HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ թուրքական բանակցությունները ամեն դեպքում անկյունադարձ կլինեն

Սեւակ Արծրունի Հայ-Թուրքական արձանագրությունների շուրջ ընթացող «բանավեճ»երի ֆոնի վրա, եկել է արդեն արտայայտվող «տեսակետ»ները անկեղծության եւ պարկեշտության փորձաքարին զարնելու ժամանակը: Արձանագրություններին կոմնակից «wishfull thinking»ի ծառաները եւ նրանց դիմաց կանգնած «ազգայնական արժեքներ»ի ախոյաններն «ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի» իրար են ամբաստանում եւ նույնիսկ մերթ սպառնում համատարած աղմուկի մթնոլորտում: Սակայն այս «բազում աղմուկ վասն ոչինչի»-ն դժվար թե կարելի լինի կոչել բանավեճ: Սա, մակերեսային եւ անհանդուրժող, ոչ-կառուցողական մի անմիջուկ «Հո՞-երթաս» է, որտեղ անկեղծ խոսքն ու քաղաքական զուսպ կողմնորոշումները զիջում են լոզունգներին, անձնական եւ թայֆայական հազիվ թաքնված մանրահաշիվներին, անհանդուրժողական եւ ինքնասիրահարված մեկերի անկանոն ջղապրկումներին, կարճատես ու պատեհապաշտ մյուսների ցինիզմին: Այս բոլորը գալիս են խառնվելու մեր սերունդների եւ ազգային սրբությունների ճակատագիրը վճռող իրական խնդիրներին: Այս ամենի մեջ, անկեղծը` կեղծավորից, նպատակը` կարծրատիպից, ազգայինը` պատեհապաշտից, թույնի սրսկումը` պարկեշտ տագնապից զանազանելու միակ միջոցը, նախ ազգային առաջնահերթությունների սահմանումն է: Իրականության մեջ, մենք ունենք երկու հիմնախնդիր, ազգային երկու անշրջանցելի առաքելություն` պատմական Հայաստանի սահմանների վրա ստեղծված Հայկական պետականության կայացման ու հզորացման խնդիրը եւ պատմական Հայաստանի սահմանների վրա հայ ազգի գոյության ապահովման խնդիրները: Մենք այլ խնդիրներ չունենք եւ չենք կարող ունենալ: Սրանք միայն կարող են լինել մեր նպատակները, սա կարող է միայն լինել մեր ռազմավարությունը: Մնացյալներն այս նպատակներին հասնելու միջոցներ են, եւ ուրեմն` մարտավարական խնդիրներ են: Իսկ նպատակը չենք կարող զոհել միջոցին: Պայքարի միջոցը ազգային նպատակին գերադասելով, մենք, գիտակցաբար թե անգիտակցաբար թուլացնում ենք ազգային ծառի բունը: Որպես խոսուն օրինակ, այստեղ ներկայացնենք երեւույթներ, որոնք արհեստականորեն գերագնահատվում են, եւ լինելով ընդամենը մարտավարական միջոցներ, հաճախ գերադասվում են ազգային իրական նպատակներին: Դրանցից են. 1.    Ազգայնական կարծրատիպերը, որոնք կոչում ունեն թաքցնելու ավանդական որոշ կուսակցությունների ինքնանպատակ լինելու փաստը: Ընդ որում, վերջին «բանավեճերի» ժամանակ, նույն կարծրատիպերը հաճախ օգտագործվեցին  միաժամանակ երկու ճամբարների կողմից: 2.    Ցեղասպանության ճանաչման համար պայքարը: Մեկ ու կես միլիոն հայի հեղված արյունը մեր հիշողության պարտքն է, բայց նաեւ Հայաստանակործան Թուրքիայի քաղաքական ծրագրի զսպման կարեւորագույն միջոց է ու չի կարող գերադասվել ազգի շարունակականության եւ ազգային պետականության գերխնդիրներին: 3.    Թուրքատյացությունը կամ արեւմտապաշտությունն ու ռուսապաշտությունը եւս միջոցներ են: Որպես գաղափարախոսություն- նպատակ կարող է ծառայել միայն հայակենտրոնությունը: Պատմական Հայաստանի ամբողջականության խնդիրը ազգային գերխնդիր է: Որպես ազգայնական, մենք եւս դա այդպես ենք համարում, որովհետեւ դա' է ի վերջո վերեւում նշված ազգային նպատակների գերագույն ամփոփումը: Այս նպատակը դրժելը, ավելին` ամենօրյա աշխատանքով դրան չծառայելը, մենք համարել ենք, ու կշարունակենք համարել ապազգային մեղք: Բայց, ամեն սերունդ իր խնդիրը պետք է իրապաշտորեն սահմանի եւ անկաշկանդ իրականացնի: Խորհրդային կարքերի փլուզումից հետո, մեր սերունդը,  պատմական դառը ժառանգություն ստանձնած լինելով, ստանձնեց խնդիրներ եւ դրանց լուծմանն ուղղված ծրագրեր: Ամենաառավելապաշտական ազգային ծրագիրը այս հիսնամյակում (1985 – 2035թթ.) բյուրեղանում է հետեւյալ խնդիրների շուրջ. 1. Հայաստանի Հանրապետության կայացում: 2. Պատմական Հայաստանի Արցախյան հատվածում ապրող հայության ամրացում պապենական հողերում` հայկական անկախ պետության կայացման տեսքով եւ Հայաստանի Հանրապետության հետ միացման հեռանկարով: 3. Պատմական Հայաստանի Ջավախքյան հատվածում ապրող հայության ամրացում իրենց պապենական հողերում, ազգային ինքնության եւ ինքնորոշման անզիջելի եւ անզոհելի ազգային հրամայականների պահպանումով: 4. Ազատագրված` ռազմավարական նշանակության տարածքների բնակեցում եւ ինտեգրում: 5. Պատմական Հայաստանի մյուս հատվածներում մնացած հայության եւ պատմական հուշակոթողների պահպանության եւ պահանջատիրության հարատեւման ապահովում: 6. Միացյալ Հայաստանի առաքելության գիտակցության փոխանցումը հայրենաբնակ եւ սփյուռքյան հաջորդ սերունդին, եւ այդ սերունդի համար ավելի  բարենպաստ պայմանների ստեղծում` իրենց ժամանակ արդեն, ավելի բարձր նպատակների հետապնդումը հնարավոր դարձնելու համար: 1980-ականների երկրորդ կեսին, այսպիսի ազգային հիսնամյա ծրագրի հռչակումը «ամենաազգայնական»՝ Հայաստանի անկախացման ծրագրին նվիրված քաղաքական ուժերի համար նույնիսկ, կարող էր համարվել, արկածախնդիր, երազային, եւ այլն: Փաստորեն այս վեց ծրագրային ուղղությունները, ավելի քան երկու տասնամյակ հետո իրապաշտորեն կարող ենք համարել իրականանալի եւ մասամբ նաեւ իրականացած: Ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը: Ազատագրական պատերազմի արդյունքում ստեղծվել է նաեւ Արցախի Հանրապետությունը: Երկու պետությունները ստեղծել են իրենց մարտունակ բանակները: Կազմավորվել են պետական մարմինները: Զինվորական հաջողություններին չեն հաջորդել միջազգային պատժամիջոցներ կամ քաղաքական մեկուսացում: Աշխարհաքաղաքական հորձանուտում մեկուսացված ջավախքահայությունը, ծանր իրավիճակում հայտնվելով հանդերձ, շարունակում է կառչած մնալ հայրենի հողին եւ կարողանում է լսելի դարձնել վրացական իշխանությունների խտրական քաղաքականության դեմ բարձրացվող իր բողոքի ձայնը: Այսպիսով, հայ ժողովուրդին հաջողվել է, մեծագույն զոհողությունների գնով լողալ ազգային ճակատագրի հոսանքին հակարակ, արձանագրել անշրջանցելի հաջողություններ եւ շրջել պատմական դեպքերի կանխորոշված ընթացքը: Սակայն, եւ, բնականաբար, ամեն ինչ բարեհաջող չի ընթանում եւ կան մեծագույն բացթողումներ: Այս բացթողումները դատապարտված են աններելի եւ անդառնալի ձախողությունների վերածվել, եթե հիսնամյակի մնացած ժամանակահատվածում դրանք չսրբագրվեն: Անկախ պետականության կայացման գործում, մեծագույն եւ ամենավտանգավոր խնդիրը Հայաստանի պետության եւ հասարակության մի կարեւոր հատվածի կոռումպացվածությունն է: Ոչ միայն պետական այլ նաեւ ազգային ճակատը կառավարող վարչամեքենաներն ընդհանրապես զուրկ են անշահախնդիր ծառայության գիտակցությունից եւ անխղճորեն թուլացնում են պետական եւ ազգային վարչամեքենան իրենց նեղանձնական ագահությանը հագուրդ տալու համար: Հայասատանում կազմավորված է պետություն, բանակ, հասարակական դաշտ, բայց տիրում է միջոցների յուրացում եւ մսխում, որն ամեն օր քիչ ավելի է թուլացնում երկիրը: Սա հատուկ չե միայն երեկվա եւ այսօրվա իշխող շրջանակներին, այլ տարածված է բոլոր քաղաքական շրջանակներում` ազգայնական կամ ապազգային, ընդիմադիր, թե իշխանամետ կուսակցությունների շրջանում եւ հասարակական ու տնտեսական մնացած սեկտորներում: Արցախահայության դատի շուրջ, ազգային մեծագույն բացթողումը ազատագրված տարածքների բնակեցման եւ ինտեգրման գործում է արձանագրվել: Արցախահայության գոյությունն ապահովող ռազմավարական տարածքներն արդեն ճշտված են, ու դրանք նույնիսկ ենթակա չլինելով բանակցությունների եւ հետ տրման, եթե չբնակեցվեն, դատապարտված են կորուստի: Ջավախքում եւս ազգային գործիչների կարեւորագույն հատվածը կոռումպացված է, եւ հակված` մասնավոր շահերի հաշվին զոհել ազգային ընդհանուր շահը: Ջավախքի պայքարի շուրջ Հայաստանյան եւ սփյուռքյան պետական եւ քաղաքական այլ կառույցները ծայրաստիճան ծույլ են, ապաշնորհ եւ անտարբեր: Պատմական Հայաստանի Թուրքական հատվածում մնացած հայության եւ պատմական հուշակոթողների պահպանութեան եւ պահանջատիրության հարատեվման ապահովման առումով գրեթե ոչինչ չի արվում, ո'չ Հայրենիքում եւ ո'չ սփյուռքում: Այո, լայնածավալ պայքար է տարվում, ինչպես սփյուռքում, նույնպես` Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Բայց դա, դժբախտաբար մի հարաբերական փոքր հատվածն է այն պայքարի, որը մեր սերունդը պարտավոր էր, եւ է, տանել Թուրքիայի ուղղությամբ: Թուրքական ուղղությամբ տարվող պայքարն առաջնորդող  սփյուռքյան կազմակերպությունները, որոնք կոչված էին ուղղակի ժառանգորդը լինել այս ավանդի, պահանջատիրական նկրտումների միջոցներն ու եղանակը վերատեսության ենթարկելու փոխարեն, փաստորեն մի օրում իրական պայքարը կասեցրեցին ու մտան Հայաստանի ներքաղաքական սպեկուլատիվ դաշտ, որպես աչքի փոշի մատուցելով ցեղասպանության ճանաչման համար տարվող գործընթացը, որն այսպես կամ այնպես կշարունակվեր ու կշարունակվի սփյուռքում: Փաստորեն այս կարճատես եւ անպարկեշտ վերաբերմունքի որպես ուղղակի արդյունք, «Հայ դատ» հասկացողության մեջ, Միացյալ Հայաստանի հեռանկարը փոխարինվեց ցեղասպանության ճանաչման համար տարվող լոբբիստական պայքարով: Փաստորեն, անվարան կարելի է այստեղ հաստատել, 1990-ականների կեսերից հետո, հայկական ազգային ճակատը լքել է հակաթուրք բուն պայքարը, եւ ապահովում է միայն դրա ցուցադրական մասը: Իսկ այստեղ մենք ամեն օր, ամեն վայրկյան, հայկական քաղաքակրթության հիմնական եւ անդառնալի կորուստներն ենք կրում: Կրկնում եմ` ամեն օր եւ ամեն վարկյան…: Բոլոր վեց ուղղություններից ամենագլխավոր կորուստը սակայն կրում ենք Միացյալ Հայաստանի ազգային առաքելության գիտակցության հաջորդ սերունդին փոխանցելու գործում: Այս իմաստով երկար քննարկումների կարիք չկա: Փաստորեն Հայաստանից, Արցախից եւ Ջավախքից, ինչպէս նաեւ Պատմական Հայաստանից վերջին քսանհինգ տարիներին մեկնել է ընդհանուր հայ բնակչության ավելի քան մեկ երրորդը: Սփյուռքում եւ Հայաստանում հայապահպանության եւ հայրենադարձության գրեթե բոլոր ծրագրերը անհեռանկարային, ձեւական եւ դեկլարաթիվ բնույթ են կրում, կամ էլ` չեն իրականանում դրանցում առկա կոռուպցիոն երեւույթների պատճառով: Սփյուռքը, մանավանդ նոր, բայց նաեւ ավանդական սփյուռքը, արագ տեմպերով ձուլվում է, իսկ Հայրենի ազգային դպրոցը, ապազգային է, չի գիտակցում իր ազգային առաքելությունը եւ դժբախտաբար նույնպես կոռումպացված է: Հայ թուրքական հարաբերությունների անկյունադարձը Այժմ անդրադառնանք հայ-թուրքական հարաբերությունների «ջերմացման» բուն գործընթացին: Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է «զարգացնել» իր պաշտոնական հարաբերությունները Թուրքիայի հետ, բացել հայ-թուրքական սահմանը` չզիջելով Արցախը: Մենք կասկածից դուրս համարելով, որ Թուրքիան փորցել է եւ դերեւս չի հրաժարվել հնարավոր բոլոր միջոցներով հայ-թուրքական մերձեցման ալիքի վրա ի շահ Ադրբեջանին լուծել Արցախի հիմնախնդիրը, այնուամենայնիվ, համոզված ենք, որ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի պետության ղեկավարները Արցախյան պատերազմում հաղթանակի մասնակից գործիչներ են, Արցախի անկախության եւ տարածքային ամբողջականության խնդիրը զոհ չի գնա Հայաստանում եւ նրա շուրջ զարգացող եւ ո'չ մի ծրագրի: Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման եւ սահմանի բացման ծրագրերին արձանագրություններին ընդդիմադիր ճակատը հիմնականում չի առարկում: Խնդիր է հարուցվում միայն նախապայմանների առնչությամբ: Փաստորեն թեժ հակազդեցություն է ստեղծվել թուրք-հայկական սահմանի եւ ցեղասպանության փաստի ճանաչման շուրջ: Մենք, կարեւորելով հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական-ժողովրդագրական հետեւանքները, մեր կարծիքն ու տեսակետը կհայտնենք նաեւ այս ուղղությամբ: Մեր կողմնորոշումն ու տեսակետը ոչ-հեղհեղուկ այլ սկզբունքային` այսինքն պարզ ու հստակ դարձնելու համար, խնդիրները փորձենք ներկայացնել մեկ առ մեկ եւ հնարավորինս սպառիչ կերպով. 1.    Հայ-թուրքական հարաբերությունները եւ հայ-թուրքական սահմանների ճանաչման խնդիրը Թուրքիայում հասարակական դաշտը հայկական հարցի նկատմամբ զարգացող շարժման մէջ է, եւ այս ուղղությամբ անկասկած դրական տեղաշարժ կա: Թուրք առաջադիմական մտավորականությունը հասկանում է, որ թուրքական ազգային նկարագրի ձեւավորման գործում հայոց ցեղասպանության եւ հայկական հարցի նկատմամբ Թուրքիան եւ թուրք «միլլեթը» պարտավոր են փոխել իրենց վերաբերմունքը: Հասարակական-մտավորական այս գործընթացն արտոնելով, Թուրքիայի իշխող շրջանակները իրականում փորձում են ձեռբազատվել հայկական հարցի սրումից` այս դեպքում փակուղին համարելով ավելի վտանգավոր: Այս կացությունը եւ համապատասխան վերաբերմունքի փոփոխությունը Թուրքիային պարտադրեցին Հայաստանի անկախացման, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ Արցախյան հաղթանակի պատմական փաստերը: Աթաթուրքի ստեղծած Թուրքական Հանրապետությունը ճանաչեց եւ շարունակում է ճանաչել Հայաստանի Հանրապետության փաստացի եւ օրինական գոյությունը: Ավելին, Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների վերաստեղծումով նաեւ վտանգում է Արցախի հարցում, եւ ոչ միայն այդ հարցում, իր համաթուրանական անցյալի ձեռբերումները: Փաստորեն, Թուրքիան այսօր ստիպված է հաշվի նստել Հայաստանի Հանրապետության գոյության փաստի հետ: Այսքանով հանդերձ կարելի է՞, արդյոք, մտածել, որ Թուրքիան դառնում է Հայաստանի բարեկամը. Ոչ, իհարկե ՈՉ: Թուրքիան մարտավարական նահանջ է արձանագրում հայության ձեռքբերած հաջողությունների արդյունքում, ուրիշ տեղ, ուրիշ ձեւով հարվածելու միտումով: Այո, թուրքական պետությունը դեռեւս համաթուրանական ծրագրի կրողն է եւ, այո, Հայաստանը այդ ծրագրի պոտենցիալ արգելքն է: Այս իմաստով բան չի փոխվել: Այս իմաստով ամեն ինչ կփոխվի, միմիայն եթե հայությունը կարողանա շարունակել թուրքական կողմին պարտադրել մարտավարական նոր նահանջներ: Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ստեղծումը եւ Թուրքիայի դեմ հայկական ցեղասպանության դատի շահարկումը, միջազգային հանրության կողմից Թուրքիային, մեր տարածաշրջանի հզորագույն պետությանը, մղում են այս վճռական զիջումներին: Հայաստանի Հանրապետությունը սրա դիմաց ստորագրում է, հաստատ եւ անվարան կարելի է այստեղ այս երեւույթը հաստատել, հայտարարագիր իր պատմական հողերի նկատմամբ իր պահանջներից հրաժարվելու մասին: Սա, այո, հերթական մեծ համաղետ է, մանավանդ արեւմտահայերիս համար: Սա այսպես է, եւ այլ բառերով այս երեւույթը կոչել չի կարելի: Մեր նորաստեղծ Հանրապետությունը Թուրքիային է պաշտոնապես զիջում` մեր պատմական հայրենիքի ավելի քան կեսը: Ի՞նչ Կարսի պայմանագիր, ի՞նչ Ուիլսոնյան պահանջներ, Հայաստանի երրորդ հանրապետությունը փաստորեն հայտարարում է, որ նա «պայքար չի տանելու այդ հողերի վերամիավորման համար»: Գիտակցենք եւ երեւույթները կոչենք իրենց անուններով: Բայց, այդ հողերը նա չի կորցնում այսօր, այդ հողերը կորցրել են նախորդ սերունդները, նա ընդամենը հայտարարում է, որ. «Կա', ստեղծվե'լ է հայկական ինքնիշխան պետություն, որի հետ հաշվի պետք է նստել, Արցախի հարցով չպետք է նրա վրա ճնշում գործադրել, ջավախահայության իրավունքների նկատմամբ չպետք է պետական խուլիգանական ոտնձգություն կազմակերպել, բայց նա, չի պատրաստվում պատերազմ սկսել Թուրքիայում հայտնված հայկական պատմական հայրենիքի մաս կազմող տարածքների վերամիավորման նպատակով»: Այսքան բան: Եկեք մենք մեզ հարց տանք. բայց կա՞ մի խելամիտ հայ գործիչ, ով հավակնում էր հակառակին: Իսկ սփյուռքահայությունը, կամ Հայաստանի չորրորդ, վեցերորդ հանրապետությունները, եթե մի օր նրանք կոչված լինեն գոյություն ունենալու, պարտավորված կլինե՞ն այս ամենով մոռանալ պատմական մեր կորցրած նահանգները: Ոչ մի դեպքո'ւմ: Արեւմտահայաստանը, իմ հայրերի Վանն ու Կարինը հայկական կմնան այնքան ժամանակ, երբ մենք դրանք մեր գիտակցությամբ մեր հայրենիքի մաս կը ճանաչենք, եւ այդ գիտակցությունը կը փոխանցենք մեր սերունդներին: Իսկ դրանք մեր պետության մաս կկազմեն, միայն այն ժամանակ, երբ մենք կունենանք դրանք վերամիավորել, վերաինտեգրելու հնարավորությունը: Այսօր մենք դա չունենք: Արեւմտահայաստանի վերամիավորման առաքելությունը մեր սերուդինը չէ, չէր կարող լինել եւ չի' կարող լինել: Հայաստանը իդեալ չէ, այն տառապող, իրական դժվարություններ ապրող մի երկիր է, որը մեն-մենակ է անցնում հետպատերազմյան, անկախության յուրացման եւ սոցիալական անհավասարության այս դժվարին ժամանակաշրջանը: Ի վերջո, հարկավոր է հասկանալ, որ առավելապաշտ պահանջներ կարող է հետապնդել այն հասարակությունը, որը ոչինչ չի խնայում սեփական կացությունը տքնաջան աշխատանքով եւ գերմարդկային զոհողությունների գնով փոխելու: Մենք, Արցախի պատերազմից հետո «փչացրելե ենք մեզ ընձերնված պատմական գրեթե բոլոր պատեհությունները, իսկ այսօր դրա վնասներն ենք կրում: Այս իմաստով, ազգային առաքելության հետապնդման մեծագույն ձախողություններն ու թերացումներն արձանագրել են հենց` արձանագրությունները պաշտպանող կամ դրանց հակադրվող ազգայնական ուժերը: 2.    Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը 19-20-րդ դդ. ընթացքում համաթուրանականության ուժերին հաջողվեց վերջնականապես թրքացնել Արեւմտահայաստանը: Թուրքիան իրականացրել է այն, ինչ հետապնդել են ոչ միայն Կոստանդնուպոլսի, այլ արեւմտյան, նամանավանդ` անգլո-սաքսոն եւ գերմանական քաղաքական կենտրոնները: Դա ռուսական ազդեցության հետմղումն էր «տաք ջրերից»: Մենք զոհն ենք այս աշխարհաքաղաքական գործընթացին, որի ուղղակի պատասխանատուն թուրք «միլլեթ»ն է, իսկ անուղղակի պատասխանատուներն են` գլխավորաբար երմանիան եւ Մեծ Բրիտանիան, նաեւ` Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ արեւմտյան ամբողջ հանրությունը, ներառյալ Ֆրանսիան` Կիլիկիո Հայության ճակատագրով: Այս ամենը, մեր նախորդ սերունդներն ուղղակի, իսկ մեր սերունդն անուղղակի ապրեցինք մեր մաշկի վրա: Անձնական եւ ընտանեկան անդառնալի կորուստների գնով: Եւ այս ամենի համար պահանջատեր ենք եւ շարունակելու ենք մնալ: Ո'չ մեկ սերունդի, Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ո'չ մեկ պաշտոնյա չի կարող հայության ցեղասպանության պահանջատիրության առաջքն առնել, երբե'ք, եթե մենք, մեր գիտակցության եւ մեր հաջորդող սերունդների գիտակցության մեջ վառ պահենք այս փաստը: Սերժ Սարգսյանի վարչակարքը եւս չի կարող հայությունը հետ պահել, նույնիսկ եթե ի գործ դնի իր պետական բոլոր միջոցները, հայկական ցեղասպանության հարցում պահանջատեր լինելուց: Խորհրդային Հայաստանը կամ, անգամ, հակաթուրք պայքարի ջահակիր Հ.Յ.Դաշնակցությունը, ելնելով աշխարհաքաղաքական հրամայականներից, երբեմն փորձել են զսպել այդ պայքարը,  սակայն այն մինչեւ օրս շարունակվում է: Այսօր այդպիսի բան չի պատրաստվում: Հայաստանի Հանրապետությունը չի' պատրաստվում դառնալ թուրքամետ… այն ընդամենը պատրաստվում է Թուրքիայի հետ իր հարաբերությունները թշնամականից փոխել պաշտոնականի: Եթե սփյուռքահայությունը կամ ազգայնական հայաստանաբնակ ուժերը ցանկանում են շարունակել հակաթուրք պայքարը, դա իրենց չի կարող արգելվել, ավելին, նրանք ստիպված են շարունակել այդ պայքարը, շարունակել նոր ու ավելի մեծ թափով: Ոչ ոք չի’ կարող ստիպել հայ ժողովուրդին մոռանալ ցեղասպանությունը եւ հրաժարվել պահանջատեր լինելուց, եթե ազգն ինքը հետ չկանգնի այդ պայքարից եւ պայքարի ջահը փոխանցի նոր սերունդներին: Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ընդունել են արդեն շատ պետություններ, եւ այս երեւույթը Թուրքիայի դեմ օգտագործել են ու կշարունակեն օգտագործել շատ պետություններ: Հայ-թուրքական սահմանի եւ պաշտոնական հարաբերությունների վերականգնումը ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն սպառնում ցեղասպանության ճանաչման համար տարվող գործընթացներին, սա կարծրատիպ է, միֆ: Մյուս կողմից սակայն, պաշտոնական Երեւանը չի կարող հավակնել ցեղասպանության եւ «Հայ դատե-ի խնդրում միակողմանի ներկայացնել մեր ամբողջ ազգի դիրքորոշումը: 3.    Սփյուռքի բարոյական առաքելությունը Տեսական առումով, ինչքան ողջունելի էր սփյուռքի նախարարության ստեղծման երեւույթը, նույնքան հիասթափեցնող եղաւ այդ գերատեսչության անհեռատես եւ ապաշնորհ փաստացի գործունեությունը: Սրան ապացույց հանդիսացավ Հանրապետության Նախագահի հոկտեմբերյան սփյուռքյան շրջագայությունը, որը մի անգամ եւս հաստատեց, որ Հայաստանն ու սփյուռքը մնում են իրարից օտարացած: Չի կարելի թերագնահատել սփյուռքի առաքելությունը: Մարտավարական առումով նրա հնարավորություններն անշրջանձելի են, իսկ խորհրդանշական իմաստով, այն, որպես արեւմտահության ուղղակի ժառանգորդ, լուրջ գործոն է հայության առջեւ ծառացած բոլոր եւ, նամանավանդ, թուրքական ճամբարից եկող մարտահրավերներին դիմագրավելու գործում: Այս փաստի հետ, իրականում հաշվի չեն նստել Հայաստանի իրար հաջորդած բոլոր վարչակարգերը: Հայաստան-սփյուռք անըմբռնողությունը կարող է վերաճել անմիաբանության եթե Հայաստանը չվերանայի իր մոտեցումը սփյուռքի նկատմամբ, իսկ սփյուռքը չհստակեցնի իր առաքելության կենտրոնացումը, հիմնականում «Հայ դատ»-ի հարցերի շուրջ: Մինջդեռ անցած տասնամյակում սփյուռքահայությունը միջամտեց Հայաստանի ներքին կյանքին, այն նույնիսկ շատ դեպքերում մեղսակիցը եւ մասնակիցը դարձաւ Հայաստանում կատարվող սոցիալական անիրավություններին` երկրորդական համարելով Հայ դատի պայքարը, լծվեցավ Հայաստանի ներքին կյանքը «բարելավելու» գործին: Խնդրի ճիշտ ընկալման համար երկու կողմերին էլ հարկավոր է գիտակցել, որ սփյուռքը ժամանակավոր երեւոյթ է, իսկ ազգի նպատակը հայրենիքն է: Իր բազմատեսակությամբ եւ բազմակենտրոնությամբ` սփյուռքը Հայաստանի իշխանությունների համար անկառավարելի է, իսկ սփյուռքը իր դառնություններով եւ ազգային մոտեցումներով չի կարող կամք պարտադրել Հայաստանի ներքին կառավարման գործընթացներում: Մյուս կողմից նաեւ, սփյուռքահայը Հայաստանում հայ է, ոչ թե «կթան կով» կամ հյուր, որին կամք է պարտադրվում` գալ, նվիրատվություն կատարել, նկարվել հայրենի պաշտոնյաների հետ եւ… լուռ մեկնել: Սփյուռքահայը հայրենիքում, սփյուռքահայ չե, հայրենաբնակ հայ է: Այո, հարկավոր է կազմակերպել հայրենադարձություն, դա հրամայական է, սակայն սփյուռքի ամենաառաջնային առաքելությունն է գոյատեւել եւ «Հայ դատ»-ի ուղղությամբ գործել համակարգված բայց ինքնուրույն` անկախ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ աշխարհաքաղաքական կաշկանդումներից: Սա անվիճելի է, հակառակ դեպքում ցեղասպանածին սփյուռքը կկորցնի իր առաքելությունը, որն էլ իր լինելության միակ նախապայմանն է եւ նրա վերապրման օրգանիկ ուժականությունը: 4.    Հայ-Թուրքական սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հետեւանքները կամ իրական վտանգները Հայ-թուրքական սահմանի բացումը եւ երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման գործընթացը, ներկա պայմաններով, իրենց մեջ լուրջ վտանգներ են պարունակում: Դրանք սակայն, ոչ թե անհաղթահարելի վտանգներ են այլ` բարդ մարտահրավերներ: Առանձնացնենք գլխավորները. -    Թուրքական, ռուսական եւ այլ շուկաների տնտեսական մրցակցության հորձանուտում հայության ազգային ինքնորոշման հնարավորությունների կորուստը. -    Թուրքական եւ այլ ժողովրդագրական էքսպանսիայի գործընթացները: -    Վերոնշյալ վտանգներին դեմ առնող օրենքների եւ սահմանափակումների չգործելը պետական մարմինների եւ հասարակական ինստիտուտների կոռումպացվածության  հետեւանքով. Ավելին, տնտեսական դաշտում կաշառակերության քաջալերումը ներքին շուկա մուտք գործած թուրքական առեւտրա-տնտեսական կապիտալի կողմից. -    Մարդկային ռեսուրսների սահմանափակության կամ ապաշնորհության պատճառով մեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները գիտակցելու անկարողությունը եւ պատմական շատ պատեհությունների վիժումն ու ձախողումը: Եզրակացություն Դավաճանությունը` գործելու պահին, երբեք չի գիտակցվում որպես այդպիսին, այն որպես կանոն լավ չհաշվարկված հանդուգն եւ վիճելի քայլ է, որի արդյունքում վնասվում է ազգային հանրությունը: Արդ, հայ-թուրքական սահմանի բացման եւ հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման պայմաններում, Հայաստանը պարտավոր է զինվել իր անվտանգությունն ապահովող օրենսդրությամբ եւ սովորույթներով: Այդպիսի օրենքներ առկա են բազմաթիվ  պետությունների իրավական զինանոցներում: Չինական էքսպանսիայի դեմն առնելու նպատակով տասնյակ հզոր պետություններ, նույնիսկ Արեւմտյան Եվրոպայի հզոր տնտեսություն ունեցող երկրներ, վերանայում են իրենց օրենսդրությունները ազգային տնտեսությունն ու ժողովրդագրական անվտանգությունն ապահովելու նպատակով: Սակայն օրենքներ ստեղծելուց ավելի կարեւոր է, մեր դեպքում, այդ օրենքների արդար գործարկումը: Պետք է ստեղծել վերահսկողության այնպիսի լծակներ, որ տնտեսական-ժողովրդագրական գործընթացների անվտանգությունը եւ սպառնալիքների չեզոքացումը պայմանավորված չլինեն մասնավոր եւ խմբակային շահերով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պետք է գիտակցի իր կողմից ստանձնված մարտահրավերի նշանակությունն ու դրա հնարավոր հետեւանքները: Նա, որպես այս հանդուգն գործընդացի առաջնորդ, պարտավոր է ապահովել Հայաստանի պետական մարմինների բյուրեղացման եւ հասարակության վստահության վերականգնման անհետաձգելի մարտահրավերը: Հանրապետության նախագահը պարտավոր է նաեւ կազմակերպել մարդկային նոր ռեսուրսների զորաշարժ նման Ն. Աղբալյանի եւ Ա. Մյասնիկյանի կողմից կազմակերպած հայրենադարձությանը, որի արդյունքում Ռուսաստանից եւ եվրոպական երկրներից հայրենիք վերադարձան ծագումով հայ տաղանդավոր մասնագետներ եւ գործիչներ: Հակառակ դեպքում Հայ-թուրքական բացվող սահմանը կվերածվի մահացու վերքի: Սոցյալական անհավասարության, թայֆայական տնտեսության, միջնադարին հատուկ «իշխանապետական» ներքին կազմակերպման այսպիսի համակարգում, հայությունն իր Հայրենիքի այս վերջին տարածքը ակամա կվաճառի թուրքական եւ/կամ այլ աշխարհաքաղաքական ներդրողներին: Վերջապես սփյուռքը պետք է այս նոր կացության դիմաց հանդես գա «Հայ դատ»-ի նոր մոտեցումներով, որոնցից հիմնականներն են` -    Պատմական հայրենիքի տարածքում ապրող հայության ազգային իրավունքների պաշտպանության ապահովում: -    Հայկական պատմամշակութային արժեքների պահպանում պատմական հայրենիքի բոլոր տարածքում` Թուրքիայում, Ադրբեջանում, Իրանում եւ Վրաստանում: -    Ցեղասպանության համաղետի համար շոշափելի հատուցման պահանջ, բացի Թուրքիայից նաեւ` միջազգային հանրությունից: Երեւան, 7 Հոկտեմբեր 2009 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter