Հնչեցրե՛ք զանգերը, սա մեր վերջին Սարդարապատն է
Մեզ ժամեր են բաժանում Հայոց ցեղասպանություն կոչված մեծագույն ողբերգության նախավերջին արարի ավարտից: Այսօր ևս մի քայլ են անելու Հայոց ցեղասպանության հետևանքներն օրինականացնելու գրեթե դարավոր ճանապարհին: Այսօր Թուրքիան, պատժի փոխարեն, որպես պարգևավճար ստանալու է մեր հազարամյա Հայրենիքը, միջազգային իրավունքի անբեկանելի վճռով առ այսօր մեզ պատկանող, սակայն մեզնից խլված Հայրենիքը:
Այսօր խրախուսելու են ջարդարարին, այսօր մեր Հայրենիքը որպես ընծա են փաթեթավորելու: Փաթեթավորելու են մերոնց իսկ ձեռքերով, մեղա տեր Աստված, մեզանից շատերի մասնակցությամբ, մեզանից շատերի լուռ ու անտարբեր հայացքների ներքո: Այն, ինչ այսօր պիտի տեղի ունենա Ցյուրիխում, ցեղասպանության խրախուսում է, ուղղակի հրահանգ է ուժեղներին կոտորելու և զավթելու: Հիշո՞ւմ եք ռուս դեսպանի խոսքերը Աբդուլ Համիդին. Կոտորեցե՜ք, Ձերդ գերազանցություն, կոտորեցե՜ք: Մեր արյունը ջուր դարձավ: Տեսնես ստորագրելու պահին թանաքն արյուն կդառնա՞: Սակայն սա դեռ վերջը չէ: Եթե ոմանց համար սա ներկայացում է, այն էլ տրագիկոմեդիա, գուցեև ֆարս, մեզ համար լինելիության, արժանապատիվ գոյության հարց է: Դեռ մի արար ևս կա, վերջին ու վճռորոշ արարը, մեր վերջին ճակատամարտը: Մենք այդպես ենք: Մենք միշտ հաղթում ենք վերջում: Մենք զիջում ենք անառիկ ամրոցները, սակայն վերջին պահին թշնամուն ջախջախում ենք բաց դաշտում: Այդպես եղավ Սարդարապատում: Այդպես է լինելու նաև հիմա: Ազգային ժողովի դահլիճը մեր նոր Սարդարապատն է: Մենք նահանջելու տեղ չունենք: Մենք պարտվելու իրավունք չունենք: Հնչեցրե՛ք զանգերը: Սա մեր վերջին Սարդարապատն է, հաղթանակի վերջին հույսը:
Արա Պապյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել