HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ազգային ռոմանտիզմի վնասները կամ գլխատելու և ճառ ասելու միջև

Համահայկական ուղևորությունից վերադառնալուց անմիջապես հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմնահարցի շուրջ հրավիրել է ՀՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:  Ըստ նախագահականից տարածված պաշտոնական հաղորդագրության՝ նիստի բոլոր մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել նախաստորագրված փաստաթղթերին: ԱԱԽ-ի այս նիստը, ըստ էության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ վեց շաբաթ շարունակ ինտենսիվորեն ընթացող քաղաքական-հասարակական քննարկումների վերջին ակորդն էր:

Այն հանգամանքը, որ արձանագրությունների վեաբերյալ դրական են արտահայտվել ԱԱԽ նիստի բոլոր մասնակիցները, որևէ կասկած այլևս չի թողնում. Հայաստանը հոկտեմբերի 10-ին, Շվեյցարիայում ստորագրելու է Թուրքիայի հետ նախաստորագրված երկու արձանագրությունները: Հենց նիստի ընթացքում ՀՀ նախագահն ուղղակի թափանցիկ ակնարկել է այդ մասին. «Ինձ համար Սփյուռքում կայացած քննարկումները չափազանց կարևոր էին նախաստորագրումից ստորագրում, ստորագրումից վավերացում և վավերացումից իրագործում բարդ և աշխատատար շղթայի յուրաքանչյուր օղակում մեր ռազմավարությունն ու մարտավարությունը ծրագրավորելու առումով»,- ասել է նախագահ Սարգսյանը: Այսինքն՝ քննարկումների հիմնանպատակը ոչ թե արձանագրությունների ստորագրման-չստորագրման խնդիրը պարզելն էր, այլ հետագա  յուրաքանչյուր փուլում առաջնահերթությունների ու դրանց հասնելու միջոցների պլանավորումը: Սակայն եթե հատկապես այսպիսի քննարկումներն են լինելու իշխանությունների ուղղորդիչը, ապա, ըստ էության, որևէ լուրջ ակնկալիք դժվար է ունենալ: Մի կողմից քննարկումները ռացիոնալ դաշտից մշտապես տեղափոխվում էին իռացիոնալ հարթություն, մյուս կողմից` իրական հարցադրումները ենթարկվում էին ձևախեղումների: Արդյունքում քաղաքական-հասարակական այս քննարկումները կառուցվեցին կեղծ, շինծու կատեգորիաների, հարցադրումների վրա:  Ընդ որում, դա տեղի ունեցավ թե արձանագրությունների ստորագրմանը կողմ, թե դեմ շրջանակների համատեղ ջանքերի արդյունքում: Հիմա, արդեն հետադարձ հայացք նետելով վեցշաբաթյա բուռն քննարկումներին, կարելի է առանձնացնել այդպիսի առնվազն 6 կեղծ հարցադրում:

1.Ճի՞շտ է, թե՞ սխալ սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ:

Հարցադրումն ինքնին սխալ էր և փակուղային: Այս դիտանկյունից խնդրին մոտենալիս քննարկման դաշտ չի մնում, որովհետև ցանկացած պարագայում չի կարող լինել որևէ ավելի ռացիոնալ պատասխան, քան դրան կողմ արտահայտվելը: Հարցադրման փակուղային լինելու արդյունքում կատարելապես երրորդական պլան մղվեցին այնպիսի կարևորագույն հարցադրումներ, ինչպիսիք են՝ ի՞նչ է տալու Հայաստանին դիվանագիտական հարաբերությունների հաստատումը թե տնտեսական, թե քաղաքական, թե տարածաշրջանային, թե մշակութային ու ժողովրդագրական առումներով: Իշխանությունը բացարձակապես չանդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք սահմանների բացումը երաշխավորելու է Հայաստանի մասնակցությունը տարաշաշրջանային կոմունիկացիոն-էներգետիկ ծրագրերին, ի՞նչ ֆինասատնտեսական հաշվարկներ կան այս առումով, կամ արդյո՞ք կան ընդհանրապես:

2.Հայաստանը դարասկզբին տեղի ունեցածը որակում է որպես Ցեղասպանություն:

Արձանագրությունների ստորագրումը չի նշանակում այդ համոզումը դնել կասկածանքի տակ, կամ կասեցնել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Խնդիր նման ձևակերպումը առկա դժգոհությունների վեկտորները կրկին տեղափոխեց փակուղի: Համընդհանուր ուշադրությունը բուն մարտահրավերներից շեղվեց ՀՀ իշխանությունների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացին հավատարիմ կամ անհավատարիմ լինելու խնդրին: Բնական է՝ սա հեշտացրեց իշխանության հերթապահ ու կանխատեսելի պատասխանը: Սակայն բուն խնդիրը մնաց օդից կախված: Իրականում կասկածահարույց էին ոչ թե իշխանության հավատամքը Ցեղասպանության ճանաչմանը, կամ այդ քաղաքականությունից չհրաժարվելու հավաստիացումները, այլ այն, թե որքանո՞վ է երաշխավորվում, որ Թուրքիան հնարավորություն չի ստանալու Ցեղասպանության լինելիության խնդիրը մտցնել պատմական հարցերով զբաղվող միջկառավարական ենթահանձնաժողովի քննարկման օրակարգ: Այդ հարցի շուրջ չի հավաքելու արասահմանյան գիտնականներին և այդպիսով, անկախ ՀՀ-ի կողմից քաղաքական կուրսից չհրաժարվելուց, ուղղակի քննարկման նյութ չի դարձնելու  Ցեղասպանության եղելության փաստը կամ դրա շուրջ հայկական կողմից պնդումների հիմնավորվածության մակարդակը: Իսկ եթե դա չհաջողվի, միևնույնն է, իմիտացիոն քննարկումների շղարշի տակ Անկարան կարող է բոլոր դեպքերում կասեցնել հետագայում այլ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացը, և Հայաստանը ոչինչ ուղղակի չի կարող անել դրա դեմ:

3.Օրգանական կապ գոյություն չունի հայ-թուրքական և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունների կարգավորման գործընթացների միջև, որովհետև այդ մասին որևէ ակնարկ չկա նախաստորագրված արձանագրություններում:

Սա ամենաանհեթեթ ու միամիտ մոտեցումն է: Որոհետև դա նշանակում է մատների արանքով նայել ոչ միայն թուրքական կամ ադրբեջանական կողմերից, այլև միջազգային հանրության ու հատկապես ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Մինսկի խմբի անդամ երկրների կողմից արվող պնդումներին, թե երկու գործընթացները զուգահեռ են ընթանում: Այն հարցը, թե ինչու՞ դրանք պետք է զուգահեռվեին ու փոխպայմանավորվեին հենց Հայաստանի կողմից «ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնությունից անմիջապես հետո, մնում է անպատասխան: Իշխանությունը պետք է ոչ թե բացառեր այս երկու գործընթացների փոխշաղկապվածությունը, այլ ընդամենը շեշտադրումները կատարեր այն կռվանների վրա, եթե, իհարկե այդպիսիք կան, որոնք պետք է նվազեցնեն Թուրքիայի ներգործությունը ԼՂ կարգավորման գործընթացի վրա:

4.Հայաստանը չի կարող Սփյուռքի շահերին հակասող որոշումներ կայացնել:

Այս միտքը միարժեքորեն համահայկական միասնության տեսլականի տիրույթից է, որն ուղղակիորեն հակադրվում է հատկապես սահմանների բացման գաղափարաբանությանը: Իրականությունը, սակայն, այս կոնցեպտի ներքո մշտապես բախվում է ռոմանտիկ ընկալումներին ու անմիջապես մտնում փակուղի: Այս «դոգմայի» պարագայում բացարձակապես անտեսվում են բուն Հայաստանի շահերը, և սփյուռքը սկսում է հանդես գալ սեփական հայրենիքի հանդեպ պահանջատիրությամբ: Հայաստան պետության պահպանումը, զարգացումը որպես նպատակակետ, համազգային միասնության և հայակենտրոնության ելակետ, արժեզրկվում է Ցեղասպանության ճանաչման՝ ցանկացած պարագայում ժամանակավոր արժևորման ներքո: Հարցը, թե ո՞րն է լինելու Սփյուռքի ինքնապահպանման կռվանը Ցեղասպանությունը ճանաչվելուց կամ օրակարգից դուրս մղվելուց հետո, որևէ պատասխան չի ենթադրում, որովհետև ոչ ոք չի ցանկանում մտածել այդ ուղությամբ:

5.Արձանագրությունների ստորագրումն ու վավերացումը մեծացնում է թուրքական մշակութային, քաղաքական, տնտեսական էքսպանսիայի հնարավորությունը:

Թուրքիայի էքսպանսիան, հատկապես մշակութային ու տնտեսական ոլորտներում, իրականում երբեք էլ չի դադարել: Ազգովի հագնում ենք թուրքական զգեստները, սնվում թուրքական սնունդով, լսում կիսահայերենացված թուրքական մուղամները՝ որպես ռաբիս: Իսկ քաղաքական էքսպանսիայի արդյունքներն արդեն վայելում ենք 1993 թվականից, երբ Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշումները մեծացնելու նկատառումով Անկարան միակողմանիորեն փակեց սահմանները Հայաստանի հետ: Միակ տարբերությունը լինելու է այն, որ եթե մինչև հիմա այդ էքսպանսիան միջնորդավորված բնույթ ուներ, հիմա լինելու է ուղղակի: Շեշտադրումների այսպիսի շեղումը իշխանությանը բացարձակապես ազատեց պատասխանել մի շատ պարզ հարցի. եթե վերջինս ընդունում է, որ թուրքական էքսպանսիային դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին դիմադրողական մեխանիզմներ գտնել, պատրա՞ստ է հրաժարվել մենաշնորհների հովանավորման քաղաքականությունից, համապատասխան փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ և մեծացնել տեղական արտադրության մրցակցային հնարավորությունները: Սա, սակայն, հարցադրումների դեռ նվազագույն մասն է:

6. Արձանագրությունների նախաստորագրումը նշանակում է հայոց պետականության ավարտի սկիզբը:

Սա վտանգավոր հոգեբանական էքսպանսիա է հանրության հանդեպ: Այն սեփական ուժերի նկատմամբ անվստահության ու թերարժեքության բարդույթ է առաջացնում: Միաժամանակ լայն  ասպարեզ է բացում հասարակության ու ազգի մեջ տականքներ, դավաճաններ, շովինիստներ գտնելու սիրահարների համար: Այս մտայնությունը համազգային պառակտման լուրջ պոտենցիալ ունի, որը երբեք հնարավորություն չի տալու համախմբել ազգի ողջ ռեսուրսները և ուղղորդել ազգի ու պետության հանդեպ իրական մարտահրավերների դեմ: Սա տանում է «չինական պարիսպների» գաղափարաբանությանը, որը ներփակում է ինքնադրսևորման, արտաքին շփման հնարավորությունները: Ազգովի սկսում ենք փրկություն որոնել սահմանների ողջ երկայնքով պարիսպներ կառուցելու և արտաքին աշխարհից պաշտպանվելու մեջ:  Իրականում արձանագրությունների ստորագրումը ընդամենը գործընթացի սկիզբն է և, ըստ էության, ոչինչ չի նշանակում: Խնդիրը ոչ թե արձանագրությունների ստորագրման կամ վավերացման մեջ է, այլ իրավիճակի զարգացման հանարվոր բոլոր տարբերակների համար հետագա սցենարների, քայլերի ու ձեռնարկների պլանավորման, սեփական իշխանության նկատմամբ վստահության: Նախագահի այն խոսքը, թե աշխարհում որևէ համակարգիչ չի կարող կանխատեսել՝ ինչպես իրավիճակը կզարգանա արձանագրությունների ստորագրումից հետո, հստակ ուղերձ է առ այն, որ նման սցենարավորում, սեփական քայլերի հնարավորինս կանխատեսելիության ապահովում տեղի չի ունեցել: Իսկ դա հղի է վտանգով, որ Հայաստանը ոչ թե իր խաղը կխաղա, կամ կլինի համեմատաբար անկախ խաղացող, այլ ստիպված կլինի ընտրություն կատարել իրենց դրսից թելադրվող տարբեր հոսանքների միջև: Սակայն դրանք ոչ թե դիվիդենտներ շահելու, այլ նվազագույն կորուստներով իրադրությունից դուրս գալու խնդիր կառաջադրեն: Այսօր ոչ ոք չի տեսնում, թե ռազմավարական ինչ խնդիր է իր առջև դրել Հայաստանը՝ մտնելով նման գլոբալ և վտանգավոր խաղի մեջ: Ոչ սփյուռքում և ոչ էլ Հայաստանում որևէ մեկը այս հարցը չառաջադրեց նախագահին և որևէ ռացիոնալ առաջարկ չարեց: Մեծ հաշվով բոլորն անխտիր կամ իսկապես գլխացավը բուժելու համար գլխատում էին առաջարկում, կամ պարզապես զանգ կախելու փոխարեն ճառ ասողներ էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter