HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ի՞նչ են փնտրում Բավրայում 10-ից ավել ստուգող կազմակերպությունները

10-10_bavra«Իմ մոտ միայն ծննդատնից մեկ էլ Բյուրականի աստղադիտարանից դեռ չեն եկել»,- Բավրայի համայնքապետարանում ստուգումներ իրականացնող կազմակերպություններին նկատի ունենալով` ասում է Շիրակի մարզի Բավրա համայնքի ղեկավար Կորյուն Սումբուլյանը: Նրա ասելով` այս տարվա մեջ, տարին էլ դեռ չավարտված, 10 ստուգում է եղել Բավրայում:

«Մեկ շաբաթից էլ ստուգումներ են անցկացնելու մարզպետարանի ֆինանսատնտեսական եւ վարչական բաժնից, նրանցից առաջ էլ հարկայինից էին մոտս, որ գալիս են` գնալ չկա, 15 օր մնում են»,- ավելացրեց համայնքապետը: 12_10-sumbulyanՀամայնքապետն ինքն էլ է զարմանում, թե այդքան ինչ են փնտրում տարբեր ստուգող կազմակերպությունների ներկայացուցիչները Բավրայում: «Երեւի համաշխարհային ճգնաժամի սկիզբն են փնտրում,- ենթադրություններ է անում Կորյուն Սումբուլյանը,- էսքան ժամանակ որեւէ կարեւոր, նշանակալի բան չեն հայտնաբերել` բացի ինձնից եւ իմ աշխատակիցներից»: Համայնքապետը դեմ չէ ստուգումներին: «Դե դրանք էլ են պետք, բայց ոչ էսքան շատ, մարդկանց գործից կտրող գործոն են, եկողներն առնվազն 15 աշխատանքային օր մնում են: Էս տարի 150 աշխատանքային օր, փաստորեն, նվիրել եմ ստուգողներին, բա երբ աշխատենք, հետն էլ ասում են` Սումբուլյան, սեփական եկամուտներիդ հավաքագրման ցուցանիշները ցածր են»: Այս տարվա սկզբին Բավրայում ստուգումներ են իրականացրել տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչները: Ստուգել են 1997 թ.-ից մինչեւ 2009 թ.-ի մարտն ընկած ժամանակահատվածում առկա փաստաթղթերը: «Ստուգումներին դեմ չենք, ավելի զգոն է պահում, չի թողնում խորացնել կատարածդ սխալը, բայց ամեն ինչի մեջ երեւի պիտի չափ պահել»,- ասում է Կ. Սումբուլյանը: Բավրան մարզի հյուսիսային դարպասն է: Ծովի մակերեւույթից 2122 մ բարձրության վրա է գտնվում: Գյուղը համարվում է բարձր լեռնային, սահմանամերձ չի կոչվում, թեեւ գտնվում է հայ-վրացական սահմանից 1 կմ հեռավորության վրա, մաքսատունն ու սահմանապահ ուղեկալն էլ` գյուղի պոչին կպած: 141 ընտանիք ունեցող գյուղում հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է: Գյուղի 90%-ը հողի հարկի պարտք ունի, իսկ համայնքապետը այն հարկադրանքով հավաքագրելը իրատեսական չի համարում եւ տարակուսում է իրեն ներկայացվող պահանջից. «Ինչպե՞ս դատի տամ իմ բնակչին, որ 7-8 ամիս ձմեռ է տեսնում, 10 կմ Վրաստանի հետ սահման ունի, բայց սահմանամերձի կարգավիճակից չի օգտվում: Այս գյուղում 15 տարի հարկ չեն հավաքել, հիմի ուզում են մեկ տարում սաղ պարտքերը փակեմ, 600 հազարից 800 հազար դրամ պարտք ունեցող կա գյուղում, ամենաքիչը 300 հազարն է, բայց տվող չկա»: Բավրան հարուստ գյուղ չէ: Գործող համայնքապետը 2006 թ.-ին 35 մլն դրամ ապառքով է ընդունել համայնքապետարանը, հաշվեհամարն էլ 3 տարի կալանքի տակ է եղել: «Եկել եմ, մի տարի աշխատել եմ, ու հաջորդ տարին կալանքը հանվել է: 3 տարվա մեջ 59 հազար դրամ եմ ծախսել համայնքապետարանի կարիքների համար, ոչ մի գործուղում, ոչ մի այլ ծախս, դրանք բոլորը գրպանիցս եմ արել»,- պատմում է Սումբուլյանը: Բավրայում տարին ավելի դժվարացավ հայ-վրացական կոնֆլիկիտի պատճառով: Մայիս ամսին վրաց սահմանապահները բավրացիներին զգուշացրել էին, որ սահմանամերձ տարածքում գտնվող իրենց հողամասերում վարուցանք չսկսեն, այլապես որպես սահմանախախտներ կտուգանվեն: 110 ընտանիք 146 կտոր հող ունի վիճելի տարածքում: Մտածելով, որ կառավարությունը խնդիրը կլուծի` գյուղացին վարուցանք չէր սկսել, թողել էր խոտհարք, բայց քանի որ պետական մակարդակով առաջացած տարաձայնությունները չեն հարթվել, բավրացին կանգնել է անլուծելի դիլեմայի առաջ: Մի կողմից` հողի հարկը, որ պահանջում են փակել մինչեւ տարեվերջ, մյուս կողմից` անասնակեր ամբարելու եւ անասունը ողջ ձմեռ պահելու խնդիրը, դրան գումարած` վրացիների համառ անտարբերությունը: Տարին անհաջող էր, գյուղացին կարողացավ կիսատ-պռատ անասնակեր կուտակել: 10_10-bavra-xot «Երեք անգամ գնացել եմ Ախալցխա, Վրաստանի սահմանապահ զորքերի հրամանատարության հետ հանդիպումների ժամանակ պայմանավորվել եմ, որ գյուղացուն չխանգարեն խոտհնձի ժամանակ,- պատմում է համայնքապետը,- վրացիներին ցույց եմ տվել հողի սեփականությունը հաստատող փաստաթղթեր, գյուղացիների ցանկն եմ ներկայացրել: Փաստորեն, մեր սեփական հողի վրա գործ անելու համար պիտի վրացիներից թույլտվություն ստանայինք: Հայ գյուղացին վրացի սահմանապահների հսկողության տակ խոտը քաղեց էս տարի, մինչեւ քաղեց, վա~յ էն քաղելուն»: 10_10-bavra_villagers Բավրացի Վալերիկ Մարգարյանը 5 հա հող ունի վիճելի տարածքում, հողի հարկն էլ լրիվ վճարել է, էն հողի հարկը, որ վրացիներն ասում են, թե իրենցն է: «Բա վերջն ի՞նչ է լինելու,- հարցնում է Վալերիկը,- 4 անասուն ունեմ, էդ էլ մորթեմ, ինչո՞վ ապրինք»: Համայնքապետի ասելով` բավրացին պիտի 150 գլուխ անասուն մորթի վաճառի, որպեսզի կարողանա ապրել, բայց դրանով հանդերձ` ինքը չի կարողանալու սեփական եկամուտները հավուր պատշաճի հավաքագրել: Այս ընթացքում մինչ երկու երկրների կառավարությունները բանակցում էին, խոտը մի կողմից արեւը վառեց, մյուս կողմից էլ անակնկալ տեղացած ձյունը փաստի առաջ կանգնեցրեց գյուղացուն: Էն, որ գյուղը միջպետական սահմանի վրա է, մայրուղին էլ գյուղով է անցնում, ոչ մի օգուտ չկա գյուղին: Գյուղի տարածքից պետական կարիքների համար տարածք են վերցրել մաքսատան համար, սակայն մաքսատան տարածքում գործող բանկի բաժանմունքի, ճաշարանի շենքի համար, որոնք շահույթ հետապնդող կազմակերպություններ են, Բավրայի համայնքապետարանին տեղական տուրք չեն վճարում: Գյուղում ինչ որ կա` պետությունն է վերցրել անհատույց` մաքսակետը, սահմանապահ ստորաբաժանումը, հսկիչ անցագրային եւ հակահամաճարակային կետերը, Թավշուտի ջրամբարը: «Շատ բան չեմ ուզում, թող կառավարությունն այնպես անի, որ մաքսակետն իր գանձումներից 1% մուծի Բավրայի բյուջե, եւ Բավրան քաղաք կդառնա,- զրույցը եզրափակում է Բավրայի համայնքապետ Կորյուն Սումբուլյանը,- բոլորն ասում են` սահմանամերձ գյուղի բնակիչը պիտի լավ ապրի, որ սահման պահի, բայց արդյունքում լրիվ հակառակ պատկերն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter