HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վտանգված է Սանահինի եկեղեցին. անձրեւաջրերը լցվում են եկեղեցու ներսը

12_10-sanahin«ՅՈՒՆԵՍԿՈ»-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված Սանահինի եկեղեցական համալիրը վերանորոգման խիստ կարիք է զգում: Ալավերդու Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա Տեր Միքայել Շաղոյանը հայտնեց, որ եկեղեցու վերանորոգման համար անհրաժեշտ դրամական միջոցներ չկան: Չնայած անբարեկարգ վիճակին` վերջին տարիներին զբոսաշրջիկների հոսքը դեպի Սանահինի եկեղեցի անհամեմատ ավելացել է: Ակնհայտ է, որ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում տուրիզմի զարգացման հեռանկարներն առնչվում են նաեւ Սանահինի եկեղեցական համալիրի հետ: Հոկտեմբերի 1-ին Վանաձորում կայացած Կառավարության արտագնա նիստում հաստատվեց Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում տուրիզմի զարգացման «Հյուսիսային դարպասներ» ծրագիրը, ըստ որի հեռանկարում Ալավերդիում զբոսաշրջության կենտրոն դառնալու է Սանահին թաղամասը` Սանահին եկեղեցական համալիրով: Սակայն այսօր եկեղեցին լուրջ եւ անդառնալի վնասներ է կրում: Եկեղեցու մոմավաճառ տիկին Սիրամարգը պատմեց, որ վերջին մի քանի տարիներին անձրեւաջրերը լցվում են եկեղեցու ներսը: «Աղբրի ղայդի ջուը լցվում է եկեղեցու ներսը: Եկեղեցու ներսում մի տեղ չունենք, որ անձրեւից պաշտպանվենք: Հլա գնա կրիշի գլուխը նայի, լրիվ ծմակ ա: Էլ մասրենի, էլ եղեւնի, ամեն ինչ էլ բուսնել է»,- պատմեց տիկին Սիրամարգը: «Էս ամեն բուսականությունը, խոտը, թփերը, որ եկեղեցու պատերի վրա, կտուրին աճում են` սրանք ժամանակի մեխանիզմով աշխատող ռումբեր են, հայտնի է` ինչքան դրանք շատ են աճում, պայթեցնում են եկեղեցին»,- ասաց հուշարձաններ ուսումնասիրող Արթուր Խանջյանը: Մեր այցելության օրը նա լուսանկարներ էր անում համալիրի տարածքում: Արթուր Խանջյանը նկատեց, որ եկեղեցու հարեւանությամբ գտնվող Սանահին գյուղի գերեզմանոցը հատել է եկեղեցու հետ իր սահմանը: 12_10-sanahin-1 Ճարտարապետ Գառնիկ Շախկյանն էլ գտնում է, որ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի պատմաճարտարապետական հուշարձանների մեծ մասը չափազանց վատ վիճակում է: Իսկ Սանահինի վանքային համալիրի վիճակը նա որակեց «տխուր»: «Եկեղեցական համալիրի կառույցների զգալի մասի` հատկապես Ամենափրկիչ եւ Աստվածածին եկեղեցիների կտուրները պատած ծառերի ու թփերի արմատների ճնշման հետեւանքով առաջացած ճեղքերից անձրեւաջուրը լցվում է ներս` խարխլելով եւ վտանգի տակ դնելով եկեղեցու ծածկերի հետագա գոյությունը: Պատերի բարձրությամբ առաջացել են վտանգավոր ճաքեր, շատ քարեր կախված են եւ վտանգ են ներկայացնում անցնող-դարձողների համար»,- ասաց ճարտարապետը: Պրն Շախկյանը նաեւ հիշեց, որ մոտ 150 տարի առաջ Սանահին վանքի վատթարագույն վիճակի մասին ողբ է գրել Ռոստումբեկ Երզնկյանը, որն այսօր էլ հարմար է գալիս եկեղեցու անմխիթար վիճակին: «Սանահինի եկեղեցու վիճակի մասին մենք, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Թուրջյանի հետ, նամակ ենք ուղարկել ՀՀ կառավարությանը, մեր նամակի հետքերով վարչապետի կողմից հանձնարարություն է տրվել վարչատարածքային հանձնաժողովին` նախագծահաշվային աշխատանքներ կատարելու համար»,- հայտնեց Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: «Հյուսիսային դարպասներ» ծրագրի նախաձեռնող Վազգեն Խաչիկյանն էլ հայտնեց, որ 2010 թ.-ին ՀՀ Կառավարության կողմից Սանահինի եկեղեցու նորոգության համար գումարներ նախատեսված չեն: «Սակայն, իմ տեղեկություններով` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ջանքերով եւ միջնորդությամբ 2010 թ.-ին ռուսահայ բարերարներից մեկը խոստացել է վերանորոգել Սանահինի եկեղեցին»,- հավաստեց Վ. Խաչիկյանը: 12_10-sanahin-2 Մինչ պաշտոնյաները միմյանց նամակներ են գրում, անձրեւաջրերը շարունակում են խարխլել 10-րդ դարում կառուցված եկեղեցու պատերն ու հիմքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter