Դաշնակցությունը Գյումրիում ներկայացավ որպես արմատական ընդդիմություն (վիդեո)
Գյումրիի Թատերական հրապարակը սակավամարդ էր: Հավանաբար գյումրեցիներին այնքան էլ չէր ոգեւորել ՀՅԴ-ի «Մեր նպատակը ամբողջական իշխանափոխությունն է» կարգախոսը կամ էլ հոգնել էին հավատալուց, որ միանալով կոնկրետ այս կուսակցությանը, տեր էին կանգնելու սեփական երկրին: Ամեն դեպքում այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը 250-ից չէր անցնում: Որ գյումրեցին այլեւս այսպես չի ուզում ապրել, այդ մասին վաղուց էր բարձրաձայնվել, բայց դա չխանգարեց դաշնակցական առաջնորդներին մեկ անգամ եւս բացատրելու, թե ինչու է մեր կյանքը վերածվել դժոխքի եւ ինչ պետք է անել լուսավոր ուղու վրա հայտնվելու համար:
ՀՅԴ-ի Գյումրիի գրասենյակի ղեկավար Արամ Հակոբյանը չմոռացավ բացման խոսքում շեշտել, որ ՀՅԴ-ն, սեր չունենալով հանրահավաքներ կազմակերպելու հետ, այս անգամ արել է բացառություն եւ ոչ միայն նախաձեռնել է այդ շարքը, այլեւ սկսել այն Գյումրիից:
Լրիվ հասկանալի է, երբ նոր ներկայացումներով թատերախմբերը նախ այցելում են Գյումրի` պատճառաբանելով, որ տեղի թատերասեր հասարակությունը բավական դժվարահաճ է, եւ եթե ծափահարեն իրենց այստեղ, ուրեմն կծափահարեն նաեւ մնացած բեմահարթակներում: Իսկ թե ինչու են դաշնակցականները հանրահավաքների սկիզբն ազդարարում Գյումրիից, պարզվում է, դա էլ պայմանավորված է հանրապետությունում գրանցած ամենաաղքատ մարզի, ամենաաղքատ մարզկենտրոնի կարգավիճակով: Այս հայտարարությունը լսող տարեց մի գյումրեցի, ով ավելի շուտ «թամաշա» անող էր, քան թե ՀՅԴ կուսակցության համակիր, քմծիծաղով նկատեց. «Չմտածեք, ձեզի էլ ծափ կուտանք, հո չենք թողնի դիլխոր էրթաք, մեկ է հեչ մեկդ էլ մեր դարդին դարման էնող չեք»:
Բանախոսներից Արծվիկ Մինասյանն իր ելույթը սկսեց իշխանությունների հեռացումը պահանջելով, որի արդյունքում երկրում կհաստատվեն արդար կարգեր, սակայն դրա համար հարկավոր է, որպեսզի ժողովուրդը լինի հաստատակամ եւ միասնական իր գործողություններում:
«Մեզ հարկավոր է ողջ ժողովրդի վստահությունը, վճռականությունը եւ կամքը, որովհետեւ երկրում հաստատվել է մի այնպիսի իրավիճակ, երբ հայ մարդն իր կյանքն այլեւս չի ուզում կապել իր երկրի, իր ծննդավայրի հետ,-նկատեց բանախոսը,-ուրեմն պիտի հաստատենք այնպիսի կարգեր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարողանա վստահաբար ասել, որ ինքը ՀՀ քաղաքացի է, եւ որ ինքը այստեղ արարելու, ստեղծելու, բազմանալու, զարգանալու բոլոր հնարավորություններն ունի»:
Կառավարությանը կոչելով անձեռնահաս` Արծվիկ Մինասյանը ներկաներին հիշեցրեց, որ այդ իրենք էին այս տարվա մայիս ամսին նախաձեռնել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը, բայց, ցավոք, խորհրդարանում ունենալով սակավաթիվ աջակիցներ, իրենց չհաջողվեց ներկայիս կառավարությանն «ուղարկել տուն», որպեսզի ձեւավորվի նոր, ժողովրդի ցավերն ու հոգսերը հասկացող կառավարություն:
«Օր առաջ այս կառավարությունից ազատվելը մեր պետության, հայ ժողովրդի փրկությունը կլինի,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը,- 2008 թ-ին այս կառավարությունը ստանձնեց մի երկրի կառավարման իրավասություն, որտեղ աղքատության ցուցանիշը 23 տոկոս էր, 2,5 տարվա ընթացքում այս կառավարությանը հաջողվեց աղքատության ցուցանիշը հասցնել 30-35 տոկոսի, սա պաշտոնական, իսկ ոչ պաշտոնական` 60 տոկոսի: Սա արդյոք խայտառակություն չէ՞, սա արդյոք չի՞ նշանակում, որ այս կառավարությունը չի տիրապետում իրավիճակին: Նրանք առաջնորդվում են բացառապես սեփական կլանային շահերով, եւ նրանց օժանդակում են այն մարդիկ, ովքեր կամա թե ակամա գովերգում են այս կառավարության քաղաքականությունը»:
Նույն գյումրեցի պապիկը, որ բավական ուշադիր հետեւում էր Արծվիկ Մինասյանի ելույթին, այս անգամ էլ որոշեց միջամտել` նկատելով. «Հեռու փեշերիցդ, թե չէ դուք հեչ չեք գովերգել հա՞,-ու շուռ գալով կողքին կանգնածի կողմը փորձեց ճշտել,-հմիկ ըսոնք ընդդիմություն են, թե գուզեն դառնան»:
ՀՅԴ-ի բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին չէր անհանգստացրել հրապարակի սակավամարդությունը: Նա վստահություն հայտնեց, որ շատ շուտով այս նույն հրապարակում հազարավոր մարդիկ կհավաքվեն:
Վահան Հովհաննիսյանը չժխտեց, որ եղել է ժամանակ, երբ իրենք հավատացել են իշխանություններին, բայց նաեւ ընդդիմացել են: Հույսեր են կապել իշխանությունների հետ, փորձել են օգնել, աջակցել նրանց, ուղղություն ցույց տալ, սակայն այսօր իրենք եկել են մի եզրակացության, որ դա այլեւս անհնարին է, եւ որ ողջ իշխանական բուրգը պետք է հեռանա:
«Նախագահի հրաժարականով, վարչապետի փոփոխությամբ, ԱԺ-ի արտահերթ ընտրություններով այս երկիրը չի փրկվի,-հայտարարեց Վահան Հովհաննիսյանը,-պետք է կառավարման նրանց ներդրած անարդյունավետ, ապիկար մեթոդներից ազատվել: Այս երկիրը սխալ է կառավարվում: Հենց այստեղից պետք է սկսել, սրա շտկումից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել