HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փարիզից Քիշնեւ` շարունակվում է արտգործնախարար Նալբանդյանի աշխատանքային այցը

08_10-Nalbandyan-KushnerԱշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշներին: Այս տարվա ընթացքում դա նախարարների երկրորդ հանդիպումն էր: ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույցել են Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունների եւ դրանց զարգացման հեռանկարների շուրջ: Զրուցակիցները քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Էդվարդ Նալբանդյանն ու Բեռնար Կուշները մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Կուշները, ողջունելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացը, հույս է հայտնել, որ առաջիկայում այն կունենա շոշափելի արդյունքներ: Հանդիպումից առաջ Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիր: Այդ համաձայնագիրը ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման ճանապարհի առաջին քայլն է: Այնուհետեւ, Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նալբանդյանը դատապարտել է Ադրբեջանի քայլերը Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է առաջիկա երկու տարիներին կազմակերպության կողմից իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը: Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ փոխգործակցությանը, մշակութային ժառանգության պահպանման գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերակատարությանը: Նախարար Նալբանդյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին հակառակ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը եւ կոչ է արել միջազգային հանրությանը համատեղ քայլեր ձեռնարկել նման գործողությունները կանխարգելելու համար: Ավարտելով աշխատանքային այցելությունը Փարիզ` Էդվարդ Նալբանդյանը երեկոյան ուղեւորվել է Քիշնեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter