HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատրաստ են մինչև վերջ պայքարել Ջրվեժի համար

ecologists_9.10.09«Ջրվեժ» անտառապարկից օտարված սոճու անտառը պետք է անհապաղ վերադարձվի անտառապարկին, իսկ կառավարության 684-Ն որոշումը վերանայվի անտառապարկի ամբողջականության օգտին: «էկոԼուր»-ի փոխանցմամբ` այսօր ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանի հետ հանդիպան եկած հասարակական կազմակերպությունների հստակ դիրքորոշումն էր` 21,76 հա տարածքը վերադարձնել  «Ջրվեժ» անտառապարկին: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ:

Կառավարության որոշման վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: «Ես հույս ունեմ, որ կառավարությունը կլսի հասարակության ձայնը եւ կվերանայի իր որոշումը»,- ասաց նա: Իրենց ելույթներում «Ջրվեժ» անտառապարկի նշանակության` Երեւանի թոքերը լինելու մասին խոսեցին Հայկական բուսաբանական ընկերության նախագահ, գիտության վաստակավոր գործիչ Էլիոնորա Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լիա Օսիպյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր Գոհար Օգանեզովան: «Ջրվեժի Ղրիմյան սոճիները մեզ ամբողջ տարի թթվածին են տալիս: Այդպիսի ուրիշ անտառ Հայաստանում չկա…  Պարկի ստեղծման վրա աշխատել են նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները: Իսկ այժմ ինչ-որ մեկը որոշել է յուրացնել ուրիշի աշխատանքը… Մենք թույլ չենք տա, մինչեւ վերջ կպայքարենք Ջրվեժի համար»,- հայատարարեցին մասնակիցները: Սոճու անտառը «Ջրվեժ» անտառապարկում միակ «համեղ պատառը» չէ: Խորհրդակցության մասնակիցներ Մանե Հակոբյանը եւ Հրանտ Սարգսյանը բացասական կարծիք հայտնեցին Հրանտ Վարդանյանի բարեգործական հիմնադրամի կողմից անտառապարկի կենտրոնում 32 հա տարածքի վարձակալության վերաբերյալ:  Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ անհրաժեշտ է արգելոցային տարածքներում արգելել տարածքներ վարձակալելը: «Աշխարհում նման պրակտիկա չկա` վարձակալության տալ արգելոցային տարածքները, եւ մենք պետք է հետեւենք միջազգային նորմերին, որոնք պաշտոնական մակարդակով հայտարարում ենք»,- ասաց նա: Արամ Ղարիբյանը համաձայնվեց այն հարցում, որ նման հարցերը պետք է հասարակական քննարկում անցնեն, եւ խոստացավ տեղեկացնել հասարակայնությանը հետագա որոշումների մասին: «Եթե խնդիրներ են առաջանում, ապա գոյություն ունեն նրանց լուծումները»,- ասաց վարչապետի խորհրդականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter