HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վերահսկիչ պալատը խախտումներ է արձանագրել Ֆինանսների նախարարությունում

Օրերս կայացավ ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում խորհրդի քննարկմանը դրվեցին ԼՂՀ պետական բյուջեից «Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ» խմբի շրջանակներում կառավարության աշխատակազմին, ֆինանսների նախարարությանը եւ Ազգային ժողովի աշխատակազմին հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները: ՎՊ մասնագետների կողմից վերոնշյալ կառույցներում ստուգումների ընթացքում հայտնաբերված թերությունները հիմնականում նմանվում են մյուս կառույցներում արձանագրված թերություններին: Օրինակ ֆինանսների նախարարությունում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ «գործուղումներ եւ ծառայողական ուղեւորություններ» հոդվածով գործուղման ծախսերի հաշվարկման եւ վճարման ժամանակ թույլ է տրվել գերավճար, կամ տարբեր հոդվածներով կատարվել է փաստաթղթերով չհիմնավորված ծախս: Պարզվել է նաեւ, որ նախարարությունը վեց աշխատակցի համար դուրս է գրել ամսական 10 հազարական դրամ գումար` անձնական բջջային հեռախոսավճարները մասնակի փոխհատուցելու համար, որի իրավական հիմքը բացակայում է: Նիստին ներկա ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը հավաստիացրեց, որ արձանագրված թերությունների վերացման հետամուտ են լինելու, վերադարձվելու են նաեւ գործուղումների մասով վերադարձման ենթակա գումարները: Իսկ հեռախոսավճարների փոխհատուցման մասին նախարարը նշեց, որ մինչեւ կառավարության կողմից չհստակեցվի, թե որ կառույց քանի հեռախոս պետք է ունենան, ինչքան րոպե է թույլատրվում խոսել պետության հաշվին եւ այլն, նախարարությունը շարունակելու է վճարների փոխհատուցումը: ԼՂՀ կառավարության աշխատակազմում հայտնաբերվել են Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի  2-րդ կետի եւ ԼՂՀ նախագահի առ 12,12,07թ. ՆՀ-40 հրամանագրի 121-րդ կետի 9-րդ մասի պահանջների խախտումներ, որոնց արդյունքում վարչապետի կողմից նշանակված անձինք 2008թ. ընթացքում պարգեւատրվել եւ խրախուսվել են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հրամանով, այնինչ վերջինս նման լիազորություններով օժտված չէր: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում փոխհատուցվել է աշխատակիցների գործուղման ծախսը` առանց նրանց կողմից համապատասխան հիմնավորող փաստաթղթի ներկայացման: Վճարվել է գիշերավարձ նաեւ այն օրվա համար, երբ աշխատակիցը գործուղման վայրում չի գիշերել: Արձանագրվել է նաեւ պետական բյուջեից հատկացված միջոցների ոչ նպատակային ծախս: ՎՊ մասնագետները պարզել են նաեւ որ, աշխատակազմում առկա են որոշ պաշտոններ` վարչության, ծառայության պետերի,  բաժնի վարիչների, մասնագետների, որոնք ընդգրկված չեն  «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով հաստատված հայեցողական պաշտոնների ցանկում: Վերահսկիչ պալատի մասնագետները գոհ են մնացել Ազգային ժողովի աշխատակազմի հաշվապահական հաշվառումից: Այստեղ սակայն թերություններ նույնպես արձանագրվել են: Մասնավորապես չի հստակեցված ԱԺ մամլո ծառայության ղեկավարի եւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցչի պաշտոնների կարգավիճակը, իսկ աշխատակազմի որոշ աշխատակիցների նկատմամբ էլ խրախուսանքի միջոցներ կիրառելիս թույլ են տրվել գործող օրենսդրության խախտումներ: Անճշտություններ են հայտանբերվել նաեւ ծառայողական ավտոմեքենաների արագաչափերի տվյալների եւ ուղեթերթերում արտացոլված վազքի տվյալների անհամապատասխանության հետ կապված: Բոլոր երեք կառույցներն էլ մեկամսյա ժամկետում վերահսկիչ պալատին գրավոր տեղեկություններ պետք է տրամադրեն` ընթացիկ հաշվետվություններում ամրագրված խախտումները վերացնելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter