Արժույթի միջազգային հիմնադրամը 2010 թ. Հայաստանում 1,2% տնտեսական աճ է կանխատեսում
«Հայաստանը աշխարհի այն պետություններից է, որոնց համաշխարհային տնտեսական ճգնաժամը առավել ծանր հարվածեց: 2009-ին Հայաստանում ՀՆԱ-ն կրճատվել է մոտ 15%-ով: Մեր տեսակետն այն է, որ շնորհիվ կառավարության իրականացրած հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների, որոնց պայմաններում հնարավոր է եղել չկրճատել ծախսերը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում` Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) օժանդակությամբ, Հայաստանի տնտեսությունը կկարողանա շուտով սկսել վերականգնվել և 2010 թ.-ին փոքր, բայց դրական տնտեսական աճ կարձանագրվի` 1,2 %»:
Այս մասին այսօր «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում ԱՄՀ գործադիր տնօրենների պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՀ գործադիր տնօրեն Ամբրուազ Ֆայոլը:
Նրա խոսքերով` Հայաստանի իշխանություններն արդյունավետ քայլեր են ձեռնարկում առաջացած իրավիճակում: Ֆինանսական համակարգը մնում է բարվոք և բավական կայուն վիճակում: 2009 թ. մարտին տեղի ունեցած արժեզրկումը և վերադարձը լողացող արտարժույթի փոխարժեքին օգնել են բարելավել Հայաստանի տնտեսության ապագայի հեռանկարը: Ամբրուազ Ֆայոլը նաև վստահություն հայտնեց, որ գնաճը կպահպանվի հայաստանյան իշխանությունների սահմանած թիրախային միջակայքում:
Միաժամանակ նա նշեց, որ առաջիկայում շատ լուրջ մարտահրավերներ են սպասվում, որոնք ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի իշխանությունների և այլ շահագրգիռ անձանց հետ:
«Այդ մարտահրավերներից մեկը տնտեսության դիվերսիֆիկացիան է, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների հավակնոտ ծրագրի իրականացումը, մասնավորապես հարկային և մաքսային վարչարարության ոլորտում` միաժամանակ ապահովելով նաև հետագա առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք դեռ չենք հասել այն վիճակին, երբ տնտեսությունը վերականգնված կլինի: Բայց երբ այդ պահը գա, մենք պիտի Հայաստանի իշխանությունների հետ քննարկենք, թե ինչպես է հնարավոր պահպանել հարկաբյուջետային կայունությունը և պարտքի տանելիությունը»,- ասաց Ամբրուազ Ֆայոլը:
Նա նշեց, որ իրենք ճիշտ և տեղին են համարում այն, ինչ այս պահին իրականացնում են Հայաստանի իշխանությունները: Սակայն պետական եկամուտների կտրուկ նվազման պայմաններում զգալիորեն ավելացել է բյուջեի պակասորդը:
«Այսպիսի իրավիճակում, երբ իշխանությունները չէին ցանկանում կրճատել ծախսերը (ընդ որում` մենք համաձայն ենք այդ մոտեցմանը), ստիպված արդյունքում ավելացել է տնտեսության արտաքին ֆինանսավորման գումարը»,- ասաց Ամբրուազ Ֆայոլը:
Նա հավելեց, որ Հայաստանի արտաքին պարտքի ցուցանիշը բավականին ցածր էր ճգնաժամից առաջ: Սակայն երբ տնտեսությունը վերականգնվի, ԱՄՀ-ն ՀՀ իշխանությունների հետ անպայման կքննարկի և քայլեր կձեռնարկի` իրականացնելու համար ավելի զսպողական վարկաբյուջետային քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի ապասարկել արտաքին պարտքը:
ԱՄՀ-ի կանխատեսումներով` 2009 թ.-ին Հայաստանի տնտեսությունը 15%-ի անկում կունենա: Ամբրուազ Ֆայոլի խոսքերով` Հայաստանի համար դժվարություններ են առաջացրել մասնավորապես արտերկրից դրամական փոխանցումների նվազումը, օտարերկրյա ուղղակի ներդրումների, ինչպես նաև հարկային եկամուտների կրճատումը:
«2009 թ. սկզբներին ԱՄՀ-ն հաստատել էր Հայաստանի համար ծրագիր, որը 2009-ի հունիսին գումարային առումով նաև ավելացվել է և այս պահին կազմում է 823 մլն ամերիկյան դոլար: Այս գումարով մենք փորձել ենք օգնել Հայաստանի իշխանություններին` մեղմելու ճգնաժամը, մասնավորապես պահպանելով այն ծախսերը, որոնք հատկապես նախատեսված են բնակչության առավել խոցելի խմբերի համար: Միաժամանակ մենք օգնում ենք Հայաստանի իշխանություններին` իրականացնելու կառուցվածքային բարեփոխումների այն ընդգրկուն ծրագիրը, որն անհրաժեշտ է Հայաստանին»,- ասաց Ամբրուազ Ֆայոլը:
Նրա տեղեկացմամբ` «2009 թ. համար կանխատեսվող պակասուրդ-ՀՆԱ հարաբերակցությունը 7,5 % է: Հայաստանի հետ իրականացվող ԱՄՀ-ի ծրագրով կանխատեսվում է 2010 թ.-ին պակասուրդ-ՀՆԱ այս հարաբերակցությունն իջեցնել մինչև 6%»:
ԱՄՀ-ի պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ` գործադիր տնօրեն Ախե Բաքերը, նշեց, որ մի քանի շաբաթ առաջ Հայաստանին կատարված հատկացումը կազմել է 88 մլն փհի (փոխառության հատուկ իրավունքներ), այսինքն` մոտ 100 մլն դոլար: «Այդ գումարն ավելացվել է միջազգային պահուստներին, այսինքն` կարող է օգտագործվել այլ արժույթի փոխարկվելու նպատակով: Այստեղ կարևոր է այն, որ փհի-ով այդ լրացուցիչ հատկացումը նպաստել է արտաքին պահուստների մեծացմանը և կնպաստի նաև փոխարժեքի նկատմամբ վստահության ամրապնդմանը»,- ասաց Ախե Բաքերը:
ԱՄՀ գործադիր տնօրենների պատվիրակությունը Հայաստանում է Վրաստան կատարած այցից հետո և հանդիպել է ՀՀ նախագահի, վարչապետի, Կենտրոնական բանկի նախագահի, Ֆինանսների նախարարի, Էկոնոմիկայի նախարարի, պետական ու մասնավոր հատվածների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել