Վարդանիկը 10 դպրոց է օտարել Գյումրիից
Երբ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից խոսում էր Սևանի քաղաքապետի արարքների մասին` հիշեցնելով, որ նա դպրոցը վաճառել է, բոլոր պատգամավորները վաշվուշներով տարուբերում էին գլուխները: «Ինչպե՞ս կարելի է դպրոց վաճառել և տեղը սուպերմարկետ սարքել»,- զարմանում էին հայրենի ազգընտիրները:

Բայց պարզվում է, որ քաղաքապետ Գևորգ Մալխասյանը միակը չէ, որ աչքի է ընկնում կրթության նկատմամբ յուրօրինակ վարքագծով: «ՉԻ» լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետ, գժի թուղթ ունեցող Վարդանիկ Ղուկասյանը 10 դպրոց է վաճառել Հայաստանի երկրորդ քաղաքում:
Այս տեղեկությունը, ըստ մեր աղբյուրների, հաստատվել է նաև Վերահսկիչ պալատի կատարած ստուգումների արդյունքում, և հավանաբար, շուտով կհրապարակվի:
Վարդան Ղուկասյանը, լինելով Հանրապետական կուսակցության անդամ, վայելելով գործող ռեժիմի համակրանքը, դպրոցների շենքներն օտարել է օրենքների տարբեր խախտումներով: Հիշեցնենք, որ համաձայն Հայաստանի օրենսդրության` դպրոցների, մանկապարտեզների կամ կրթական այլ հաստատությունների շենքերը վաճառվում են բացառապես կրթական գործունեություն իրականացնելու նպատակով, սակայն մեր երկրում վաճառված դպրոցների շենքերի մեծ մասը վերածվել կամ վերածվում է առևտրի կենտրոնների:
Չարչիության մակարդակով մեր իշխանիկները իրենց արարքներով ապացուցում են, որ կրթությունը իրենց համար հետին պլանում գտնվող ոլորտ է: Կարևորը փողն է` շատ փողը:
Ախպերության մեջ ի՞նչ մրցույթ
Երեկ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին վաճառվող գազի գինը 200 դոլարից իջեցնել 180-ի` պայմանով, որ իրավունք ստանա Հայաստանում նոր ատոմակայան կառուցել:
«ՉԻ» - Միջպետական հարաբերություններում կաշառք տալու երևույթը բավականին տարածված է, բայց հազվադեպ է ամեն ինչ այսքան բացահայտ արվում: Ինչի՞ մասին է խոսքը: Հայաստանն, ինչպես հայտնի է, պիտի նոր ատոմակայանի կառուցման համար մրցույթ հայտարարի: Մրցույթի իմաստը հենց այն է, որ ի վերջո ընտրվի ամենալավ տարբերակը:
Եվ ահա ռուսներն առաջարկում են գազի գինն իջեցնել` պայմանով, որ հենց ռուսական ընկերությունը «հաղթի» այդ մրցույթում:
Ուշադրություն դարձրեք` հազիվ թե Ռուսաստանը որևէ այլ, ավելի «լուրջ» երկրի նման բան առաջարկեր: Բայց Սերժ Սարգսյանի հետ, ըստ երևույթին, կարելի է «տնավարի» ամեն ինչի մասին խոսել: Նրանք հո գիտեն, թե Հայաստանում ինչպես են կազմակերպվում նման «մրցույթներ», ուրեմն էլ ի՞նչ կարիք կա ավելորդ ձևականությունների հետևից ընկնել:
Եվ ընդհանրապես, մրցույթն ի՞նչ թիթիզություն է: Թող գան նորմալ «ատկատով» կառուցեն:
Համարյա լիարժեք համախոհություն`Քլինթոնի և Լավրովի միջև
Երեկ մոսկովյան հանդիպումից հետո ասուլիս տված ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել են Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը:
«Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ևս մեկ օրինակ է, թե ինչպես Նահանգներն ու Ռուսաստանը կարող են համագործակցել»,- ասել է Հիլարի Քլինթոնը` նաև նշելով, թե երկու երկրները համակարծիք և միասնական են աշխատել հայ-թուրքական հարցում և առհասարակ, ըստ նրա` ռուս-ամերիկյան հարաբերությունները նոր փուլ են մտել` հաջողությունների հասնելու փուլ:
Սերգեյ Լավրովն էլ խոսել է հակամարտությունների կարգավորման մասին ԱՊՀ տարածքում` առանց կոնկրետանալու, թեև Հիլարի Քլինթոնը հիշեցրել է, որ այս ոլորտում ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ չհամաձայնեցված հարցեր ունի, օրինակ` Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունն ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի:
Թուրքիայի դեսպանատան` Ադրբեջանին շոյող հայտարարությունը
«Մենք ափսոսանքով նկատում ենք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ադրբեջանական մամուլում ապատեղեկատվություն է տարածվել` հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված: Ինչպես նշել է Թուրքիայի վարչապետը, չկան ավելի կարևոր հարցեր, քան թուրք-ադրբեջանական համագործակցությունը:
Սահմանի բացումը բավականին երկարատև գործընթաց է: Այն պետք է զուգահեռաբար ընթանա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Ադրբեջանի «գրավյալ տարածքների» վերադարձման հետ»:
Սա ոչ թե հերթական պոպուլիզմ է` հերթական թուրք գործչի ժողովրդահաճո հռետորաբանությունից, այլ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան պաշտոնական հայտարարությունն է, և ինչպես տեսնում եք, մեր հարևանը չի դադարում շոյել եղբայր Ադրբեջանի ականջները հավանաբար` հատկապես Բաքվում Թուրքիայի դեսպանատան մոտ պիկետ անող ադրբեջանցիների ականջները:
Երկու քայլ առաջ և մեկ քայլ հետ
Թուրքիայի վարչապետ Էրդողանի և ադրբեջանական կողմի հայտարարություններին անդրադառնալով` Հայկ Դեմոյանը երեկ Թուրքիայի գործելաոճը բանաձևեց «երկու քայլ առաջ (արձանագրությունների ստորագրում) և մեկ քայլ հետ»:
«Այս «մեկ քայլ հետը» միտված է սիրաշահելու Ադրբեջանին: Ես չեմ բացառում, որ Թուրքիան կարող է մինչև վերջ միտված լինել Կովկասում իր ռազմավարական դաշնակիցին չկորցնելու քաղաքականությանը, ես չեմ բացառում, որ խորհրդարանը կարող է չվավերացնել արձանագրությունները: Սակայն Ցյուրիխում կատարվածը ցույց տվեց, որ հայկական կողմը մինչև վերջ է հաստատակամ, և նույնիսկ մեկ ստորակետի բացակայության դեպքում տեղի չի տա թուրքական կողմին»,- ընդգծեց Հ.Դեմոյանը:
Մի ճյուղ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Nabucco»-ին, ասել է, թե այդ գազատարի` ներկայումս նախագծված երթուղին չի անցնելու Հայաստանով:
Այդուհանդերձ, նա ընդգծել է, թե գազատարի ճյուղերից մեկը տեսականորեն կարող է անցնել Հայաստանով, բայց միայն մի դեպքում` եթե լուրջ տեղաշարժեր տեղի ունենան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Սկսում ենք կապիտուլյացիայով
«Մեզ բաժանող պատմական վերքն ու փոխադարձ անվստահությունը ընդունելու կամ առնվազն այդ թեման շրջանելու փոխարեն, փաստաթուղթը միակողմանի նախապայմաններ է դնում մեր առաջ և միակողմանի զիջումներ պարտադրում: Հարաբերությունների ներմալացումն, այսպիսով, սկիզբ է առնում հայկական կողմի կապիտուլյացիայով»,- ասում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Հենց վաղն իրար հետ քոչարի չէին պարելու
«Այս արձանագրությունների ստորագրումը վերջավորությունը չէ, այլ շատ երկար մի գործընթացի` մի շատ երկար, նեղ ու ոլորապտույտ ճանապարհի սկիզբը: Երկու էջ արձանագրություն գրելու համար պետք եղան ամիսների և տարիների բանակցություններ և երրորդ երկրների միջամտությունը»,- Ստամբուլում գտնվող հայ լրագրողներին երեկ ասաց Սամսոն Էոզարարատը, որը տարիներ առաջ կազմակերպել էր ՀՀ առաջին նախագահի և «Գորշ գայլերի» առաջնորդի հանդիպումը:
Նաև հավելեց. «Թուրքիան և Հայաստանը պետք է սովորեն աշխատել դեմ-դիմաց` սա ամենակարևորն է: Անպայման չէ, որ լինեն հայ-թուրքական լավ կամ վատ հարաբերություններ. կարևորը հարաբերություններ ունենալն է: Կարևորը խոսելը, տեսանկյունը բացատրելն է, բայց` դեմ-դիմաց: Եվ անկարելի է, որ հենց առաջին օրից իրար փաթաթվեն և հենց վաղն իրար հետ քոչարի պարեն»:
Փաշինյանի պաշտպաններն ակնկալիք չունեն դատավորից
Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատարանը նշանակել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատաքննության օրը` հոկտեմբերի 20-ին, Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Այնտեղ, որտեղ ընթանում էին «Յոթի գործով» դատավարությունները, որտեղ դահլիճը դատարանից բաժանված է հաստ ապակե պատով:
Մեղադրողը կլինի ոչ անհայտ Կորյուն Փիլոյանը, իսկ դատավորը` Մնացական Մարտիրոսյանը, որին «ՀԺ»-ի էջերում շատ հաճախ են քննադատել:
Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը մեզ ասաց, որ դատավորն օրենքի բազում խախտումներով է դատաքննությունը նշանակել, օրինակ` իրենց միջնորդություններ անելու ժամանակ չի տրամադրվել: Պաշտպանները ոչ մի ակնկալիք չունեն դատավորից, որը, գործը կարճելու փոխարեն, ընդունել է վարույթ և, անդրադառնալով խափանման միջոցի հարցին, այն թողել անփոփոխ:
Ամեն դեպքում, դատարանի համար դժվար կլինի քրօր-ի 225 և 316 հոդվածներով առաջադրված մեղադրանքով և ապացույցների լիակատար բացակայությանն պարագայում Փաշինյանի նկատմամբ այնպիսի պատիժ սահմանել, որ համաներումը չտարածվի, և նրան դատարանի դահլիճից ազատ չարձակեն: Հակառակը կնշանակի իր հայացքների և համոզմունքների համար պատանդ պահել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել