HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սպանված տղայի գործով դատում են ոստիկաններին

9_10-T-TadevosyanԱպրիլի15-ին Գյումրիում 4 տղաներ դաժան ծեծի էին ենթարկել 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին, որից 12 օր անց տղան մահացավ հիվանդանոցում: Սպանության պատճառը «Օդնոկլասսնիկի» կայքում ծանոթ աղջկա հասցեին գրված «Գնա, քու...» արտահայտությունն է եղել: Աղջկա ընկերները Տիգրանին այնպես են ծեծել, որ նա 10 օր անգիտակից վիճակում  մնալուց հետո մահացել է: Դաժան ծեծի ենթարկվելուց հետո Տիգրանին ոստիկանները բաժին էին տարել: «Երբ գնացինք ոստիկանություն, տեսանք ամբողջ դեմքն ու գլուխը ջարդված, անգույն ու մահու չափ սարսափ ապրած երեխային: Հարցի` Տիգրան ջան, ի՞նչ է եղել, երեխայի փոխարեն ինձ պատասխանեց բաժնի պետ Աշոտ Թափալցյանը, ասելով, թե քուր ջան էրեխէն սոված է եղել ու վայր է ընկել»,- «Հետքին» պատմել է սպանվածի հորեղբոր կինը` Անիչկա Թադեւոսյանը: Տիգրանին ծեծի ենթարկելու առիթով համապատասխան քայլերի չդիմած ոստիկանների նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Գյումրիի ոստիկանության 1-ին բաժանմունքի պետ Աշոտ Թափալցյանի եւ նույն բաժանմունքի հետաքննիչ Սիմոն Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը, նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: 09-10_Javahir-TadevosyanԵրեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է ոստիկանների գործը: Սպանված տղայի մայրը` տուժող Ջավահիր Թադեւոսյանը պատմեց ապրիլի 15-ի դեպքի վերաբերյալ իրեն հայտնի մանրամասները: Դեպքի օրը տղան գնացել էր դասախոսի տուն պարապելու: Ժամը 17-ի մոտակայքում մյուս տղայի ձեռքի հեռախոսին զանգ են ստացել: Զանգողը եղել է Տիգրանը: Վերջինս խնդրել է իրեն տուն տանել եւ հայտնել է, որ գտնվում է Անի թաղամասի Պարույր Սեւակ փողոցում գտնվող Լիլիա գեղեցկության սրահում: Խոսակցությունը կիսատ է մնացել, եւ երբ ավագ եղբայրը հետ է զանգահարել նույն համարով, սրահի աշխատակցուհին տեղեկացրել է, որ Տիգրանին ծեծել են եւ նա հիմա գտնվում է ոստիկանությունում: Տուժողը մանրամասը պատմեց, թե ինչպես են հասել ոստիկանություն,ինչպիսի շոկային վիճակում են գտել որդուն, ինչպես են տեղափոխել հիվանդանոց եւ թե ինչպես էին ոստիկանությունում մինչեւ վերջ պնդում, որ իրենց տղան ընկել է փողոցում եւ ոչ մի միջադեպ էլ չի եղել: Ամբաստանյալների փաստաբան Ռուբիկ Մովսիսյանի այն հարցին, թե այդ դեպքում ինչու տուժող կողմը չի պնդել, որպեսզի տեղում հենց արձանագրություն կազմվի դեպքի հանգամանքների վերաբերյալ, եւ ինչու հետագայում էլ տիկին Ջավահիրը տված ցուցմունքներում նշել է, թե տղան իբրեւ ընկել է փողոցում, տուժողը պատասխանեց, որ իրեն խնդրել են ցուցմունքն այդպես գրել, իսկ ինչ վերաբերում է արձանագրություն կազմելուն, ապա դա իրավապահ մարմինների պարտականությունն է, որում նրանք թերացել են: Որդեկորույս մայրը պատմեց, որ իրեն խնդրել են նաեւ չնշել, թե տղային ինքը վերցրել է ոստիկանությունից: «Երբ տղայիս 16-ի իրիկունը Գյումրիի Ճերմակ հիվանդանոցից տեղափոխեցինք Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, այնտեղ եկան երեւանցի ոստիկաններ եւ իմանալով ինչն ինչոց է, զայրացան որ իրենց կոլեգաները վատ են աշխատել ու ինձնից ցուցմունք վերցրեցին, որտեղ ես գրեցի, որ տղայիս էդ վիճակով նախ տարել են ոստիկանական բաժանմունք, նորմալ բուժօգնություն ցույց չեն տվել, որից հետո նոր ես Տիգրանին տեղափոխել եմ հիվանդանոց,-պատմեց տուժողը,-հետո իրանք Գյումրիից կարծեմ զանգ ստացան, դրանից հետո իմ գրած ցուցմունքը պատռեցին ու ասին եկեք նորը գրեք, միայն թե էնտեղ նշեք, որ տղային փողոցում եք գտել ընկած: Ես իրանց զգուշացրի, որ եթե Տիգրանիս գլխից մի մազ պակասի, ապա ես ցուցմունքս փոխելու եմ: Իրանց թելադրանքով ես երկրորդ անգամ եմ ցուցմունք տվել, որտեղ գրել եմ, որ տղաս ընկել է փողոցում եւ ես էնտեղից եմ իրեն վերցրել»: Գործով հրավիրված 11 վկայից դատարան էին ներկայացել 4-ը: Վկաներ Արմեն Թադեւոսյանը` մահացածի եղբայրը, եւ Անիչկա Թադեւոսյանը` մահացածի հորեղբոր կինը, դատարանին տված իրենց ցուցմունքներում պնդեցին, որ ոստիկանների անփության պատճառով Տիգրանին ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել: Իսկ ոստիկաններն էլ արձանագրություն կազմելու, տաք հետքերով ծեծող տղաներին գտնելու փոխարեն` ոստիկանության բաժանմունք են քարշ տվել ուշագնաց Տիգրանին ու պահել միջանցքում, այն դեպքում, երբ դեղատան աշխատակցուհին զգուշացրել է, որ չի կարել նրան տանել եւ որ տղան պետք է անշարժ պառկի մինչեւ շտապօգնության գալը: Վկաներից նույն բաժանմունքի ոստիկան, ավագ տեսուչ Կորյուն Մարտիրոսյանը, պատմեց, որ այդ օրը ծառայության մեջ է եղել: Ժամը 17-ի կողմը դուրս է եկել բաժանմունքից, որ շենքի դիմացի ցայտաղբյուրիվ ջուր խմի եւ նկատելով 50 մետր վրա հավաքված ամբոխին մոտեցել է: Այնտեղ իմացել է, որ մի տղայի տեղափոխել են գեղեցկության սրահ: Ներս մտնելով տեսել է իրենց բաժնի երկու աշխատակիցներին, որոնց էլ հրամայել է տղային տեղափոխել բաժանմունք: Մարտիրոսյանը պնդում էր, որ ինքը ահազանգ չի ստացել, դրա համար էլ արձանագրություն չի կազմել, եղածին էլ նշանակությւոն չի տվել, անգամ չի նկատել Տիգրանի դեմքի եւ գլխի վերքերը: Երեկվա դատական նիստում հարցաքննված 4-րդ վկան Ճերմակ հիվանդանոցի բուժքույր Մարուսյա Խաչատրյանն էր, ով դատաբժշկական մատյանում գրանցել էր դեպքը, քանի որ Տիգրանը դեպքից կես ժամ հետո բերվել էր հիվանդանոց: Մատյանում վերջինս գրել էր, որ տղան ընկել է, իսկ դատավորի հարցմանը պատասխանեց, թե գրել է ծեծված, սակայն լավ չի հիշում: Վկայի ցուցմունքից պարզվեց, որ գործով քննիչ, ամբաստանյալ Սարգսյանը միայն ամսի 17-ին է եկել հիվանդանոց, ծանոթացել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, կազմել արձանագրույթուն, որի տակ Մարուսյա Խաչատրյանն առանց կարդալու ստորագրել է: Դատարնում պարզվեց, որ արձանագորությունը կազմվել էր հետին թվով, ապրիլի 16-ով, այնինչ քննիչը հիվանդանոց էր այցելել ապրիլի 17-ին: Քանի որ դատակոչված վկաների մեծ մասը բացակայում էին, նախագահող դատավորը որոշեց նիստը հետաձգել հոկտեմբերի 26-ին: Նշենք, որ ոստիկաններին մեղավոր ճանաչելու դեպքում` նրանց սպառնում է տուգանք` 200-300 հազար դրամի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանք` 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում առավելագույնը 4 տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter