HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վալերի Մեջլումյանը աշխատողներից պահանջում է ազնիվ աշխատանք և աշխատանքային հարաբերություններ

Այսօր միջազգային ֆինանսական ճգնաժամի հարվածներից շրջապտույտի մեջ հայտնված «Վալլեքս գրուպ» ընկերությունների ղեկավարությունը Ալավերդու մշակույթի պալատում հրավիրել էր « Էյ-Սի-Փի» ընկերության աշխատողների ժողով, որտեղ խմբի ընկերությունների ետճգնաժամային վիճակի մասին աշխատողներին տեղեկատվություն հաղորդեցին ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը և տնօրենները: Ժողովի ընթացքում պարզվեց, որ մասնավորապես Վալերի Մեջլումյանը միջազգային ֆինանսական ճգնաժամի դասերի արդյունքում որդեգրել է կառավարման կարևոր և նոր մոտեցումներ:

Ելնելով այն հանգամանքից , որ վերջին տարիներին « Էյ-Սի-Փի» ընկերության արտադրամասերում ավելացել են աշխատողների կողմից կատարվող խարդախություններն ու գողությունները, ինչպես նաև հաճախակիացել են արտադրության տեխնոլոգիական խախտումները, դրանց դեմ պայքարելու համար Վ.Մեջլումյանը հայցեց ընկերության բանվորների ու մյուս աշխատողների աջակցությունը: Արդյունավետ աջակցության դեպքում «Վալլեքս գրուպի» նախագահը իր աշխատողներին խոստանում էր դրամական պարգևատրումներ` նրանցից պահանջելով ազնիվ աշխատանք և աշխատանքային ազնիվ հարաբերություններ: Վ. Մեջլումյանը ընկերության աշխատողներին հայտնեց նաև «Վալլեքս գրուպի» ետճգնաժամային վիճակին վերաբերող ինչպես մտահոգող այնպես էլ դրական տեղեկություններ: Նա նշեց, որ այս պահին ընկերություններում շահույթ ապահովելու տեսակետից գլխավոր և շարժիչ ուժը «Բեյզ Մեթըլս» ՓԲՆ-ն է, որի շահույթների հաշվին էլ ամսական շուրջ 1 մլն դոլարի ծախսեր են կատարվում Թեղուտի ծրագրի վրա: «Սրանից 0,5մլն. դոլարը ծախսվում է Թեղուտի ծրագրի շինարարության վրա, իսկ մյուս մասը ծախսվում է «ՎՏԲ»-ի ֆրանսիական դուստր բանկերից վերցրած վարկերի վրա»,-ասաց Վ.Մեջլումյանը: Ըստ նրա ներկայումս Թեղուտում աշխատում է 300 մարդ: Վ. Մեջլումյանը Ալավերդիում հաճախ է իր հեռահար ծրագրեր մասին բարձրաձայնում: Դրանց չիրականացման համար Հայաստանի տնտեսական բարդ պայմաններում միշտ չէ, որ ճիշտ է մեղադրել արտադրողին, սակայն տարիներ շարունակ չիրականացված նրա շատ խոստումներ հուսահատեցրել են ալավերդցի հազարավոր գործազուրկներին: Նրանք սպասումներից հոգնած Մեջլումյանին հաճախ որակել են որպես անհուսալի երազողի: Ալավերդցիները վաղուց Մեջլումյանից իրատեսական խոստումներ են սպասում: Այս անգամ էլ պարոն Մեջլումյանը նոր հետաքրքիր գաղափարներ և խոստումներ ներկայացրեց իր աշխատողներին ու ալավերդցիներին: Նախ նա հայտնեց, որ թեև Թեղուտում ունեն նախնական դրական արդյունքներ, այդուհանդերձ Թեղուտի ծրագրի հետ կապված մի քանի լուրջ քայլեր պետք է կատարվի Դրմբոնում, Ալավերդու պղնձաձուլական գործարանում և մյուս արտադրամասերում: «Թեղուտի ծրագրում կա մի արդյունաբերական երևույթ, որտեղ պետք է լինելու շուրջ 30-40 հազար տոննա ծծմբաթթու: Դա նշանակում է, որ մենք Ալավերդիում կունենանք ծծմբաթթվի արտադրություն»,- ասաց Վ.Մեջլումյանը և ներկայացրեց արտադրամասի գործարկման անհրաժեշտությունն ու առավելությունները: Նա ընդգծեց 2 կարևոր հանգամանք, որոնցից առաջինը կապեց Ալավերդու բնապահպանական վիճակի առողջացման, երկրորդը` արտադրության ավելացման ապահովման հետ: Վ.Մեջլումյանը հայտնեց, որ խորհրդային տարիներից մնացած ընկերության ծծբաթթվի արտադրամասի տեխնոլոգիաները հնացած են այսօրվա արտադրության պահանջների համեմատ եւ կարևորեց ծծմբաթթվի շուկայի ընդլայնումը: «Որովհետև մենք Թեղուտում կօգտագործենք 40 հազար տոննա ծծումբ, իսկ ծծմբի նախատեսված ամենափոքր արտադրությունը լինելու է 70 հազար տոննա տարեկան կտրվածքով: Մենք պետք է ունենանք 2-րդ շուկան, որտեղ պետք է ուտիլիզացնենք այդ ծծմբական թթուն: Այս ծծմբական թթուն նախատեսվում է օգտագործել Թեղուտում»,- աշխատողներին ասաց Վ.Մեջլումյանը: Պ.Մեջլումյանը հավաստիացրեց, որ, եթե ամեն ինչ գնա ճիշտ և նորմալ ձևով, այսինքն իրականանան նրա սպասումները, ապա «Վալլեքս գրուպ»-ում կստեղծվեն մեծ քանակի աշխատատեղեր, 3-4 տարվա ընթացքում այսօրվա 300 հոգու փոխարեն կաշխատեն 600-ից ավելի մարդ, իսկ դրանից հետո շինարարների քանակը կնվազեցվի, բայց մոտ 1000 հոգի կաշխատեն Թեղուտի կոմբինատում և միաժամանակ Ալավերդիում կստեղծվի տնտեսական տեսակետից գրավիչ և շահութաբեր արտադրություն: «Գաղտնիք չէ, որ այսօրվա մեր արտադրությունը Ալավերդիում ոչ միայն էկոլոգիական տեսակետից մաքուր չէ, այլև մյուս կողմից շահութաբեր չէ: Այն փոքր շահույթը, որ մենք ունենք, առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մատչելի գներով ենք մենք Դրմբոնից խտանյութ գնում: Սակայն դա չի կարող շարունակվել մինչև կյանքի վերջ»,- ասաց «Վալլեքս գրուպ» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը: Նա աշխատողներին հայտնեց, որ հոկտեմբերից սկսած մոտավորապես 15- 20 տոկոսի բարձրացնելու է աշխատողների աշխատավարձը: «Բեյզ Մեթըլս»-ի հեռահար ծրագրերն աշխատողներին ներկայացրեց ընկերության տնօրեն Արթուր Մկրտումյանը: «Դրբոնի հանքային համալիրը աբողջությամբ ձևավորել է իր արտադրական հզորությունները: Դրբոնում այս պահի դրությամբ աշխատում են 1050 աշխատողներ, թողարկում է խտանյութ, որն ամբողջությամբ ուղարկվում է Ալավերդի: Դրմբոնում պատրաստվում են թողարկել խտանյութի չորացման նոր արտադրամաս, որը կօգնի լուծել արդեն ավանդական դարձած խտանյութի խոնավության պրոբլեմը: Հուսով ենք, որ ներկայիս խտանյութի 13-13,5 տոկոս խոնավությունը չորացման հետևանքով կարող է հասցվել 7-8 տոկոսի: Դա կբերի ոչ միայն խտանյութի ձուլման ծախսերի նվազեցման, այլև խտանյութի ձուլման դժվարությունների վերացման»,- ասաց Ա. Մկրտումյանը: Նա նաև տեղեկացրեց, որ լուրջ հետազոտություններ են կատարվում Դրմբոնից շուրջ 20կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաշենի հանքավայրում եւ դրական արդյունքների դեպքում ընկերությունը կստանա խտանյութի նոր պաշարներ: Թեղուտի ծրագրերի ֆինանսավորման շուրջ ընթացող բանակցությունների ընթացքի մասին ժողովի մասնակիցներին տեղեկատվություն հաղորդեց «Էյ-Սի-Փի» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանը: «Ձեզանից շատերը գիտեն, որ արդեն իսկ 4 տարի կլինի, 2005թ.-ի հոկտեմբերին Թեղուտի հանքավայրի ծրագրի ֆինանսավորման հետ կապված ստորագրել ենք և բանակցում ենք «ՎՏԲ» բանկի հետ: Ընդհուպ անցյալ տարվա մայիս ամսին ստորագրվեց վարկերի փոխանանցման պայմանագիր, 9,5մլն.ԱՄՆ դոլարի, սակայն մինչ այժմ պայմանավորված առանձին հանգամանքներով, նաև միջազգային ֆինանսական ճգնաժամի պատճառով, Թեղուտի ֆինանսավորման խնդիրը բանկի կողմից լուծված չէ: Այս պահի դրությամբ Թեղուտում բոլոր աշխատանքները իրականացվում են «Վալլեքս»-ի ներքին ռեսուրսների հաշվին, հիմնականում «Բեյզ Մեթըլս» ընկերության շահույթի միջոցներով: Բանկի հետ ֆինանսավորման բանակցությունները շարունակվում են: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի վերջին, և բավականին մանրամասն քննարկումների արդյունքում համաձայնեցվեցին ֆինանսավորման բոլոր հարցերը: Բանկի նախագահի կողմից եղավ հավաստիացում, որ մինչև 2009թ.-ի վերջ բանկը կսկսի ծրագրի ամբողջական 100 տոկոս ֆինանսավորումը: Աշխատանքներն այս պահին շարունակվում են բանկի հետ»,-ասաց Գ. Արզումանյանը, սակայն միաժամանակ կասկածներ հայտնեց մինչև տարեվերջ ֆինանսավորման համար: Գագիկ Արզումանյանը նաև հայտնեց, որ «Վալլեքս գրուպ»-ը այս ընթացքում շարունակում է Թեղուտի ֆինանսավորման նոր գործընկերներ գտնելու աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter