HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միացումը» հանդես կգա շարժման տեսքով քաղաքական նոր օղակով

Քնար Բաբայան 17_08-J-Sefilyan«Ելնելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման փորձերի հետ կապված երկրում տիրող իրավիճակից`մենք որոշել ենք մոտ օրերս ձևավորել շարժման տեսքով քաղաքական մի օղակ, որը ազգային, գաղափարական, ծրագրային, բարոյական ուժ է կրելու իր մեջ: Օղակի կայանալուց անմիջապես հետո հայտ ենք ներկայացնելու` մեր ժողովրդին առաջնորդելու»,- այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Միացում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Օղակը ձևավորելու են անկուսակցական անձինք, սակայն չի բացառվում եւ կուսակցական, անկեղծ հայ մարդկանց անդամակցությունը օղակին` միաժամանակ նախապատվությունը տալով շարժման գաղափարին ու գործերին: Օղակի ձևավորումը Ժ. Սեֆիլյանն ինքնանպատակ չի համարում` պարզաբանելով, որ ներկա դրությամբ Հայաստանում անհնար է ձևավորել կուսակցությունների դաշինք, ավելին` բռնատիրական ռեժիմն անհնարին է դարձրել երկրում կուսակցությունների կայացումը: «Եկել է պահը, որ հենվելով միայն ու միայն մեր ժողովրդի ներուժի վրա` դադարեցնենք երկրում տիրող բռնատիրական ռեժիմը, որն էլ ապագայի ձևավորվող օղակի առաքելությունն է լինելու»: Խոսելով օղակի անելիքների մասին` Ժ. Սեֆիլյանն ասաց, որ այսօր իրենք խնդիր չունեն ինչ-որ մի անհատի ներկայացնել որպես առաջնորդ` հավելելով, որ ընթացքը ցույց կտա անելիքները` չբացառելով նախագահական ինստիտուտի վերացումը: Ասուլիսի ժամանակ Ժ. Սեֆիլյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին. «Երբևիցե հայ-թուրքական երկխոսության կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար հայկական կողմը պիտի ելնի հետևյալ իրողություններից: Առաջին` գոյություն չունեն հայ-թուրքական հարաբերություններ, այլ առկա է հայ-թուրքական հակամարտություն: Երկրորդ` ոչ միշտ աշխարհագրական հարևանությունը կարող է պարտադրել բարիդրացիական հարևանություն` մեր դեպքում հաշվի առնելով Թուրքիայի` հայությանը բնաջնջելու ցանկությունը: Եվ, վերջապես, օտարի հովանավորությամբ և պարտադրությամբ հարաբերությունների հաստատումը խախտում է տարածաշրջանում առկա հարաբերակցությունը, որ միայն վտանգելու է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը»: Ժ. Սեֆիլյանը համոզված է, որ ներկա դրությամբ վտանգը կախված է հենց ազատագրված տարածքների գլխին: Իսկ այդ տարածքները զիջելուց հետո Ցեղասպանության, Կարսի պայմանագրի մասին խոսելը լիովին անիմաստ է: «Հայ-թուրքական զառանցանքները պտտվում են Արցախի ազատագրված յոթ շրջանների շուրջ: Հակառակորդը շատ լավ գիտակցում է, որ մեր ժողովրդի դիմադրողականությունը պահելու միակ գործոնը մնացել են այս տարածքները: Դա են վկայում թուրքական կողմի ամենաբարձր հայտարարությունները տարբեր ատյաններից, որոնք պահանջում եւ շեշտում են, որ մինչև հայկական զորքերը չլքեն, ինչպես իրենք են ասում, «օկուպացված տարածքները», բացառվում է որևէ հարաբերությունների մասին խոսել»: Ամփոփելով հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված «Միացում» ազգային նախաձեռնության կարծիքը` Ժ. Սեֆիլյանն ասաց, որ իրենք դեմ են որևէ բարիդրացիական հարաբերությունների` մինչև հայ ժողովուրդը չձևավորի հայկական պետություն: «Իրավիճակը գնահատում ենք խիստ մտահոգիչ` ելնելեվ այն հանգամանքից, որ «քաղաքական դաշտը» լիովին վերահսկվում է օտարի կողմից: Մեր խնդիրն է համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասաց Ժ.Սեֆիլյանը: Խոսելով «Միացում» ազգային նախաձեռնության և Հայ ազգային կոնգրեսի համագործակցության մասին` Ժ. Սեֆիլյանն ասաց.«Ինչպես ես նշել էի իմ ելույթներից մեկում, որ հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ջրբաժան առաջանա մեր միջև, ապա կարող եմ այսօր հավաստել, որ այդ ջրբաժանն արդեն առկա է»: Իսկ ինչ վերաբերում է Կոնգրեսից դուրս գալուն, ապա պրն. Սեֆիլյանն ասաց, որ իրենք աջակցել են Լևոն Տեր-Պետրոսյանին նախընտրական օրերին` բոլորին հայտնի պատճառով: «Հայ ազգային կոնգրեսը մենք երբեք որպես մի ուխտ չենք գնահատել, որտեղ կարելի է մտնել և դուրս գալ: Պարզապես մենք այն համարել ենք մի դաշտ, որն անկեղծ փորձել է պայքարել տիրող բռնատիրական ռեժիմի դեմ»: Լրագրողներից մեկը Ժ. Սեֆիլյանին խնդրեց մեկնաբանել քաղաքական կուլիսներում շրջանառվող այն կարծիքը, թե ՀՅԴ-ի կողմից կազմակեպված ստորագրահավաքը միտված է նախագահի աթոռին ետ բերել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Ես հավաստի աղբյուրներից տեղյակ եմ, որ Ռ. Քոչարյանը նման ցանկություն ունի` չգիտակցելով իր քաղաքական դիակ և, ըստ էության, հայ ժողովրդի թշնամի լինելը: Տեղյակ եմ նաև, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը մեծ արգելքներ է դրել վերջինիս դեմ և լուրջ լծակներ ունի նրան մեկուսացնելու համար»,- պատասխանեց Սեֆիլյանը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե «Միացումը» կմասնակցի ՀՅԴ-ի կազմակերպելիք երթին, Ժ. Սեֆիլյանը վերջիններիս գործողություններն անկեղծ չհամարեց, ուստիեւ բացառեց նախաձեռնության մասնակցությունը դրանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter