Զբոսաշրջիկների հոսքը Տաթևի վանական համալիր նվազել է
Իսկ մայր եկեղեցուն քանդվելու վտանգ է սպառնում
Տաթևի վանական համալիրի մայր եկեղեցին անձրևների ժամանակ հայտվում է ջրի մեջ: «Սելավի ժամանակ բակն այնքան բարձր է, շինարարական մնացորդներն այնքան շատ են, որ բակի ջրերը գնում է դեպի եկեղեցին: Այս տարի մի 10 սմ ջուր է լցվել եկեղեցու ներսը: Ձմեռը սառույցներ կկախվի եկեղեցու ներսում, քանդվելու վտանգ կա»,-ասում է մոմավաճառ Արտաշես Հովհաննիսյանը:
Վանական համալիրի վերանորոգման աշխատանքները կիսատ են: 2002թ-ից սկսված շինարարությունը դեռևս ավարտին չի հասնում: Ճոպանուղու շինարարության ծրագրի հետ համատեղ 20 մլն հատկացումից դեռևս պարզ չէ, թե վանական համալիրին ինչքան են հատկացնելու: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել «Տաթևի վանքի վերածննդի հիմնադրամ» կազմակերպության առաջարկած Տաթևի վանական համալիրի վերակառուցման ծրագրին, որը գնահատվել է 20 մլն դոլար: Նախատեսվում է կառուցել Հայաստանի ամենաերկար ճոպանուղին, որը սկիզբ կառնի վանքի մոտակա Հալիձոր գյուղից: Շինարարությունն իրականացնելու են ավստրիացի մասնագետները: ճոպանուղին կավելացնի այցելուների քանակը, քանի որ քարուքանդ ճանապարհը վանում է զբոսաշրջիկներին:
Տաթևի վանական համալիր զբոսաշրջիկների հոսքն այս տարի նվազել է: Համալիրի հոգևոր հայր Տեր Միքայել աբեղա Գևորգյանը զբոսաշրջիկների փոքրաթիվ այցելությունները պայմանավորում է մինչև Տաթևի վանք տանող հենց այդ` քարուքանդ ճանապարհով: Գլխավոր մայրուղուց 25 կմ դեպի Տաթևի վանք տանող ճանապարհը մոտ 1.5-2 ժամ է տևում: Ուղևորներ փոխադրող մեծ ավտոբուսները չեն բարձրանում վանական համալիր, այդտեղից փոխադրումներ են իրականացնում մասնավոր միկրոավտոբուսները: Ուղևորներին Տաթև հասցնելու և կրկին հետ բերելու շուկայական միջին գինը 25-30 հազար դրամ է: Տաթև այցելուներ կամ զբոսաշրջիկներ բերում են տարբեր տուրիստական կազմակերպություններ: Վանական համալիրի մոմավաճառն ասում է, որ այս տարի հատկապես նվազել են զբոսաշրջիկներ բերող կազմակերպությունների թիվը: Մոտ 7 կազմակերպություն իր ցուցակից հանել է դեպի Տաթև այլցելությունը:
«Ցանկությունները շատ են, բայց ճանապարհների պատճառով չեն հասնում մեր մոտ»,- ասում է մոմավաճառը: Նրա մոտավոր հաշվարկներով` այս տարի Տաթևի վանքն ունեցել է մոտ 45 հազար այցելու: «Մինչև տարեվերջ 50 հազարը հաստատ կդզի, որովհետև մենք աշնանը ավելի շատ տուրիստներ ենք ունենում, քան գարնանը: Պարզապես եղանակներն էլ լավ չեն»,-մտահոգվում է Արտաշես Հովհաննիսյանը: Տուրիստների գերակշիռ մասը Ֆրանասիայից են, ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Իտալիայից: Տեղացիները հաճախ այցելում են սեփական միջոցներով: Տեր Միքայել աբեղա Գևորգյանի խոսքերով` այս տարի ավելացել են ուխտավորները տարբեր հայաշատ վայրերից, այդ թվում Արցախից ու Ջավախքից: «Այդ միկրոավտոբուների համար նախօրոք պետք է զգուշացնեն, որպեսզի վանական համալիրից զանգեն ծանոթ վարորդներին, զգուշացնեն, որ կան այցելուներ, այլապես այդ երթուղայիններն էլ կարող է չլինեն սովորական կամ պատահական այցելուների համար»,-նշեց արդեն 15 տարի վանական համալիրում աշխատող մոմավաճառը:
Մեկնաբանել