HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ուզում են որդուս սպանության գործը ծածկադմփոցով փակեն»

Lena-Erik_30_09_09Մեր նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ՀՀ ՊՆ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Կարո Սևանյանի ինքնասպանության դեպքին: Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 29-ին Կարոն 3 օրով գնացել էր Արդանիշ զորահավաքների: Այնտեղից վերեդարձել էր, սակայն այդպես էլ տուն չէր մտել. սեպտեմբերի 4-ին նրա դիակը կախված վիճակում հարազատները գտել  էին նույն քաղաքում գտնվող քրոջ տան մարագում: Հարազատները համոզված են, որ Կարոյին սպանել են, քանի որ նրա պարանոցը կոտրված է եղել, իսկ կախված վիճակում նա ծնկաչոք է եղել: Իրավապահ պարմինները առաջ են քաշում ինքնասպանության վարկածը: Քանի որ Կարո Սեւանյանը զինծառայող է, գործի մանրամասների մասին տեղեկություն ստանալու համար 29.09.09 թ. գրավոր հարցում էինք ուղարկել Պաշտպանության նախարարություն: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ փաստի առթիվ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասով («Ինքնասպանության հասցնելը»,- հեղ. ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: «Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Սևանյանն ունեցել է պարտքեր, մասնավորապես` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Սևան» մասնաճյուղին, որպես չմարված վարկի գումար, պարտք է եղել 1260 ԱՄՆ դոլար: Միաժամանակ, Կ. Սևանյանը պարտք է եղել որոշ համածառայողների և Ճամբարակ քաղաքի բնակիչների: Պարտատերերի կողմից պարտքերը վերադարձնելու կապակցությամբ Կ. Սևանյանին սպառնալու, նրա արժանապատվությունը ստորացնելու մասին քրեական գործով մինչ օրս տվյալներ ձեռք չեն բերվել: Միաժամանակ պարզվել է, որ Կ. Սևաննյանն իր աշխատավարձի քարտը 29.08.2009 թ. տվել է համածառայող Արարատ Սուրենի Չիլինգարյանին, որպեսզի վերջինս ստանա իր օգոստոս ամսվա աշխատավարձը` պարտքի որոշակի չափի դիմաց: Կ. Սևանյանը և Ա. Չիլինգարյանը գտնվել են մտերիմ փոխհարաբերությունների մեջ, և այն, որ աշխատավարձի քարտը Կ. Սևանյանը Ա. Չիլինգարյանին է տվել իր կամքով, հաստատվել է ականատես վկաների ցուցմունքով»,- նշված է նախարարության պատասխանում: ՊՆ-ից տեղեկացնում են նաեւ, որ զորամասում Կարո Սևանյանի նկատմամբ ծեծի, բռնության գործադրման կամ նրան սպառնալիքներ տալու դեպքեր չեն արձանագրվել: «Ըստ հարազատների ցուցմունքների, Կ. Սևանյանը վերջին երեք ամիսների ընթացքում ընդհանրապես տուն գումար չի տարել, որի պատճառով նրա հարաբերությունները կնոջ` Մարինե Սուրիկի Մուրադյանի հետ լարվել են: Քրեական գործի նախաքննության ընթացքում դեպքի իրական պատճառները պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարականներ են տրվել համապատասխան ծառայություններին»,- հայտնում են Պն-ից: Նշենք, որ քրեական գործով առայժմ ձերբակալված և կալանավորված անձինք չկան, իսկ գործի նախաքննությունը շարունակվում է: Զրուցեցինք նաեւ Կարոյի մոր` Լենա Ասլանյանի հետ: Նա նշեց, որ Մարտունի քաղաքի ռազմական ոստիկանության քննիչ Արկադի Մկրտչյանը  մեկ անգամ է եկել իրենց տուն` սեպտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 9-ին : Հարցաքննել է միայն Կարոյի կնոջը, սակայն հարցաքննությունը կիսատ է մնացել : Քննիչը հայտնել է, որ պետք է հարցաքննի նաեւ Կարոյի մորը, սակայն, այլեւս քննիչին չեն տեսել: «Մեզ Կարոյի թաղման օրն էր կանչել հարցաքննության, մեկ էլ տղայիս յոթի օրը ու մենք չենք գնացել, քանի որ թաղման օրը ես չէի կարող գնալ հարցաքննության»,-ասաց տիկին Լենան : Ըստ նրա` չեն հարցաքննվել նաեւ աղջկա հարեւանները, որտեղ էլ իբր Կարոն կախվել է: Մայրը հայտնեց, որ քննիչը իրենց պարզաբանելու շատ հարցեր ունի, քանի որ մինչ օրս չի ներկայացրել դիակի դատափորձագիտական եզրակացությունը, Կարոյի հեռախոսազանգերի վերջին խոսակցությունների վերծանումը եւ այլն: Տիկին Լենան նաեւ հայտնեց, որ մինչ այս պահը ոչ մի պարտքատեր իրենց չի դիմել ու չի ասել, որ Կարոն պարտքեր ուներ, իսկ բանկի վարկի մասին իրենք գիտեին: «Ես քննիչին ասելու շատ բան ունեմ: Կարոյին լեյտենանտի կոչում տալու համար տղայիս ներկայացրել են նախարարության ներկայացուցիչները, սակայն, արդեն գիտեմ, որ Կարոյից այդ կոչումը տալու համար գումար է ուզել զինվորականներից մեկը: Գումար վերցնող մարդու անունը գիտեմ, բայց քննիչը չի գալիս, որ այդ մասին ասեմ: Եթե քննիչը չի գալիս, նշանակում է, որ իրենք էլ այդ մասին գիտեն եւ ուզում են  որդուս սպանության գործը ծածկադմփոցով փակեն»,- ասաց տիկին Լենան: Մահացած զինծառայողի մայրը եւս մեկ անգամ պնդեց, որ աշխատավարձի քարտը ոչ թե մեկ անգամ է գտնվել որդու հետ աշխատող զինծառայողների մոտ, ինչպես պնդում են ՊՆ-ից, այլ մի քանի ամիս, որովհետեւ 3-4 ամիս որդին աշխատավարձ տուն չի տարել: «Պարզ է, որ զինվորները պետք է ցուցմունք տան կենդանի մնացածների օգտին, որովհետեւ մահացածը չի կարող նրանց հակադարձել: Բացի դա, իմ տղան անգրագետ չէր եւ կարող էր ինքնուրույն քարտից աշխատավարձը հանել, ինչի՞ պետք է քարտը տար ուրիշներին, որ իրենք ստանային իր փոխարեն: Ես գիտեմ, որ միայն 2 ամիս, Կարոյի աշխատավարձը քարտից ստացել է բանկոմատի աշխատակիցը` Կարինե անունով»,- ավելացրեց Լենա Ասլանյանը: «Եթե նախարարության մատնանշած զինծառայողներն այդքան մտերիմ էին որդուս հետ, ինչու մինչ օրս նրանցից ոչ մեկը մեր տուն չի եկել, հարցնի, թե ինչ վիճակում են ապրում, գտնվում նրա երեխաները: Զորամասից, նախարարությունից նույնպես ոչ ոք չի եկել մեր տուն»,- հավելեց տիկին Լենան : Նա մեզ փոխանցեց, որ որդու սպանությունը բացահայտելու համար պայքարելու է մինչեւ վերջ եւ պատրաստվում է հանդիպել ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter