HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արցախում երիտասարդները դեմ են արտահայտվել հայ-թուրքական սահմանի բացմանը

youth_09.10.09Հայ-թուրքական հարաբերություններն ու նախաստորագրված արձանագրությունները երեկ Ղարաբաղի երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ կազմակերպված կլոր սեղանի քննարկման թեման էր: Կլոր սեղանը նախաձեռնել էր ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը, որի նախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը, իր մտահոգությունը հայտնելով նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, արտահայտեց Դաշնակցության դիրքորոշումը: Այնուհետեւ երիտասարդները լսեցին միջացառման բանախոս, քաղաքական վերլուծաբան Հրաչ Արզումանյանի կարծիքը նախաստորագրված արձանագրությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլի վերաբերյալ, որից հետո էլ արտահայտեցին իրենց կարծիքները: Հրաչ Արզումանյանի գնահատմամբ` հայ-թուրքական հարաբերությունների սկսված «խաղում» իր քայլերով հայկական կողմը վերջ է դնում Ցեղասպանության ճանաչման գործընթացին, փակում Արեւմտյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի որոշ տարածքների պահանջի հարցը, ինչպես նաեւ կորցնում է այն լծակը, որով գերտերությունների միջոցով հնարավորություն է ստեղծվում ինչ-որ կերպ ազդել Թուրքիայի քաղաքականության վրա: Եւ այս ամենի արդյունքում, ըստ վերլուծաբանի, միջազգային ասպարեզում Թուրքիայի դերն ավելի է մեծանում, իսկ Հայաստանինը` ընդհակառակը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հոգեբանական կողմին, Հրաչ Արզումանյանը հայտնեց այն կարծիքը, որ 3-րդ անգամ պետականության ձեւավորումից հետո հայերը կանգնում են մի նոր վտանգի առաջ, որով փորձ է արվում բաժանել հայ ժողովրդին: Նա որպես օրինակ բերեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը, որտեղ սփյուռքահայերն այնքան էլ լավ չընդունեցին Հայաստանի նախագահին: «Իսկ պառակտումն ավելի է թուլացնում մեզ»,-գտնում է նա: Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլում եւ նախաստորագրված արձանագրություններում Հրաչ Արզումանյանը ոչ մի դրական բան չի տեսնում հայկական կողմի համար, եւ գտնում է, որ եթե գործընթացը կանգնեցնելու հնարավորություն չլինի, ապա պետք է ավելի զգոն լինել հետագա ոչ բարենպաստ քայլերը կանխելու համար: Նրա խոսքերով, Ղարաբաղում նույնպես պետք է պատրաստ լինեն դրանց, քանի որ հնարավոր է հայ ժողովրդի հույսը դարձյալ Ղարաբաղը լինի, ինչպես 1988-ին էր: Իսկ Ղարաբաղում պետք է զգոն լինել նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով, ինչին լուրջ ազդեցություն կունենան հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հետագա քայլերը, հատկապես որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունները շարունակվում են մադրիդյան սկզբունքների հիման վրա, ինչը ենթադրում է նաեւ տարածքների հանձնում: «Հնարավոր չէ մի հարցում դու զիջես, իսկ ասենք ղարաբաղյան հարցում հույս ունենաս, որ չես զիջի: Քաղաքականությունը հույսերի ու հավատի վրա կառուցելը ճիշտ չէ»,-այս միտքն է արտահայտել վերլուծաբանը: Կլոր սեղանի մասնակից երիտասարդները հիմնականում նույն դիրքորոշմանն էին, որ հայ-թուրքական հարաբերությունների նման զարգացումները չեն կարող ձեռնտու լինել հայկական կողմի համար: Իհարկե եղան արմատապես իրարից տարբերվող եւ ծայրահեղական կարծիքներ: Հավաքվածներից միայն երկու երիտասարդ են ողջունել հարաբերությունների նման զարգացումը եւ հայտնել այն կարծիքը, որ Հայաստանը կշահի հայ-թուրքական սահմանի բացումից: Նման կարծիքի է արցախյան «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության երիտասարդական թեւի ներկայացուցիչ Ալեքսանդր Բադալովը: Նա գտնում է, որ Հայաստանի տնտեսությունը կշահի բաց սահմանի պարագայում: «Տնտեսական երկկողմանի շրջափակումից շատ ավելի լավ է միակողմանի շրջափակումը»,-այսպես է նա բացատրել իր ասածը: Հայ-թուրքական հարաբերությունների նման ընթացքը ողջունում է նաեւ Ղարաբաղի խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատ Հայրենիք» կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Վահրամ Պողոսյանը, ով հանդիպման ընթացքում ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը, շեշտելով, որ կուսակցությունը վստահում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը եւ կոչ արեց «թշնամաբար չվերաբերվել Սերժ Սարգսյանին, քանի որ նա մտածում է հայ ժողովրդի մասին, եւ չի անի հայության շահերին հակառակ քայլ»: Նա, միաժամանակ հղում կատարելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների վերջերս արված հայտարարությունների վրա, հայտնեց այն կարծիքը, որ հայ-թուրքական հարաբերություններն ընդհանրապես կապ չունեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ, եւ չպեպտք է ենթադրել, որ այդ հարաբերությունները ղարաբաղյան հիմնախնդրի վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ: Բոլորովին այլ կարծիք արտահայտեցին կլոր սեղանի մյուս մասնակիցները: Օրինակ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի երիտասարդաց միության ղեկավար Սամվել Մկրտչյանը գտնում է, որ սահմանի բացումով, որքան էլ հզորանա Հայաստանի տնտեսությունը, Ցեղասպանության ուրացումն աններելի է: «Կուշտ փորով հաց ուտելը երկրորդական է, քանի որ կան արժեքներ, որոնց դավաճանել չենք կարող»,-հիմնավորեց նա: Քննարկման մասնակից Արամ Թադեւոսյանը, ով, ի դեպ, ոչ մի կազմակերպության անդամ չէ, հայտնեց այն տեսակետը, որ դարավոր թշնամի համարվող Թուրքիայի հետ հարաբերությունների ստեղծման հարցում չպետք է առաջնորդվել տնտեսական շահերով` մոռացության տալով ազգային շահը, որից է նաեւ արեւմտյան Հայաստանի տարածքների պահանջը: Նա գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է լինեն նախապայմաններով, բայց միայն ու միայն առաջադրված Հայաստանի կողմից: Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ հիմնականում հայաստանյան լրատվամիջոցների ոչ օբյեկտիվ գործունեության մասին, մասնավորապես այդ հարաբերությունների լուսաբանման մասով, որում տեղ են գտնում նաեւ բացարձակ սուտ լուրեր: Նման տեղեկատվությունը, ինչպես նշվեց, ոչ միայն հոգեբանական ազդեցություն է ունենում մարդկանց վրա, այլ նաեւ տանում է «իրարից քեն հանելուն»: ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանն իր եզրափակիչ խոսքում կոչ արեց պատրաստ ու զգոն լինել, քանի որ Ղարաբաղը հնարավոր է եւս մեկ անգամ իր վրա վերցնի հայությանը համախմբելու դերը, ինչպես 1988-ին: Իսկ համախմբման կարիքն, ըստ նրա, կա, քանի որ առկա է Հայրենիք-Սփյուռք պառակտումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter