
Ստեփանակերտցիներն այսօրվա առավոտը դիմավորեցին քաղաքապետարանի կողմից հղած` քաղաքի օրվա կապակցությամբ շնորհավորական կարճ հաղորդագրությամբ:
Մայրաքաղաքի բնակիչների մի մասն առավոտից մասնակցում է մայրաքաղաքի տարբեր մասերում կազմակերպվող տոնական միջոցառումներին, իսկ մի մասն էլ՝ շտապում էր կենտրոնական շուկայի հարակից` Դավիթ Բեկի փողոց, որտեղ առավոտից գյուղմթերքների եւ տարբեր ապրանքների տոնավաճառ է:

Երեկոյան Վերածննդի հրապարակում էլ տեղի կունենա տոնական համերգ, որը կեզրափակվի տոնական հրավառությամբ:
Տեղեկացնենք, որ Ստեփանակերտի օրը պետական մակարդակով սկսել են նշել 2007 թվականից, եւ որոշվել է այն տոնել ամեն տարվա հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը:
Ստեփանակերտը (մինչեւ 1847թ` Վարարակն, 1874-1923` Խանքենդի) Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաքն է (մինչեւ 1991թ. սեպտեմբերը` ԼՂԻՄ): Այն վերանվանվել է կոմունիստական կուսակցության, աշխատավորների միջազգային շարժման գործիչ Ստեփան Շահումյանի պատվին:
Որպես բնակավայր ձեւավորվել է 19-րդ դարի սկզբին` Վարարակն գյուղի տեղում, որը գտնվում է քաղաքի ներկայիս տարածքում: Ստեփանակերտը գտնվում է Ղարաբաղյան լեռնաշղթայի արեւելյան լանջին, Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա:
Ստեփանակերտի նախագծային եւ կառուցման առաջին պլանը մշակել է Ա.Թամանյանը (1926թ.), երկրորդը` Ն.Սլոբոտյանիկը (1938թ.), երրորդը` Բ.Դադաշյանը (1968թ.): Բայց բոլոր այդ նախագծերում պահպանվել է Թամանյանի նախագծած կառուցվածքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել