Հրանտ Բագրատյան. «Թուրքիայի հետ թշնամություն անելն ավելի հեշտ է, քան բարեկամություն»
«Հայաստանում Ցեղասպանության երեք մոտեցում կա. նախ` դաշնակների մոտեցումը, որ ոչ մի գործողություն, հարաբերությունների կառուցում` առանց Ցեղասպանության ճանաչման: Երկրորդը մեր մոտեցումն էր` որ կարող են թուրքերը չճանաչել, բայց դա մեզ չի խանգարի հարաբերություն հաստատել: Եվ պարզվեց, որ կա երրորդ մոտեցում, որ, այո, եկեք Ցեղասպանության հարցը քննարկենք»,- այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա` երբ Գյուլը հրավիրեց պատմաբանների` մասնակցելու հանձնաժողովին, այլևս պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունների ասածը գրոշի արժեք չունի, որովհետև այդպես էլ պայմանավորված է: «Ինչքան էլ Հայաստանի իշխանություններն ասեն` մեզ լսեք, ոչ թե Գյուլին, փաստն այն է, որ հանձնաժողով հրավիրվել է»:
«2001-2003 թթ., երբ քննարկվում էր Թուրքիայի` Եվրամիության անդամակցության հարցը, հիշում եմ` Բրյուսելում մի խումբ հայեր Եվրամիությանը կոչ էին անում Թուրքիային չընդունել Եվրամիություն, քանի դեռ Ցեղասպանությունը չի ճանաչել: Այն ժամանակ ասել ենք, որ դա ապազգային քաղաքականություն է: Թուրքիան իր ոտքով գնում է Արևմուտք, դուք եկել, օգնում եք Եվրոպային, որ չգնա»,- ասաց նա` նշելով, որ մենք օգնեցինք, որ Թուրքիան գա դեպի Արևելք: Իսկ եթե Թուրքիան մտներ Եվրամիություն, ավելի պակաս վտանգավոր ու ավելի կանխատեսելի կդառնար:
«Թուրքիային հիմա առաջարկվում է լինել ռեգիոնալ ավագը: Կպարզվի, որ Թուրքիայի հետ թշնամություն անելն ավելի հեշտ է, քան բարեկամություն:
Հիմա ես տեսնում եմ, թե ինչպես են օրումեջ Քլինթոնը կամ Օբաման երջանիկ զանգում Սերժ Սարգսյանին: Հասկանում են, որ իրենք պրծան»,- ասաց նա:
Ընդհանրապես, Հրանտ Բագրատյանը կողմնակից է սահմանի բացմանը, սակայն գտնում է, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինի:
«Բայց այսպիսի մի խնդիր կա` մենք Ցեղասպանության հարցը դնում ենք սեղանին, ստանում ենք բաց սահման: Սակայն բաց սահմանը ամեն րոպե կարող է նորից փակվել: Իսկ Ցեղասպանության հարցն արդեն էլ հետ չի բերի: Սա ցույց է տալիս Սերժ Սարգսյանի հաշվարկների սխալը»,- ասաց նա:
Անդրադառնալով սահմանի բացման տնտեսական հետևանքներին` Հ. Բագրատյանը նշեց, որ մենք վաղ թե ուշ կբախվենք թուրքական կապիտալին: Նրա կարծիքով` այսօրվա թուրքական միջին ձեռներեցը շատ ավելի դինամիկ է ու գրագետ, քան հայը:
«Թուրքիայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի միջին արտադրությունը երկու անգամ բարձր է, քան Հայաստանում: Ընդհանուր առմամբ, առևտուրը թույլ կտա էժանացնել Հայաստանի արտադրությունը: Սակայն հետաքրքիր երևույթ է տեղի ունենալու` Հայաստանում օլիգարխացված տնտեսությունը բախվելու է թուրքական ոչ կենտրոնացված, դինամիկ մասնավոր սեկտորին»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել