HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս են անչափահասները գումար վաստակում ու երազում հարստանալ:

12-10_Liparit13 ամյա Հարությունը գումար է վաստակում ծանր, իրենից մեծ բեռնասայլակներով մթերք տեղափոխելով, իսկ 15 ամյա Լիպարիտը` մարդկանց կշռելով: 13-ամյա Հարությունի կյանքը ամռանը առավոտ 6-ին արթնանալով ու ողջ օրը իրենից մեծ բեռնասալյակ հրելով է անցել: Ամեն օր նա երազում էր, որ այդ օրը վերջին անգամ է Մալաթիա շուկայում բեռներ կրելու:

«Առավոտը օպտավոյի ժամն ա,- պատմում է Հարությունը:- Մամաս ապրանք ա առնում, ծախում: Ես էլ առաջինը մեր ապրանքն եմ կաշկայով (նկատի ունի բեռնասայլակը խմբ. կողմից) տանում, հետո արդեն պատվերներ եմ ընդունում: Առավոտը բեռը շատ ծանր ա լինում, բոլորը տասնյակ կիլոներով ապրանք են տեղափոխում»: Արմավիրցի Հարությունը, նրա մայրն ու կրտսեր եղբայրները տեղափոխվել են Երեւան` մորաքրոջ տուն, ընտանեկան խնդիրների պատճառով. Հարությունն ասում է, որ գյուղում այլեւս ապրել չէին կարող, հայրն ու մայրն օրնիբուն վիճում էին: «Իմ նման գործ անողներով հավաքվում ենք ու որոշում համ մեր հերթերը, համ էլ գների չափերը: Հիմնականում կիլոյով ենք վերցնում, ասենք, 20 կլիոն տանում եմ 2000 դրամով: Լինում են դեպքեր, որ հարուստներն են վարձում են ու 2 կիլո բան տանելու համար մի 1000-2000 են տալիս: Էդ ժամանակ շատ եմ ուրախանում, վազում եմ, մամայիս պատմում»: Փոքրիկ բեռնակրին շուկայում շատերն են սիրում, մեր «ճուտոն ա» ասում են նրա գործընկերները: Բայց նեղացնողների պակաս էլ չկա: «Մեր մոտ մի կաշկչի կա, որ միշտ ուզում ա հերթը խախտի: Ասում ա` «ճուտ», դու հլը սպասի… Ես էլ վատ եմ զգում, ի՞նչ իրավունք ունի»,- վրդովվում է Հարությունը: «Մի օր էլ տենց եղավ, մամաս իմացավ, եկավ ինձ պաշտպանելու: Ես էլ վատ էի զգում, որ մամաս ա իմ փոխարեն կռվում տղամարդկանց հետ: Հետո էլ միշտ ասում են. «Արա, բա հերդ ու՞ր ա»: Իրանց ինչ` իմ հերն ուր ա»: Ողջ ամառ սալյակի բեռների ծանրության տակ չարչարված Հարությունը ուզում է գյուղ վերադառնալ: «Գյուղում դպրոցներն արդեն սկսվել են: Հիմա երեւի դասարանցիներս ասում են` ինչի չի գալիս դասի: Մամայիս ուզում եմ համոզեմ` գյուղ գնանք: Ճիշտ ա` տանն ամբողջ օրն էլի կռիվներ են լինելու, բայց ավելի լավ ա` դպրոց գնամ»: Յունիսեֆի աջակցությամբ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում վերջին տարիներին աշակերտների` դպրոցից դուրս մնալու ցուցանիշների աճին նպաստել է ցածր տարիքից աշխատանքի անցնելը: 12_10-Liparit-1Եթե 13-ամյա Հարությունը իր ձեռքերով է քշում մթերքից ճկռած բեռնասայլակը, ապա 15-ամա Լիպարիտն ավելի հաջողակ է` նրա աշխատանքի ֆիզիկական ծանրությունը կշեռքն է կրում: Ամեն օր` երեկոյան ժամը 7-ին, Լիպարիտը վերցնում է իր կշեռքը եւ գնում Մոսկվա կինոթատրոն: Նա տեղավորվում է կինոթատրոնի ձախ անկյունում եւ անցորդներին հրավիրում կշռվելու: Առաջին կշեռքը Լիպարիտին հայրն է նվիրել: «Հայրիկս տվեց կշեռքն ու ասաց, որ դրանով կարող եմ գումար աշխատել: Ես միշտ ցանկացել եմ հարուստ մարդ լինել, որոշեցի կշեռքից էլ սկսել»: Արդեն 3 տարի ´կշռելու´ բիզնեսով զբաղվող Լիպարիտն իր եկամտից չի դժգոհում. «Ճիշտ է, շատ լավ չենք ապրում, բայց ինձ ոչ ոք չի ստիպել գնալ ու աշխատել: Ինքս եմ որոշել ունենալ իմ գումարը եւ օգնել ընտանիքիս»: Լիպարիտը հաճախում է համակարգչային դասընթացների «Փրկություն» ՀԿ-ում: Շատ գիտելիքներ ունենալը նա հարուստ լինելու կարեւոր նախապայման է համարում: «Ես չեմ ուզում այն հիմար հարուստներից լինել, որ ոչինչ  չգիտեն: Կավելացնեմ գիտելիքներս, որպեսզի բոլորն ասեն. տեսնում եք հարուստ է, սակայն շատ խելացի է»,- ասում է փոքրիկ գործարարը: Ի տարբերություն իր մեծահասակ մրացակիցների` Լիպարիտը մեկ անգամ կշռելու համար նվազագույնը 50 դրամ է վերցնում: Լիպարիտը  գիտե հաճախորդ գրավելու որոշ խորամանկություններ. «Հիմնականում կշռվել առաջարկում եմ անցորդ աղջիկներին` որ տղաների հետ են, քանի որ աղջիկների մոտ տղաները միշտ ուզում են ցույց տալ, որ չեն հրաժարվի փող ծախսել»: Բայց նման դեպքերում կշռելու գինը բարձրանում է. «Ասում եմ` ինչ կտաք, կտաք… իրենք էլ հո չեն հանի աղջիկների մոտ 50 դրամ տան: Պատահում է, որ 200, նույնիսկ մինչեւ 500 տալիս են»:

Անի Հովհաննիսյան «Հետք»-ի թղթակից IWPR-ի ´Հարեւաններ´ նախագծի մասնակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter