ՀԱԿ-ի հայտարարությունը
Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումը իշխող վարչախմբի քաղաքական սնանկության և դիվանագիտական խեղճության հերթական ցավալի ապացույցն է:
Ցյուրիխյան ուրացման գործարքով Հայաստանի վարչախումբը նպատակ ուներ հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը` դրա դիմաց վճարելով պատմական փաստերն ուսումնասիրող տխրահռչակ հանձնաժողովի գաղափարի ընդունմամբ, դրանով իսկ` աշխարհի առջև կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:
Անգամ ինքնին անբարո ու անթույլատրելի այս գործարքը Հայաստանի սպասելիքի մասով չիրականացավ: Խորհրդարանների վավերացումից անկախ, Թուրքիան արդեն իսկ ստացել է իր ուզածը:
Մինչդեռ, ինչպես մինչև փաստաթղթերի ստորագրումը, այնպես էլ դրանից հետո, Թուրքիան ամենաբարձր մակարդակով շարունակում է պետական սահմանների բացման հարցը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի խնդրով, մասնավորապես` անվտանգության գոտի հանդիսացող տարածքների վերադարձմամբ:
Անխուսափելի այս ընթացքի մասին Հայ ազգային կոնգրեսն ահազանգում է մեկ տարի շարունակ` զգուշացնելով, որ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարին Սերժ Սարգսյանի տված հավանությունից հետո հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան կարգավորման խնդիրները ներառվելու են մեկ փաթեթի մեջ:
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետևանք է վերջին տասը տարիների ընթացքում Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի վարած քաղաքականության, որի պատճառով երկրում ստեղծվեց քրեաօլիգարխիկ, կոռումպացված համակարգ, իսկ Ցեղասպանության հարցն ընդգրկվեց արտաքին քաղաքականության օրակարգ` այդ դարձնելով քաղաքական սակարկության առարկա:
Չունենալով ժողովրդի աջակցությունը և իր հենարանը փնտրելով միջազգային հանրության շահերն սպասարկելու մեջ` Ս. Սարգսյանի վարչախումբը պատրաստվում է նույնքան անընդունելի զիջումների ղարաբաղյան հիմնախնդրում:
Հակազգային այս գործընթացը կանխելու և հետագա կորուստներից խույս տալու միակ միջոցը, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա, Հայ ազգային կոնգրեսը շարունակում է համարել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչին տվյալ պայմաններում հնարավոր է հասնել միայն համընդհանուր ընդվզմամբ և այդ պահանջի շուրջ հայաստանյան քաղաքական ուժերի և հասարակության տարբեր խավերի առավելագույն համախմբմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել