HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքապետը հարկերը հավաքագրելու իր տարբերակն ունի

12_10-karaberdԼոռու մարզի Քարաբերդ գյուղի համայնքապետը հարկերի հավաքագրման յուրօրինակ տարբերակ է հեղինակել: Տեսնելով, որ գյուղացիները հարկ վճարելու հետ այդքան էլ սեր չունեն, համայնքապետ Յուրիկ Շավելյանը ավագանու ուժով մի որոշում է կյանքի կոչել` «Համայնքի վարչական տարածքի խոտհարքներից օգտվող անձանց թույլ չտալ հնձից հետո խոտը տեղափոխել` մինչեւ հարկերը չվճարեն»:

Համայնքապետի առաջարկը ավագանու 4 անդամների վավերացմամբ վեր է ածվել իրավական ակտի ու, որքան էլ տարօրինակ է, արդյունք է տվել: Համայնքապետ Յուրի Շավելյանն ասում է, թե բոլորն էլ առաջնորդվում են ավագանու որոշմամբ, բայց եթե փորձում են հակառակվել՝ միեւնույն է, խոտը սարից գյուղ չեն հասցնի. «Մեքենայի վարորդին ասել եմ, որ չտեղափոխի, նա էլ չի անում, բայց մուծում էլ են, թեկուզ քիչ-քիչ»: Քարաբերդի իշխանությունների այս մեթոդն իր ազդեցությունն ունեցել է. հարկերի հավաքագրման ցուցանիշն այստեղ 70% է: Համայնքապետը, սակայն, այս մեթոդը չի կիրառում ապառքները մարելու համար: Թեեւ Յուրիկ Շավելյանը չհիշեց, թե որքան են կազմում ապառքները՝ խոտհնձից էր վերադառնում, բայց տեղեկացրեց, որ անգամ Կառավարության վերջին որոշումը տեղից չի շարժում ապառքներ ունեցող գյուղացիներին: Գործադիրը որոշել է տույժերից ու տուգանքներից ազատել գույքահարկի ու հողի հարկի պարտք ունեցողներին, եթե մինչեւ տարեվերջ վճարեն պարտքի մայր գումարը: «Հոգնած ժողովուրդ է, չի հետաքրքրվում»,- բողոքում է համայնքապետը: Նույնիսկ հարկերի հավաքագրման իրենց «նորամուծության» մասին համագյուղացիներին իրազեկելու համար, ինչպես Շավելյանն է պատմում, տնետուն է անցել: «Որոշումը չենք տարածում, ո՞վ պիտի կարդա,- օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի ու ավագանու որոշումների՝ հանրությանը մատչելի վայրում չփակցնելու պատճառն է ներկայացնում համայնքապետը,- մյուս կողմից էլ` այս տարի համայնքի բյուջեն պետության հատկացրած լրավճարի հետ կազմել է 3.5 մլն դրամ, ինչը բավարար չէ հրապարակայնության ապահովման ծախսերն անելու համար: «Ես փակցնում եմ, բայց ակտիվություն չկա, չեն կարդում, ես եմ գնում տները, ասում, որ ըտենց բան կա: Ես եմ գնում հասկացնում, որ սա սենց ա: Էդ հայտարարությունը էդ ա նշանակում»,- շարունակում է բողոքել համայնքապետ Շավելյանը: Համայնքապետարանի շենքը մի նեղ տնակ է: Գյուղի կառավարման մարմնի գրասենյակի մասին հիշեցնում են եռագույն դրոշն ու ավագանու որոշումների հատուկենտ պատճենները: Ինչպես համայնքապետն է ասում՝ ամառը տոթ է, ձմեռն էլ ցուրտ` գրասենյակում նստելու համար: Այդ է պատճառը, որ փոքր տնակի դուռը գրեթե միշտ կողպված է: 12_10-varujanԳյուղամեջը դատարկ չէր: 82-ամյա Վարուժան Քոչարյանը համայնքապետարան-տնակի անկյունում նստած` մտորում էր այս տարվա անպտուղ տարուց ու գյուղացու դժվարություններից: «Էսքան չարչարվում ենք, չէ, բայց հազիվ յոլա ենք գնում: 2 կով, 2 հորթ ունենք, էլ ուժներս պատում չի»,- գյուղական կյանքն է ներկայացնում ծերունին: Հարցին, թե համաձա՞յն է համայնքապետի հետ՝ խոտի տեղափոխումը թույլ տալ միայն հարկերը վճարելուց հետո, 82-ամյա ծերունին պատասխանում է. «Գյուղապետը ոսկի ա, թավաքյալի չի: Մուծում էլ են, Էն օրը մեր հարսը 5.000 դրամ տվեց, որ խոտը բերենք,-պատմում է քարաբերդցի ծերունին ու շարունակում,- ամեն ինչ օրենքով ա»: 106 բնակիչ ունեցող Քարաբերդը միայն տարեցների բնակավայր է: Այստեղ ապրող ընտանիքները հիմնականում մասնատված են՝ մի մասը գյուղում է ապրում, մյուսը՝ Վանաձորում: Այդ է պատճառը, որ գյուղը դպրոց չունի: Համայնքապետն ասում է, որ գյուղում որոշել էին դպրոց բացել, բայց ժամանակին դպրոցների վերամիավորման ծրագիրը խանգարեց գյուղական կրթարանի բացմանը, ու գյուղն աստիճանաբար վերածվեց տարեցների բնակավայրի: 70 տուն ունեցող Քարաբերդում հազիվ 50-ի դուռն է բաց: Մնացածի տերերը 15 կմ հեռու Վանաձորում են հաստատվել: «Լքվել ա, աչքից ընկած գյուղ ա»,- ասում են Քարաբերդում: Գյուղի երիտասարդներից մարդ չի մնացել՝ բոլորը Վանաձորում են: Այստեղ հարսանիք էլ չի լինում: Միայն տարեցներն են մնացել՝ հող մշակելու ու անասուն պահելու համար: Սերժիկ Յարիբեկյանի ընտանիքը եւս Վանաձորում է, թեպետ հայրական տունն այս գյուղում է: «Ոռոգման ջուր չկա, հողն էլ դժվար ա մշակելը»,- ասում է քարաբերդցին, ով տարվա մեծ մասը գյուղում է անցկացնում: Քարաբերդի հողերի մեծ մասը պահուստային են: Ոռոգման ջրի պատճառով չեն մշակվում: Համայնքապետարանի տվյալներով` 300 հա հողերից տեր ունի 21 հեկտարը՝ 4 հա վարելահող, 17 հա խոտհարք: Հող մշակելու խնդրին ավելանում է քարուքանդ եղած ճանապարհի խնդիրը: Վանաձորից Քարաբերդ տանող ճանապարհի վերջին հատվածը նեղ ու անանցանելի է: «Էս գյուղին ի՞նչ չի պետք: Ամեն ինչ էլ պետք ա՝ առաջին հերթին գազ, նորմալ ճամփա»,- ասում է քարաբերդցի ծերունի Վարուժան Քոչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter