HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ում հետախուզվող Արա Կարապետյանը կալանավորվել է Հայաստանում

Սոնա  Մաշուրյան ԱՄՆ-ում գողությունների համար հետախուզվող Արա Կարապետյանը մասնակցել է նաեւ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակմանը: Ամիսներ առաջ հայ իրավապահները հայտարարեցին, որ բացահայտվել է ՀՀ մաքսային կոմիտեի  նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված  ավազակային հարձակումը: Կալանավորվել է շուրջ 10 մարդ, որոնց թվում ոստիկան Արմեն Նիկողոսյանը, գործարարի համարում ունեցող, «ՍԱՍ» խանութների ցանցի ղեկավար Արա Կարապետյանը, ով ըստ մամուլի՝ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի հովանավորյալն է եւ ուրիշ այլ անձինք: Հիշեցնենք՝  մի խումբ անձինք 2008թ. հոկտեմբերի 27-ին ներխուժել էին Մաքսային պետական  կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տուն, զենքի գործադրման սպառնալիքով  եւ տուժողի ընտանիքի անդամների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով հափշտակել 45 մլն դրամ արժողության ոսկյա զարդեր եւ փաստաթղթեր: Նախաքննությունն իրականացնում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: Մեր ունեցած տեղեկություններով Ա.Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակումը նշված խմբի միակ  գործը չէ, նրանցից  ոմանք՝  «գործարար» Ա.Կարապետյանի գլխավորությամբ հաջողացրել են աչքի ընկնել նաեւ ԱՄՆ-ում: Ա.Կարապետյանի ամերիկյան «արկածների» նպատակը կրկին եղել է ոսկյա զարդերի հափշտակությունը, սակայն որպես թիրախ ընտրվել են ոչ թե բնակարանները, այլ ոսկերչական ընկերությունները: ԱՄՆ իրավապահների հավաստմամբ՝ Ա.Կարապետյանը  իր հայ «գործընկերների» հետ 2004թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում 4 անգամ ոսկյա զարդերի գողություններ են կատարել՝ տուժողներին պատճառելով ընդհանուր առմամբ 150 հազար ԱՄՆ դոլարի նյութական վնաս: Այսպես, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Ա.Կարապետյանը իր մի քանի ընկերների՝ Արմեն Թագվորյանի եւ Արշակ Գրիգորյանի հետ միասին 2004թ. մայիսի 12-ին մուտք են գործել Լոս Անջելեսի «Ավիանի» ոսկերչական իրերի ընկերության շենք եւ հափշտակել ոսկե զարդեր, նույն թվականի մայիսի 25-ին  «Միկա» ոսկերչական իրերի ընկերության շենքից գողությանը խմբին միացել է նաեւ Ա.Կարապետյանի հորաքրոջ որդին՝ Սուրեն Մելքոնյանը, նույն կազմով նրանք գողություն են կատարել նաեւ 2004թ. հունիսի 9-ին Լոս Անջելեսի «Շրեջի» ոսկերչական իրերի առեւտրային կազմակերպությունից, 4-րդ դրվագով գողությունը Ա.Կարապետյանը կատարել է միայնակ՝ 2004թ. հունիսի 13-ին   Լոս Անջելեսի շրջանում գտնվող առեւտրային կազմակերպության շենքում գտնվող գրավատնից հափշտակելով ոսկե զարդեր: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ,  գողոնի իրացումը  Կարապետյանը ոչ մեկի չի վստահել եւ իրականացրել է անձամբ: Ա.Կարապետյանը  Հայաստան է վերադարձել, ավելի ճիշտ՝ փախել,  հունիսի 13-ի  գողությունից  հետո: 13 թիվն այնքան էլ բարեբեր չի գտնվել նրա համար, գործի վրա «վառվել է», սակայն հաջողացրել դիմել փախուստի՝ հանգրվանելով Հայաստանում: Իրավապահ մարմինների մեր աղբյուրների փոխանցմամբ, «գործարարի» ամերիկյան արկածների մասին նախկինում տեղեկություններ չեն ունեցել եւ իմացել են թերեւս պարզ զուգադիպությամբ, երբ մեկ այլ քրեական գործի շրջանակներում ԱՄՆ-ում գտնվող Կոտայքի մարզի դատախազին Գլենդելի ոստիկանապետը ներկայացրել էր իրենց կողմից  հետախուզման մեջ գտնվող հայերի վերաբերյալ որոշ քրեական գործեր՝ ակնկալելով աջակցություն նրանց հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Նկատենք, որ Ա.Կարապետյանի գլխավորած խմբի ավազակային հարձակումները հաստատված են համարվել ամերիկյան դատարանի կողմից եւ խմբի մյուս անդամները՝ Ա.Թագվորյանը, Ա.րիգորյանը եւ Ս.Մելքոնյանը ԱՄՆ դատարանի կողմից դատապարտվել են ազատազրկման: Քրեական գործն այստեղ ստանալով՝ պարզվել  է, որ խոսքը գնում է նույն անձի մասին եւ Ամերիկայի գործը միացվել է ԱԱԾ վարույթում քննվող գործին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter