HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ցեղասպանությունը վերապրածները դեմ են սահմանի բացմանը

Ֆարխա Հակոբյանը ծնվել է 1908 թ. Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սինան գյուղում: Ֆարխան չի հիշում, թե որ տարիքում է մորը կորցրել: Չի հիշում նաեւ` մայրը զոհվել է թուրքերի խոշտանգումների՞ց, թե՞ պարզապես մահացել է: Հիշողության մեջ տպավորվել է միայն, որ խորթ մայրն է իրեն, քրոջն ու եղբորը մեծացրել: Ֆարխան ամուսնացել է 14 տարեկանում` թուրքահայի հետ: Նրա եղբայրը մնացել է Թուրքիայում, իսկ ինքն ամուսնու հետ արտագաղթել է Սիրիա: Ճանապարհին թուրքերը նրանց թալանել են, ու նրանք առանց ապրուստի, դատարկ ճանապարհ են ընկել: Սիրիայում ապրել են մինչեւ 1966 թ., ապա եկել են Հայաստան եւ հաստատվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում: Նրա խոսքով` Սասունիկում հիմնականում սասունցիներն են վերաբնակվել, ու ինքը ցանկացել է այդ միջավայրում ապրել:

12_10-farkha101-ամյա կինն արդեն շատ բան չի հիշում, սակայն երբեք չի մոռանում, որ քույրը թուրքերի ձեռքը չընկնելու համար ինքնասպան է եղել: Չի կարողանում մոռանալ նաեւ, թե ինչպես են թուրքերը բռնությամբ տարել տեգոր հարսնացուին: Մինչ օրս Ֆարխա տատը աղջիկներից հետաքրքրվում է, թե «տեսնես թուրքերն ինչ արեցին այդ աղջկան»: Ցեղասպանությունն իր աչքով տեսած Ֆարխան պատմում է, որ իր գյուղում հայերին միշտ հալածում էին: Մի օր էլ տանը նստած են եղել, ու դուռը թակել է մի թուրք զինվորական: Նա հորը ինչ-որ թուղթ է բերել: «Թուրք զինվորը լալիս էր ու հորս ասում` ո՞նց սպանեմ քեզ, որ քո տանը հաց եմ կերել»: Զինվորը խղճաց հորս ու չսպանեց: Հորս գիշերով տարավ ինչ-որ թուրքի տուն ու այնտեղ գաղտնի պահեց մի քանի օր: Հենց թուրք զինվորականի կինն էլ տիրություն է արել հորս»,- պատմում է Ֆարխա տատը: Ֆարխայի եղբայրը նույնպես կենդանի է մնացել եւ այժմ բնակվում է Գերմանիայում: Թուրքիայից Սիրիա արտագաղթելուց հետո Ֆարխան այլեւս եղբոր հետ կապ չի ունեցել: 1988 թ. եղբայրն իմացել է, որ քույրը Սասունիկ գյուղում է ապրում ու հեռախոսահամարներ գտնելով` զանգել է քրոջ հարեւանի տուն եւ մի քանի բառ փոխանակել նրա հետ: Հեռախոսային խոսակցության ժամանակ կապն ընդհատվել է: Եղբայրը կարծել է, թե քույրն իր հետ խոսելիս մահացել է ու մի քանի օր անց ժամանել է Հայաստան: Ֆարխայի դուստրերը պատմում էին, թե ինչ հուզիչ տեսարան էր, երբ մի քանի տասնամյակի բաժանումից հետո իրար են հանդիպել քույր ու եղբայր: Ֆարխային ճանաչել է եղբոր կինը, որին երբեք չէր տեսել: Եղբայրը մի քանի օր անցկացրել է Սասունիկում ու ետ վերադարձել: 1994-ին Ֆարխային հրավիրել է Գերմանիա, մի քանի ամիս պահել իր մոտ, վիրահատել է քրոջ աչքերն ու ճանապարհել է Հայաստան: Հիմա նրանք հեռախոսով են հաղորդակցվում: Ֆարխա տատից հետաքրքրվեցինք` կցանկանագ տեսնել Դիարբեքիրում մնացած իր տունը: «Կյանքում էլ չեմ գնա Թուրքիա ու իրանց հետ բառ չեմ փոխանակի: Նույնիսկ իրանց ձայնը չեմ ուզում լսել: Շատ վտանգավոր ժողովուրդ են թուրքերը: Եղբայրս որ եկավ, նրան հարցրի Թուրքիայի մեր գերեզմանների մասին: Եղբայրս ասաց, որ թուրքերն ամբողջ գերեզմանները քանդել են ու տեղը ցորեն, գարի են ցանել, բա էլ գնամ Թուրքիա իգնչ անեմ: Մեր ունեցվածքն էլ չի մնացել: Հլա ընդեղ էի, երբ թուրքերը եկան մեր ոսկիները գտան ու բաժանեցին իրար մեջ: Թող թուրքերը ղուրբան ըլնեն քո եղունգին, ստեղից ուրիշ տեղ էլ չեմ գնա»,- ավելացրեց Ֆարխա տատը: Նրա դուստրը` Մանուշակը, պատմում էր, որ մայրը հետեւում է հեռուստատեսությամբ հաղորդվող լուրերին եւ ամեն անգամ վերապրում անցյալը, երբ լսում է «թուրք» բառը. «Երբ խոսում են հայ-թուրքական հարաբերությունների մասին, շատ բաներ մայրս չի հասկանում, բայց մեկ էլ սկսում է գոռգոռալ, թե` թաղեմ թուրքերի գլուխը, հայերին էլի կոտորեցին: Հետո հանդարտեցնում ենք, որ ոչ մեկը հայերին չի կոտորում»: **** 12_10-anjela

Այժմ Էջմիածին քաղաքում է ապրում Թուրքիայի Քիլիս քաղաքում ծնված 100-ամյա Անժել Զատիկյանը: Այս տարիքում նա միայնակ է: Որդին ապրում է Ռուսաստանում: Անժել տատը նույնպես Ռուսաստանում է եղել, սակայն չի կարողացել այնտեղ ապրել ու ետ է վերադարձել Հայաստան: «Ես իմ հողից բացի` ուրիշ տեղ չեմ կարող մնալ»: 100 տարեկան կինը շատ բան չի հիշում իր մանկությունից: «9 երեխա ենք եղել, բայց Թուրքիայում 7 քույր ու եղբայրներս սովից մահացան: Հիշում եմ` մայրս ու հայրս ուրախացել էին, որ նրանց հացը իրենց կմնա, ու երեխաներն էլ թուրքերի ձեռքը չեն ընկնի: Բա մա՞րդ էլ իրա երեխայի մահով ուրախանա»,- վերհիշեց Անժել տատը: Թուրքիայից արտագաղթել են Սիրիայի Ազեզ քաղաք, այնտեղից էլ 1946 թ. եկել են Հայաստան: «Հայրս ու մայրս հայերեն չգիտեին, մենք Սիրիայում ենք հայերեն սովորել: Ես ու եղբայրս որ ուզում էինք ծնողներիցս գաղտնի խոսել` հայերեն էինք խոսում: Սկզբում, երբ մերոնք թուրքերեն էին խոսում, այդքան էլ վատ չէին վերաբերվում Թուրքիայում, բայց հետո սկսեցին ճնշել, ու մենք էլ արտագաղթեցինք Սիրիա»,- ասաց Անժել տատը: Նա հիշում է, որ հազիվ են կարողացել Թուրքիայից փախչել եւ դատարկաձեռն հասել Սիրիրա: «Իսկ կոգղմ եք, որ Հայաստանը Թուրքիայի հետ սահմանը բացի»,- հարցրի Անժել տատին: «Ինձ ի՞նչ` սահմանը կբացեն, թե չեն բացի: Իմ հայ-հայը գնացել, վայ-վայն է մնացել: Թուրքերը միշտ հայերին կոտորել են, եթե ռուսը մեզ չպաշտպաներ, քոքից կկոտորեին մեզ: Ես թուրքերից չեմ վախենում, բայց չեմ էլ ուզում իրանց սֆաթը տեսնեմ»,- նշեց 100-ամյա Անժել տատը: Նա իրեն պաշտպանելու «լավ միջոց» է գտել: «Եթե թուրքերը գան Հայաստան ու էլի սկսեն կոտորել, թուրքերեն կխոսամ, կիմանան թուրք եմ ու ինձ ձեռք չեն տա»,- ամենայն լրջությամբ ասաց Անժել տատը: **** 12_10-khazal

Գրեթե նույն ճակատագիրն է ունեցել ազգությամբ եզդի Խազալ Հասոյանը: Նա ծնվել է 1908 թվականին` Սուրմալու քաղաքում: Նրա ասելով` Թուրքիայում եզդիներին նույնպես կոտորել են, քանի որ իրենք չեն դավանել թուրքերի կրոնը: Բայց եզդիներին ավելի շատ նեղություն են տվել քրդերը: «Մեզ սկսեցին ճնշել ու որոշեցինք, որ հանգիստ դուրս գանք Թուրքիայից: Մեր ամբողջ ունեցվածքը, անասունները հավաքեցինք ու արդեն հասել էինք Արազի ափին, որ անցնեինք Հայաստանի սահմանը: Բայց ասացին, որ ռուսները եկել են, քրդերին քշել են ու կարող ենք ետ վերադառնալ մեր տները: Մենք էլ ետ գնացինք: Հանգիստ կյանքով ապրել ենք մոտ 2 ամիս, որից հետո ռուսները գնացին, ու քրդերը սկսեցին մեզ կոտորել»,- պատմում է Խազալը: Նա հիշում է, որ երկու հորեղայրներն էլ իրենց ընտանիքներով զոհ են գնացել քրդերի հալածանքներին: «Որ տեսանք արդեն սպանում են մարդկանց, գիշերով փախանք մեր տնից: Հետներս ոչ մի բան չենք վերցրել, դատարկ անցել ենք Հայաստանի սահմանը»,- ավելացրեց Խազալ տատը: Նա պատմում է, որ Թուրքիայում շատ ոսկի են ունեցել: Այնքան շատ է եղել, որ հայրն ու հորեղբայրները ոսկին փռել են սեղանին ու դրա վրա շախմատ խաղացել: Խազալ տատը հայերեն չի խոսում ու շատ քիչ է հասկանում: Այդ պատճառով գրեթե հեռուստացույց չի նայում: Որդին է մորը պատմում կատարվող անց ու դարձի մասին: Խազալ տատը մինչ օրս վախենում է թուրքերից ու քրդերից եւ չի ցանկանում, որ սահմանը բացվի, թեեւ երանությամբ է հիշում Սուրմալուի իրենց տունը: «Ստեղ ի՞նչ կա, ընդեղ շատ լավ էր: Բայց արդեն ժամանակներն անցել են ու չեմ գնա ընդեղ: Էն բաները, դարդ ու ցավը, որ մենք ենք տեսել` ո՞նց չենք վախենա: Չեմ ուզում, որ սահմանը բացեն, կգան ստեղ էլ նույն կոտորածը կանեն»,- ասաց Խազալ տատը: Նրա որդին` Ավդալբարին, նույնպես կողմ չէր սահմանի արագ բացմանը. «Իմ ծնողների պատմելով` արդեն գիտեմ, որ հնարավոր չի թուրքը խաղաղ ապրի: Բայց չգիտեմ, կարող ա մեծ երկրները ուլտիմատում անեն ու թուրքերը հանգիստ նստեն իրենց տեղը: Մի կողմից էլ կարող ա սահմանը բացվի ու լավ լինի մեզ համար: Գոնե կգնանք մեր ծնողների տունը կտենանք: Եթե շահ կա` թող բացեն սահմանը»: Նա հետեւում է լրատվությանը եւ համաձայն չէ, որ Սերժ Սարգսյանը թուրքերի հետ հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները ստորագրի: «Իմ սրտով չի, որ Սերժ Սարգսյանը պիտի ստորագրի դրանք: Սկզբից պետք ա համոզվի, որ ամեն ինչ խաղաղ ա անցնելու, թե չէ` հենց էնպես սահմանը բացելն ու՞մ ա պետք: Եթե երաշխիքներ տան թուրքերը, մեծ սրտով կուզեմ, որ սահմանը բացվի, բայց հիմա լավ բան չեմ մտածում»,- ավելացրեց ցեղասպանություն վերապրածի ժառանգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter