Աֆղանական պատերազմի վետերանները` Հայաստանում
Այսօր ԱՊՀ անդամ պետությունների Աֆղանստանի պատերազմի վետերանների համակարգող խորհրդի անդամները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրել 1979-1989 թթ. աֆղանական և Հայրենական մեծ պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
Այնուհետև ՊՆ վարչական համալիրում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների Աֆղանստանի պատերազմի վետերանների համակարգող խորհրդի նիստը` նվիրված Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 20-րդ տարեդարձին:
«Մենք չենք կարող մոռանալ այդ ահավոր և դաժան պատերազմի մասնակիցների ցուցաբերած հերոսությունն ու անձնազոհությունը, ինչի վկայությունն է այս հանդիպումը»,- ՊՆ լրատվության վարչության հաղորդմամբ` ասել է Ս. Օհանյանը:
Խորհրդի նիստը ղեկավարող Աֆղանստանի պատերազմի վետերանների համակարգող կոմիտեի նախագահ Ռուսլան Աուշևը խորհրդի անդամների անունից պաշտպանության նախարարին հանձնել է խորհրդանշական հուշանվեր:
Սեյրան Օհանյանը «Մարշալ Բաղրամյան» և «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալներով է պարգևատրել խորհրդի նիստի մասնակից մի շարք վետերանների` համոզմունք հայտնելով, որ խորհրդի անդամների երևանյան այցը և դրա շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն առավել կամրապնդեն տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել