային բանկի նպատակներից մեկն է: Ա. Վարուդակիսը տեղեկացրել է, որ աշխատանքներին ծանոթանալու նպատակով կազմակերպությունն առաջիկա ամիսներին կայցելի շինհրապարակներ:
Ծրագիրը կավարտվի 2011թ. հունիսի 30-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել