HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Թե ինչպես է պայթում «ազգային միասնության» մեծ փուչիկը

Այլեւս պարզորոշ ուրվագծվում է, որ համահայկական շրջագայությունից Սերժ Սարգսյանի Երեւան վերադառնալուց հետո, ողջ հայությունը իրեն գտնելու է բոլորովին նոր, բայց նաեւ խիստ վտանգավոր զարգացումներով հղի իրականության մեջ: Ըստ էության, այցելության ողջ ընթացքն ուղեկցվեց բողոքի հզոր, աննախադեպ ծավալներ ընդգրկած ակցիաներով: Դրանք ավելի ազդեցիկ էին, քան սփյուռքահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նախագահի հանդիպումները եւ դրանց ընթացքում անընդհատ կրկնվող անհամոզիչ հայտարարությունները: Անզեն աչքի համար անգամ պարզ ու հասկանալի է, որ Հայաստանի որդեգրած նախաձեռնողական քաղաքականության դեմ է ծառանում ոչ միայն ներքին ընդդիմությունը, այլեւ սփյուռքահայության մի ստվար հատված: Երեք ավանդական կուսակցությունների՝ Արեւմտյան Ամերիկայի մարմինների տարածած համատեղ հայտարարությունը պարզաբանում է, որ սփյուռքի նման ագրեսիվ վարքագիծը պայմանավորված է արձանագրությունների նախաստորագրման համար Սփյուռքի կարծիքը հաշվի չառնելու եւ ողջ հայությանն ուղղակի փաստի առաջ կանգնեցնելու հանգամանքով: Եվ այս շրջագայությունը համարում են ուշացած եւ անիմաստ: Նախագահականի տակտիկական այս «վրիպակի» առաջին եւ, թերեւս, ամենալուրջ հետեւանքն աստիճանաբար դառնում է սփյուռքի մի հոծ հատվածի գրեթե կատարյալ վստահության բացակայությունը նախագահի եւ նրա թիմի նկատմամբ: Սփյուռքի նման վերաբերմունքը բավականին մեծ պահանջարկ է ձեռք բերում Հայաստանում եւ աստիճանաբար նոր քաղաքական օրակարգ ձեւավորում` բացարձակապես նոր երանգավորմամբ: Նախագահի համահայկական շրջագայության նախօրյակին ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը ոչ այլ ինչ էր, քան սփյուռքահայության պահանջների ու հետաքրքրությունների բյուրեղացում: Խորհրդարանական երկու ընդդիմադիր համարվող կուսակցությունները պահանջում էին երկու արձանագրություններից հանել բոլոր այն կետերը, որոնք վերաբերում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ««ընդհանուր սահմանի» փոխադարձ ճանաչմանը եւ պատմական փաստաթղթերի եւ արխիվների ուսումնասիրության նպատակով միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծմանը»: Դրանով նրանք ստանձնեցին համահայկական դժգոհության ալիքը հունավորելու եւ առաջնորդելու գործառույթը, որը հանգեցնում է բոլորովին նոր քաղաքական բեւեռի ստեղծման: Այս երեքշաբթի ՀՅԴ նախաձեռնությամբ 12 կուսակցություններ համատեղ հայտարարություն հրապարակեցին: Հիմնավորելով արձանագրությունները չստորագրելու իրենց դիրքորոշումը՝ նրանք պահանջում են «չստորագրել հրապարակված արձանագրություններն այս տեսքով եւ իրականացնել վտանգները չեզոքացնող փոփոխություններ»: 12 կուսակցությունների այս համագործակցությունն, իհարկե, զուտ հանգրվանային պետք է համարել: Նախ՝ միավորումը տեղի է ունենում կոնկրետ մեկ խնդրի շրջանակներում՝ առանց գաղափարական ընդհանուր պլատֆորմի, ապա` բուն գործակցող ուժերի միջեւ առկա է փոխադարձ խորը անվստահություն: Բացի նրանից, որ այս նախաձեռնությունը լուրջ ցատկահարթակ է դառնում ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համար՝ իրենց դիրքերն ընդդիմադիր դաշտում վերահաստատելու եւ նոր դիվիդենտներ ձեռք բերելու համար, այն նաեւ լուսանցքից դուրս է թողնում արմատական ընդդիմության թեւին՝ Հայ ազգային կոնգրեսին: ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի ընթացքում հայտարարեց, թե ասպարեզը թողնում է այլ ուժերի: Այդպիսով նա Կոնգրեսին դատապարտեց վերածվելու հանդիսատեսի: Հայ-թուրքական հաշտեցման գործընթացի նկատմամբ ՀԱԿ-ի կողմից ցուցաբերվող «կողմ լինելով՝ դեմ ենք» դիրքորոշումը հնարավորություն է տալիս «ազգայիններին» նոր, ՀԱԿ-ի համար անվերահսկելի, ընդդիմադիր դաշտ ստեղծել եւ օրակարգից դուրս թողնել ներքին հասարակական-քաղաքական խնդիրները: Այսինքն` ստեղծվում է մի նոր ընդդիմություն, որը, չամբողջացնելով ներքին եւ արտաքին մարտահրավերները եւ ընտրողական մոտեցում ցուցաբերելով հասարակությանը մտահոգող հիմնահարցերի նկատմամբ, հավակնում է վերաձեւել քաղաքական դաշտը, որում սկսում է ուժեղ աղդեցություն ունենալ Սփյուռքը: Փաստացի ստեղծվում է մի այնպիսի իրավիճակ, երբ ներքաղաքական վերաձեւումները տեղի են ունենում ներազգային պառակտումների, օտարացման հենքի վրա: Եթե մինչեւ հիմա օտարացումը Սփյուռքի լուռ հայացքի ներքո տեղի էր ունենում Հայաստանի իշխանություն-հասարակության մի ստվար հատված հարաբերությունների շրջանակներում, ապա հիմա այն սկսում է ընդգրկել նաեւ սփյուռքը եւ ընդունում է համահայկական մասշտաբներ: Այդ հարաբերությունների առանցքը կազմում են մի կողմից սփյուռքի լինելիության գործոնն ուղղակի շոշափող ազգային հիմնախնդիրները, մյուս կողմից` իրենց քաղաքական հենարանը չկորցնելու` ՀՀ իշխանության ձգտումներն ու մտավախությունները: Եվ այս փոխբացառող եզրերը կարող են նաեւ հանգեցնել փոխադարձ անհանդուրժողականության խորացման: Այն դեպքում, երբ Փարիզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե ոչ մի կերպ չի կարելի հայության տարբեր հատվածների միջեւ պառակտում թույլ տալ, նրա կուսակից, ՀՀԿ փոխնախագահ ալուստ Սահակյանը, նույն կուսակցության անդամ Կարեն Ավագյանը հայտարարում են, թե Ցեղասպանության ճանաչման հարցը շահարկողները ազգի տականքներ են: Սա, մեղմ ասած, չափազանց վտանգավոր մտայնություն է, որը խորանալու արդեն իսկ նկատելի միտումներ է դրսեւորում: «…Եթե այդ մարդը կարող է սփյուռքի հազարավոր մարդկանց այդպես անվանել, ապա նա թուրքաբարո մարդ է»,- արձագանքելով գալուստսահակյանական հերթական «գլուխգործոցին»՝ հայտարարել է Ստոկհոլմի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, Ձախ կուսակցության ներկայացուցիչ Արամայիս Միրզախանյանը: Ոչ մի կերպ չէր կարելի չնկատել, որ Փարիզի, Լոս Անջելեսի ցուցարարների պաստառների մակագրություններում նախագահ Սարգսյանը մեղադրվում էր  ազգային դավաճանության մեջ: Հերթական անգամ, այս դեպքում արդեն ազգովի, հայտնվում ենք միմյանց մեջ դավաճաններ, տականքներ, թուրքեր փնտրելու անհույս տեղապտույտի մեջ, որը բացարձակապես որեւէ լուսավոր կետի չի կարող բերել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter