Մահացել է «օրենքով գող» Յապոնչիկը
Մի քանի ժամ առաջ Մոսկվայի Կաշիրյան պողոտայում գտնվող մասնավոր հիվանդանոցում մահացել է հանցավոր աշխարհում թերևս ամենահեղինակավոր «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովը` Յապոնչիկը: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` «օրենքով գողի» առողջությունն այդպես էլ չի վերականգնվել մոտ երկու ամիս առաջ նրա նկատմամբ կատարված մահափորձից հետո:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի երեկոյան «Թայլանդական սրահ» ռեստորանի մոտ վարձու մարդասպանը` օպտիկական նշանառությամբ դիպուկահարի զենքով, «Գազել» մակնիշի ավտոմեքենայից կրակել էր քրեական հեղինակության վրա:
Որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքով` 69-ամյա Վյաչեսլավ Իվանկովը ծանր վիճակում տեղափոխվել էր Մոսկվայի Բատկինյան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Սկզբում բժիշկներն ասել էին, որ նման վնասվածքը սովորաբար անհամատեղելի է կյանքի հետ, բայց վստահեցրել էին, որ Յապոնչիկի կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն ավելի ուշ «օրենքով գողի» վիճակը ծանրացել էր:
Կատարված մահափորձի առթիվ նախաքննությունը շարունակվում է: Դեռևս պաշտոնապես որևէ վարկած չի հաստատվել: Սակայն, ըստ ռուսական լրատվամիջոցների, ամենահավանական վարկածն այն է, որ Յապոնչիկն ակտիվ մասնակցություն է ունեցել հանրահայտ երկու «օրենքով գողերի» ` Դեդ Հասանի (ազգությամբ եզդի Ասլան Ուսոյան) և Տարիել Օնիանիի (ազգությամբ վրացի) խմբավորումների միջև տեղի ունեցող «ռազբորկային»: Այդ հակամարտությունում, «Criminalnaya.ru»-ի փոխանցմամբ, Վյաչեսլավ Իվանկովը պաշտպանել է Ասլան Ուսոյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել