Ճանապարհային ոստիկանները կդատվեն
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունները անցնելու համար ճանապարհային ոստիկանության տեսուչների մասով քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ՝ ոստիկանության կրտսեր լեյտենանտներ Ա. Ավագյանն ու Ա. Մելքոնյանը, իրականացնելով իրենց ծառայողական պարտականությունները, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում թույլ տալու համար Սեւան-Գավառ ավտոճանապարհին կանգնեցրել են Վ. Օհանյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, ապա բեռնատարի կցորդիչն անջատելու հարցի շուրջ անհիմն վիճաբանության մեջ են մտել վերջինիս ազգական` Գեղարքունիք մարզի Կարմիր գյուղի բնակիչ Ս. Մկրտչյանի հետ:
«Այդ ընթացքում լեյտենանտ Ա. Ավագյանը, ակնհայտորեն դուրս գալով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակից, հայհոյել է Ս. Մկրտչյանին եւ բռունցքով հարվածել նրա գլխին:
Տեսնելով առաջացած քաշքշուկը` տեսուչ Ա. Մելքոնյանը միացել է Ա. Ավագյանին եւ նրա հետ ծեծի ենթարկել Ս. Մկրտչյանին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ՝ դեմքի, կրծքավանդակի, սրունք-թաթային եւ գագաթային շրջաններում»,- տեղեկացնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Ավագյանին ու Ա. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ բռնությամբ զուգորդված:
Քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել