HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressԱռաջ` դեպի արյունոտ ձեռքեր «Ի սարսափ միլիոնավոր հայերի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է շաբաթ օրը ստորագրել Թուրքիայի հետ արձանագրությունը` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ, ինչը ենթադրում է նոր առևտրական զիջումներ և նավթային շահերի բավարարում»: Որքան էլ անհավատալի թվա, բայց սա տպագրել է ոչ թե հայկական որևէ ընդդիմադիր կամ սփյուռքահայ պարբերական, այլ ... բրիտանական «Ինդեփենդենտ» հեղինակավոր թերթը: Chorrord-ishxanutyun«Ընդ որում,- շարունակում է «Ինդեփենդենտը»,- ամենակարևոր պահանջը, որ Թուրքիան ճանաչի 1915 թ. հայերի Ցեղասպանությունը, չի կատարվելու: Ամեն տարի ի հայտ են գալիս նախորդ դարի առաջին հոլոքոստի, զանգվածային էթնիկական զտումների նորանոր ապացույցներ, և ամեն տարի Թուրքիան մերժում է Ցեղասպանությունը»: «Դառը ճշմարտությունն այն է, որ հայկական սփյուռքի 5,7 մլն ներկայացուցիչներ, որոնք սփռված են աշխարհով մեկ, ժառանգներն են արևմտահայերի, ովքեր 1915 թ. տուժել են թուրքական Օսմանյան կայսրության դաժանություններից»,- նշել է բրիտանական պարբերականը: Այնուհետև «Ինդեփենդենտը» պարզապես «ցեխն է կոխում» Սերժ Սարգսյանին. «Ժամանակակից փոքրիկ Հայաստանը` ընդամենը 3,2 մլն բնակչությամբ, որն ապրում է ժամանակին Արևելյան Հայաստան կոչվող տարածքում, աղքատ, կոռումպացված պետություն է` ժողովրդավարության խղճուկ տնազով: Այն իր հույսը դրել է արտերկրում բնակվող ավելի ապահովված հայրենակիցների ողորմածության վրա, այս իսկ պատճառով Սերժ Սարգսյանն իրականացնում է իր անհույս ճանապարհորդությունը Նյու Յորք, Լոս Անջելես, Փարիզ, Բեյրութ և Դոնի Ռոստով, որպեսզի սփյուռքին համոզի աջակցել մոտալուտ համաձայնագրին»: Իսկ հոդվածն ավարտվում է ընդհանրապես ապշեցուցիչ կերպով. «Երբ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները շաբաթ օրը Շվեյցարիայում նստեն արձանագրությունը ստորագրելու, մնում է հուսալ, որ նրանց ձեռքերից արյուն չի հոսի»: AravotԳանձագողություն ՎՊ հաշվետվության 2006-2007 թվականների ուսումնասիրությունները վերաբերում են բյուջեի ընդամենը 4 տոկոսին, որի արդյունքում, սակայն, հայտնաբերվել է 8 մլրդ դրամի խախտում: Այս թվերը նկատի ունենլով` ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը փոքրիկ հաշվարկ է կատարել. «Տեսեք, 2006 թվականի բյուջեի ծախսերը 482 մլրդ դրամ է, 2007-ինը` 558 մլն դրամ: Եթե այս երկու տարին ամբողջությամբ ուսումնասիրվեր, ապա այդ դինամիկայի պայմաններում նվազագույնը 177 միլիարդ դրամի խախտում կբացահայտվեր, որը կազմում է այդ երկու տարվա բյուջեի մեկ հինգերորդը: Սա խայտառակ բան է նշանակում. նշանակում է ուղղակի գանձնագողություն, ինչպես նշեց Համլետ Հարությունյանը»: HraparakՏաքարյուն «երիտասարդը» Նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հայրը` «Մսի կոմբինատի» տնօրեն Ռազմիկ Դարբինյանը, իր անվանական ատրճաբնակից կրակել և կրծքավանդակի մասում հրազենային վնասվածք է պատճառել 21-ամյա Արթուրին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ Ռ. Դարբինյանին տարել են ոստիկանություն: Պարզվեց` Ռազմիկ Դարբինյանը կալանքի տակ չէ. նրան տուն են ուղարկել: Փորձեցինք ճշտել, թե ինչով է բացատրվում այս հումանիզմը` հանցագործի նկատմամբ: Ոստիկանությունում զարմացած ասացին` «օրինական զենքից է կրակել»: Իսկ Ռազմիկ Դարբինյանի հարսը` Արմեն Դարբինյանի կինն, ասաց, որ իր սկեսրայրը երբեմն տաքարյուն երիտասարդի նման է իրեն պահում: Մնում է, որ այս «երիտասարդի» ճանապարհին ոչ ոք չհայտնվի: Haykakan-JamanakՀՅԴ-ից չե՞ք Երեկ առավոտից «Միացում» նախաձեռնությունը սկսել է ակցիաների շարք, որի ընթացքում մարդկանց առաջարկում է միանալ «Դեմ եմ թուրքական արձանագրություններին» ստորագրահավաքին և այրել արձանագրությունները խորհրդանշող թղթի կտորը: Ոստիկանները ակցիային խոչընդոտել են միայն այն բանից հետո, երբ իմացել են, որ ակցիան չի անցկացնում ՀՅԴ-ն: «ՀԺ»-ի թղթակցին ակցիայի մասնակիցներից Աշոտ Միսակյանը պատմել է, որ ոստիկանները մոտեցել են իրենց և հարցրել` «Դաշնակցությո՞ւնն է անում»: Լսելով բացասական պատասխան` մոտ 20 ոստիկան հարձակվել են ակցիայի կազմակերպիչների վրա և գողացել որպես կրակ ծառայող մոմը: Գլխավոր դերում եղել է ոստիկանության հայտնի դուետը` Արայիկ Պետրոսյան, Վարդան Գևորգյան, ովքեր հանրությանը հայտնի են 2007-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից, որոնց ժամանակ նրանցից մեկը հարվածել և գետնին էր գցել «ՉԻ» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանին, մյուսը` ընկած վիճակում նրա վրա արցունքաբեր գազ էր փչել: Hayoc-ashxarhԻնչո՞ւ ճակատին չմիացավ ՀԱԿ-ը «Այսօր Հայաստանում ձևավորվում է ազգային ճակատ` մեկ առանցքի շուրջ: Սա կուսակցական խնդիր չէ, այլ ազգային հիմնահարց է: Հենց դա է պատճառը, որ ազգային ճակատին չմիացավ ՀԱԿ-ը ու նրան մաս կազմող որևէ կուսակցություն: Նրանց օրակարգն այլ է: Նրանք թքած ունեն ազգային հարցերի վրա: Նրանց նպատակը իշխանափոխությունն է: Ազգային հարց լուծելու, հայրենիք փրկելու ճանապարհին իշխանափոխությունը, անհրաժեշտության դեպքում, կարող է լինել միջոց, բայց ոչ երբեք նպատակ»,- հայտարարել է Վահան Հովհաննիսյանը: Azg-oratert«Պատրաստ ենք ստորագրել արձանագրությունները Հայաստանի հետ» Հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը Հոկտեմբերի 7-ին «Ուոլ սթրիթ ջորնլը» հրապարակել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում վերջերս արած հարցազրույցի այն սղագրությունը, որը Հայաստանին է առնչվում: Ըստ հրապարակված սղագրության` Էրդողանը հայտնել է, որ շաբաթ օրը` հոկտեմբերի 10-ին, կստորագվեն հայ-թուրքական արձանագրությունները, եթե Հայաստանը արձանագրությունների տեքստում փոփոխություններ չպահանջնի, ապա և ասել է. «Այս համաձայնագրի ստորագրման հարցում ես որևէ դժվարություն չեմ տեսնում, որովհետև աշխարհը գիտի և նորից կհամոզվի, որ մենք մեր խոսքի տերն ենք: Քանի դեռ արձանագրությունների տեքստում փոփոխություններ չեն կատարվել, մենք պատրաստ ենք ստորագրել համաձայնագիրը»,- ասել է Էրդողանը: Նա միաժամանակ ընդգծել է. «Կցանկանայինք, որ համաձայնագրի ստորագրմանը ներկա լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Եթե ֆրանսիացիները չգան, գուցե ամերկացիներն ու ռուսները կգան»: Թուրքիայի վարչապետը մեծ նշանակություն է տվել նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Քիշնևում նախատեսվող հանդիպմանը: Նա մատնանշել է հայ-թուրքական հաշտեցման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների փոխկապակցվածությունը: Թեև նա արձանագրությունների ստորագրումը չի պայմանավորել նշված հանդիպումով, բայց և այնպես նշել է, որ հանդիպմանը ձեռք բերված դրական որևէ զարգացում դրականորեն է անդրադառնալու հայ-թուրքական գործընթացի վրա: Էրդողանը «շատ կարևոր» է համարել սփյուռքի հակազդեցության դեմ Հայաստանի նախագահի ընդունած կեցվածքը` ընդգծելով. «Եթե նա կարողանա պինդ կանգնել, և Հայաստանի կառավարությունը որոշի հայկական կառավարությունը, այլ ոչ թե սփյուռքը, այդ դեպքում, կարծում եմ, կկարողանանք առաջընթաց արձանագրել: Մենք այս առումով որևէ խնդիր չունենք: Դա կախված է Հայաստանի կառավարությունից»: Վերջում վարչապետ Էրդողանն ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի ազգային մեծ ժողովում կդրվեն փակ գաղտնի քվեարկության, և ոչ ոք չի վերահսկի պատգամավորների քվեն: «Ոուլ սթրիթ ջորնլը» վարչապետ Էրդողանի խոսքերը մեկնաբանելիս, նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, գրել է. «Թուրքիան հրաժարվում է իր առաջադրած առանցքային նախապայմանից` ստորագրելու համար Հայաստանի հետ սահմանի բացումը նախատեսող, ինչպես նաև Ցեղասպանության թնջուկի պատճառով տարանջատված երկու ազգերի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատող համաձայնագիրը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter