HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շաքարային դիաբետը քայքայում է 9 տարեկան տղայի կյանքը

12_10-Jirayr9-ամյա Ժիրայր Դալլաքյանը 4 տարեկանից դիսպանսեր հսկողության տակ է: Նա տառապում է շաքարային դիաբետով: Տղայի մայրը` Լուսինեն, հուզված էր եւ չկարողացավ ներկայացնել որդու հիվանդությունը, քանի որ երկար ժամանակ է` Ժիրայրը բժշկական ստուգման չի գնացել եւ նրա վիճակը օրեցօր ծանրանում է: Նշենք, որ 7 հոգուց բաղկացած ընտանիքը, որից 3-ը անչափահաս են, ապրում է Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում: Տունը, որտեղ ապրում են, ընդամենը մեկ սենյակից է բաղկացած: 18 քմ մակերես ունեցող սենյակը ծառայում է եւ’ ննջասենյակ, եւ’ հյուրասենյակ եւ’ բաղնիք: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում: Բավարարվում են միայն Ժիրայրին տրվող 9200 դրամ հիվանդության թոշակով, 30 հազար դրամ նպաստով ու Ժիրայրի պապի 19 200 դրամ թոշակով, ընդամենը` 58 400 դրամ: Ժիրայրը վաղուց պետք է դիմեր հիվանդանոց եւ ստանար հերթական բուժումը, սակայն գումար չունենալու պատճառով չեն դիմում: 12_10-Anahit«Տարբեր հիվանդանոցներում թոռիս պառկացրել ենք: Հիմա էլ պետք ա Արաբկիրի հիվանդանոցում պառկի, բայց ֆինանսի պատճառով չենք կարում տանենք: Երեխեն պետք ա դիետայով սնվի, մենք էլ դիետիկ սնունդ առնելու փող չունենք: Ժիրայրիս  լյարդն էլ արդեն մեծացել ա, սիրտը վատ ա աշխատում, երիկամը նույնպես առողջ չէ: Ոչ մի տեղից օգնություն չունենք, որ երեխուն տանենք հիվանդանոց, բուժում ստանա ու ետ բերենք: Արաբկիրում բուժումը վճարովի ա, իսկ լյարդաբան միայն այդ հիվանդանոցում կա: Ուր էլ տանենք, վճարովի ա, միայն Մուրացանի հիվանդանոցն ա անվճար թոռիս համար, ընդեղ էլ` էդ բժիշկը չկա»,- պատմեց Ժիրայրի տատիկը` Անահիտ Սարիբեկյանը: Նրա ասելով, ստացիոնար բուժում ստանալու համար Ժիրայրը պետք է 40 օր պառկի հիվանդանոցում: Ծնողները հաշվարկել են, որ միայն սնունդի համար պետք է 150 հազար դրամ: « Հիվանդանոց տնից ոչ մի պերեդաչի չենք տանելու: Հիվանդանոցի կողքը կա դիետիկ սնունդի խանութ, ասում են որ բոլորն այնտեղից պիտի առնենք: Մենք էլ չենք աշխատում, բոլորս էլ հիվանդ ենք, որտեղից կարողանանք ամեն օր դիետիկ սնունդ առնենք»,- ավելացրեց Անահիտը: Տատի պատմելով, Ժիրայրին օրը 2 անգամ ինսուլին են ներարկում: Քանի որ հիվանդ տղայի բուժումն ուշացել է, նա հաճախակի է նոպաներ ունենում: Վերջերս էլ դպրոցում է վատացել ու մայրը ներարկիչը վերցրած վազելով հասել է դպրոց ու հենց դասասենյակում տղային ներարկել ինսուլինի չափաբաժինը: Տիկին Անահիտը նույնպես վատառողջ է: Նրա ոտքերը հիվանդ են եւ ենթակա են վիրահատման: «Արդեն ոտքս կտրելու ենթակա ա: Ոտքիս մեջ շիշ ա դրած, պիտի վիրահատվի, բայց ոտքս արդեն սեւացել ա: Գնացի Հանրապետական հիվանդանոց, ասացին` պիտի 50 հազար դրամ վճարես, որ բոլոր կաբինետներով անցնես, որ բուժում նշանակեն: Այդ 50 հազարը միայն կաբինետներն անցնելու համար ա, թե ինչքան էլ բուժման համար կուզեն` Աստված գիտի: Ճնշումս 250-ից չի իջնում, գլխիս պրիստուպներից էլ քուն ու հանգիստ չունեմ, բայց հիվանդանոց դիմելու հնարավորություն չունեմ»,- պատմում էր տիկին Անահիտը: Շուտով ձմեռ կգա, սակայն Դալլաքյանների ընտանիքը չգիտի, թե ինչպես են գոյատեւելու: Միայն գյուղի խանութում 300 հազար դրամի սննդի պարտք ունեն: «Երեկ գնացի խանութի աշխատողից մի պաչկա մակարոն եմ ուզել` չտվեց, ասաց` այլեւս խանութ չմտնեք: Բա էլ ոնց յոլա էթանք` չգիտեմ: Էսօրվա դրությամբ էփելու բան չկա իմ տանը, որ եփեմ գոնե հիվանդ թոռս ուտի: Կարտոշկով եմ հիվանդ երեխուն պահում, բա էլ որտեղի՞ց շաքարը չբարձրանա»,- ավելացրեց Անահիտը: Դալլաքյաններին ձմռանը ոչ միայն սննդի բացակայությունն է անհանգստացնում, այլեւ վառելիքի հարցը: Փողոցի բոլոր բնակիչները բնական գազ ունեն, բացի այս ընտանիքից: «Ում էլ դիմել եմ, օգնություն չկա: Մարզպետարան տան համար էլ եմ դիմել, ասում են` գնա աշխատի, տուն սարքի: Իմ հոգեկանը խանգարվել ա էս սենյակի մեջ, ինձ թվում ա` հեսա սիրտս կկանգնի: Նորմալ քնելու տեղ էլ չունենք»,- նշեց Անահիտը: Կողքից հնչեց ամուսնու պատասխանը. «Մի մտածի, հեսա կմեռնեմ, մի տեղ կազատվի»: Գեղարքունիքի մարզպետարանի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Շահբազյանն ասաց, որ Անահիտ Սարիբեկյանը 2008 թ. հոկտեմբերի 21-ին է դիմել մարզպետարան` թոռան բուժման ծախսերի համար: «Մարզպետը միջնորդագիր է ուղարկել Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Եթե տիկին Անահիտը պատասխան չի ստացել, դա իր եւ պարոն Քուշկյանի խնդիրն է եւ մարզպետարանի լիազորություններից դուրս է: Այս տարվա օգոստոսի 4-ին էլ մարզպետը, որպես օգնություն, 20 000 դրամ  է տվել Անահիտին»,- ասաց Հ. Շահբազյանը: Տիկին Անահիտն ասաց, որ ինքը տան հարցով էլ է դիմել մարզպետարան, սակայն այնտեղից իրեն ոչ մի անգամ պատասխան չեն տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter