HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Արագիլները չվել են, բայց խոստացել են վերադառնալ

Ապագա գյուղի սպիտակ արագիլները, վերջին անգամ բնի մեջ խառնելով ու վերադասավորելով ամռան ամիսներին կուտակած «կարողությունը», պատրաստվում են չվել դեպի տաք երկրներ: Երբ արագիլների զույգն արդեն լքի իր բույնը, շրջակայքում ապրող մարդիկ բնի միջից կգտնեն իրենց կոշիկի զույգը, աշխատանքային գործիքը, երեխայի խաղալիքը կամ ամռանը կորած այլ իրեր:

Մինչեւ գարուն մարդիկ կմոռանան արագիլի պատճառած բոլոր անհարմարությունները եւ կսպասեն թռչնի վերադարձին, որ տարին բարի լինի: Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ Արայիկ Աֆրիկյանի տան կտուրին հյուսված արագիլի բույնը 30 տարվա է: Տանտերն արդեն հոգնել է` ամեն տարի կարկատելով իր տան պատերի ճաքերը, որոնք առաջացել են բնի ծանրությունից, բայց բույնը քանդել այդպես էլ չի որոշում:

«Ախր ես ի՞նչ անեմ, կտուրս քանդում է, բույնը դրել է անձրեւաջրի խողովակի վրա ու հավեսով նորոգում է»,- դժգոհում է մտահոգ տանտերը, հետո ժպտալով ավելացնում`«Էս տարի 4 հատ ձագ է բերել»: Երբ դժգոհություններին միացավ նաեւ նրա կինը, հարցրի` ինչու՞ չեք քանդում: «Սիրում ենք, մեր թռչունն է, մեր ամբողջ կյանքը մեզ հետ է եղել»,- ասաց Արայիկը:

«Ոչինչ, գալիք տարի կտուրս կվերանորոգեմ, պատվանդան կդնեմ ու բույնը կբարձրացնեմ պատվանդանի վրա, թող տենց մնա»,- ինքն իրեն մխիթարելով` ասում է արագիլի հարեւանը, հույս ունենալով, որ գոնե այդպես կփրկի իր տանիքը: Գյուղի բնակիչները վախենում են քանդել արագիլի բույնը, եթե անգամ այն այնքան է ծանրանում, որ խանգարում է իրենց: Մարդիկ բողոքում, դժգոհում են, լինում են դեպքեր, որ այնքան են հուսահատվում, որ ուրիշներին են խնդրում քանդել այն, բայց իրենք ձեռք չեն տալիս: 2005 թ.-ից Հայաստանի Ամերիկյան համալսարանի

«Հակոբյան բնապահպանական կենտրոն»-ը իրականացնում է «Սպիտակ արագիլ» հետազոտական ծրագիրը: Այդ բները պահպանում են ոչ միայն կենտրոնի գիտահետազոտողները, այլ նաեւ բների հարեւանությամբ ապրող մարդիկ, ում տան տանիքի կամ ծառերի վրա արագիլը բույն է հյուսել:

12_10-aragil-1

Արայիկ Աֆրիկյանը, համարվելով արագիլի ամենամոտ հարեւանը, ամբողջ տարվա ընթացքում կենտրոնի մշակած հարցաթերթիկի մեջ լրացնում է տվյալներ արագիլի վերադարձի, թխսի շրջանի, ձագերի թվի, չուի մասին եւ տարեվերջին այն հանձնում կենտրոնի հետազոտողներին: Այդպես արագիլների հարեւանների օգնությամբ այս տարիների ընթացքում համարակալվել է Հայաստանի տարբեր բնակավայրերում հյուսված 996 սպիտակ արագիլի բույն: Ամեն մի բնի կողքին կա փոքրիկ վահանակ` «պահպանվում է» նշումով: Անցած տարվա հաշվարկով` 680 բներում բնակվում էին զույգեր, իսկ 21-ում` առանձնյակներ, մյուս բները մնացել էին դատարկ: Արագիլի մասին հավաքվող տվյալներն անհրաժեշտ են ոչ միայն Հայաստանում սպիտակ արագիլի պահպանության, այլ նաեւ արագիլի միջոցով շրջակա միջավայրի աղտոտվածության չափը պարզելու համար: Բանն այն է, որ արագիլները բնական թշնամիներ չունեն, եւ որպեսզի նրանց սերունդն առողջ լինի, արագիլները բնից գցում են հիվանդ կամ թույլ ձագերին: Եթե մի բնակավայրում արագիլները շատ են ձագեր գցում բնից, նշանակում է, որ այդ տեղանքն աղտոտված է թունաքիմիկատներով կամ վնասակար թափոններով, որի հետեւանքով արագիլի ձագերը հիվանդ եւ թույլ են լինում: Իհարկե, նման դիտարկումներ անելու համար երկարաժամկետ ուսումնասիրություններ են անհրաժեշտ:

«Շատ դժվար էր մարդկանց համոզել, որպեսզի նրանք հետեւողականորեն գրանցեն արագիլների մասին մեզ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: Գյուղերում մարդիկ ամբողջ օրը դաշտերում են աշխատում, տարբեր հոգսերով են զբաղված, երբեմն մոռանում էին հետեւել արագիլի վարքին, երբեմն բարկանում էին, որ խնդրում էինք անվճար գործ անել, բայց մենք համոզում էինք, բացատրում, փորձում ընկերանալ, միք քիչ իրենց հետ ժամանակ էինք անցկացնում, դաշտում օգնում էինք, դրանից հետո միշտ ասում էին` դե լավ, մյուս տարի ամեն ինչ կլրացնենք»,- պատմում է «Սպիտակ արագիլ» ծրագրի աշխատակից Մարո Քոչինյանը:

Արագիլները հիմնականում բույն են հյուսում տան տանիքների, ծառերի, հուշարձանների, լքված կռունկների, էլեկտրական սյուների վրա: Հայաստանում կան մի քանի տոննա կշռող բներ: Բները տարեցտարի ծանրանում եւ երկարում են այն պատճառով, որ արագիլն ամեն տարի անպայման նորոգում է այն: Դա բնազդաբար է արվում, քանի որ եթե «տունը» նորոգված չլինի, ձվադրման պահանջ չի առաջանա: Այդպես ամեն տարի արագիլի բույնը նոր շերտով ավելանում է: Այդ շերտերով կարելի է հաշվել արագիլի բնի տարիքը: Լինում են դեպքեր, երբ էլեկտրական սյուների վրա կառուցված բներն այրվում են: Մեծ արագիլները հասցնում են թռչել այրվող բնից, բայց ձագուկները երբեմն այրվում են կամ վնասվում: Այդպիսի դեպքերում գյուղի բնակիչները զանգահարում են կենտրոնի աշխատակիցներին եւ օգնության կանչում: Կենտրոնի նախաձեռնությամբ արագիլների ոտքերին անցկացվում են օղակներ: Օղակավորվում են հիմնականում ձագերը: Օղակների վրայի համարները չեն կրկնվում. այդպես հետազոտողները կարողանում են միմյանց հաղորդել, թե որտեղ են գտնվում այս կամ այն երկրի թռչունները: Հայաստանի բներում ծնված 200 արագիլ արդեն իրենց ոտքերին կրում են «ՀՀ քաղաքացիությունը» վկայող օղակներ:

12_10-aragil-2

Շատ քչերը գիտեն, որ բնի արագիլները հիմնականում փոխվում են: Հազվադեպ է պատահում, որ արագիլը վերադառնա իր նախկին բույնը: Սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին արագիլները սկսում են խումբ-խումբ չվել տաք երկրներ: Հայաստանի մի քանի գյուղերից նրանք արդեն չվել են` խոստանալով գարնանը վերադառնալ իրենց հայրենի` Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Վայոց Ձորի գյուղերը:

Լուսանկարները` Մարո Քոչինյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter