HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Հրաչ Քեշիշյանը «Հրապարակ» օրաթերթից պահանջում է 5 միլիոն դրամի բարոյական վնասի հատուցում

12_10-keshishyan-ohanyanՀոկտեմբերի 13-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կլսվի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հայցադիմումը ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:

Դատական վեճի առարկա են դարձել օրաթերթի հուլիսի 18-ի համարում Հրաչ Քեշիշյանի մասին տպագրված նյութն ու լուսանկարները, որոնք, ըստ թերթի, վերցված են տեսաերիզից, որում պատկերված են Հրաչ Քեշիշյանի եւ նրա ընկերուհու սեռական հարաբերությունները: Հանրային հեռուստաընկերության պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը կարծում է, որ այդ նյութը եւ լուսանկարները իրականությանը չհամապատասխանող, պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ են պարունակում իր մասին, ինչպես նաեւ խախտում են իր` ՀՀ սահմանադրությամբ, մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով երաշխավորված եւ պաշտպանվող անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Քեշիշյանը նամակ էր ուղարկել «Հրապարակ» օրաթերթին, որով պահանջել էր հերքել հրապարակված տեղեկությունն այն մասին, թե տեսաերիզում երեւացող տղամարդը հենց ինքն է: «Հրապարակը» տպագրել էր նրա նամակը, սակայն հրապարակած տեղեկությունը չէր հերքել, որից հետո Հ1-ի պրոդյուսերը դիմել էր դատարան` պահանջելով. 1. Պարտավորեցնել հերքել հրապարակած տեղեկատվությունը: 2. Անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման կապակցությամբ հրապարակային ներողություն խնդրել եւ փոխհատուցել 5 միլիոն դրամ գումարի չափով` որպես բարոյական վնասի փոխհատուցում: 3. Պարտավորեցնել վճարել պետական տուրքի եւ փաստաբանական ծառայության համար վճարված գումարը: Իսկ փաստաբանական ծառայությունը, ըստ հայցվորի, կազմել է 2 մլն դրամ: Պատասխանող կողմը` «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ն, գրավոր պատասխանել է Քեշիշյանի հայցադիմումին: Պատասխանողը գտնում է, որ հայցվորի ներկայացրած առաջին հայցապահանջի բավարարումը ամբողջությամբ բացառում է 2-րդ հայցապահանջի բավարարումը: «Եթե Քեշիշյանը պնդում է, որ ինքը չէ կադրերում, ապա 2-րդ պահանջը պիտի չգրեր, եթե դու չես, ուրիշի անձնական կյանքի հետ ի՞նչ գործ ունես: Իսկ եթե գրում ես, որ խախտվել է իմ անձնական կյանքի անձեռնմխելիությունը, նշանակում է` ընդունում ես, որ դու ես»,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նա կարծում է, որ դատարան դիմելով` Հրաչ Քեշիշյանը ցանկանում է թերթի վրա ֆինանսական ճնշում գործադրել: «Նրանք շատ լավ գիտեն, որ թերթերն այսօր վատ վիճակում են, բնականաբար, բարոյական վնասի հատուցում պահանջելն աբսուրդ է, իսկ փաստաբանական ծախսերը կազմում են 2 մլն դրամ: Այդ գումարը կարող է մեծ հարված լինել թերթին»,- ասում է Արմինե Օհանյանը: Նշենք, որ դատական պրակտիկայում արդեն նման նախադեպ եղել է, երբ օրաթերթից (Լեւոն Քոչարյանն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի) պահանջել են բարոյական վնասի փոխհատուցում եւ փաստաբանական ծառայության ծախսերը: Առաջին պահանջը մերժվել է, 2-րդը` բավարարվել: Հայցվոր Հրաչ Քեշիշյանը հրաժարվեց պատասխանել «Հետքի» հարցերին: «Ես այս թեմայով ոչ մեկնաբանում եմ, ոչ էլ հարցերի եմ պատասխանում»,- ասաց Հ1-ի պրոդյուսերը եւ անջատեց հեռախոսը: Դատարանում նրա շահերը ներկայացնող փաստաբան Արարատ Անտոնյանը երեք օր շարունակ մեր հարցերին պատասխանելու ժամանակ չուներ: Իսկ չորրորդ օրը քարտուղարուհու միջոցով փոխանցեց, թե մեզ հայտնելու ոչինչ չունի: Ի դեպ, «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` Հրաչ Քեշիշյանը չի ցանկացել դիմել դատարան, սակայն նրան «համոզել է» Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Վերջինս էլ հայտարարել է, թե դա Քեշիշյանի անձնական նախաձեռնությունն է եւ Հ1-ի հետ կապ չունի: «Իրենք գրում են թերթում, որ մենք չգիտեմ ինչ ենք սկսում, բայց դա մի քիչ ծիծաղելի է: Ամեն դեպքում, Հանրային հեռուստառադիոընկերության կողմից պատերազմ չկա, դա անձամբ Հրաչ Քեշիշյանի և այդ թերթի հարաբերություններն են»,- մամլո ասուլիսում ասել է Ալեքսան Հարությունյանը:

Տեսաերիզը հեղինակային ստեղծագործությո՞ւն է, թե՞ ոչ

«Հրապարակ» օրաթերթը պնդում է, որ հրապարակված հոդվածն ընդհանրապես չի պարունակում Քեշիշյանի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկություն: Գրավոր պատասխանում նշված է. «Թերթի հոդվածում արված հայտարարությունները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի մասով չեն կարող հանդիսանալ տեղեկություններ, այլ դրանք տեսաերիզի կապակցությամբ արված գնահատողական դատողություններ են, որպիսի հանգամանքը չի կարող համարվել հայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկության տարածում»: Պատասխանող կողմը կարծում է, որ նույնիսկ հոդվածում ներկայացված դատողություններրը հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկատվություն դիտարկելու պարագայում օրաթերթը պատասխանատվությունից ազատվում է, քանի որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկության տարածման պատասխանատվությունից, եթե դա հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին: Իսկ հայցվոր Հրաչ Քեշիշյանը հոդվածի նյութ հանդիսացած տեսաերիզը չի համարում հեղինակային ստեղծագործություն: «Ինչ-որ անհայտ ծագման «տեսաերիզ», որի բովանդակությունը վերաբերում է սեռական կյանքի մանրամասներին եւ նպատակ է ունեցել ֆիքսել տեսախցիկի տեսադաշտում տեղի ունեցող «իրադարձությունները», զուրկ է կատարողական արվեստից եւ սցենարից, չի կարող համարվել ստեղծագործություն դրանում «ստեղծագործական աշխատանքի» եւ «յուրօրինակության» բացակայության պատճառով»,- նշված է հայցադիմումում: Պատասխանող կողմն էլ հիշեցնում է, որ ըստ ՀՀ օրենսդրության` ստեղծագործությունը համարվում է հեղինակային` անկախ դրա նշանակությունից, արժանիքներից եւ արտահայտելու եղանակից: «Հայցվորի կողմից նշվող այն հանգամանքը, որ տեսաերիզը զուրկ է «կատարողական արվեստից» եւ «սցենարից», չի կարող հիմք հանդիսանալ պնդելու, որ տեսաերիզը հեղինակային ստեղծագործություն չէ, քանի որ հիշյալ եզրույթները բնորոշ են կինոֆիլմին, իսկ որեւէ մեկը չի պնդել, որ տեսաերիզը հանդիսանում է կինոֆիլմ»,- կարծում է պատասխանող կողմը: Պատասխանողը նաեւ գտնում է, որ նույնիսկ հայցվորի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում արձանագրելու դեպքում չի կարող բավարարվել դրա կապակցությամբ ներկայացված 5 միլիոն դրամ բարոյական վնասի հատուցման եւ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու հայցապահանջները, քանի որ «ՀՀ գործող որեւէ իրավական ակտ չի պարունակում բարոյական վնասի եւ դրա հատուցման վերաբերյալ որեւէ դրույթ, ՀՀ-ում բացակայում է որեւէ օրենք, որը կնախատեսի բարոյական վնասի հատուցման պարտականություն որեւէ անձի համար»: Հրապարակային ներողություն խնդրելու վերաբերյալ պատասխանողը գրել է, որ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության նման եղանակ օրենսդրությամբ սահմանված չէ, եւ հայցվորը չի կարող պահանջել դատարանից ընկերությանը ծանրաբեռնել պարտականություններով, որոնք որեւէ օրենքով նախատեսված չեն: Իսկ տեսաերիզում Հրաչ Քեշիշյանի լինելու կամ չլինելու հանգամանքը կորոշի դատարանը, քանի որ հայցվորը վիճարկում է այդ տեղեկությունը եւ դատարանից խնդրել է օրաթերթին պարտավորեցնել հերքել այն տեղեկությունը, թե տեսաերիզի «գործող անձը» ինքն է: «Հրապարակի» գլխավոր խմբագիրն ասում է, թե մեր դատական համակարգից չի կարելի արդար վճիռ ակնկալել. «Նրանք շատ անգրագետ հայց են ներկայացրել, եւ եթե այդ հայցը դատավորն ընդունել է վարույթ, ապա որոշ միտում, այնուամենայնիվ, նկատվում է, բայց միանշանակ չի կարելի պնդել, թե Քեշիշյանի պահանջները կբավարարվեն»,- ասում է Արմինե Օհանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter