Անմասիս
Երեկ թուրքական Բուրսա քաղաք ժամանած` ֆուտբոլի Հայաստանի հավաքականին օդանավակայանում դիմավորել են ծաղիկներով: Աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի վերջին` Թուրքիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա վաղը:

Շաբաթ օրը Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացած Հայաստան-Իսպանիա խաղին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների համազգեստի վրա պատկերված էր ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի` մոտ մեկ տարի առաջ մեծ աղմուկ բարձրացրած խորհրդանիշը: Նախորդ խորհրդանիշի վրա պատկերված էին Մասիսներ, որոնք նորի վրայից հանվել էին:
Այս փոփոխության շուրջ մեծ աղմուկ բարձրանալուց հետո ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, թե կրկին վերադառնում են հին` Մասիսներով խորհրդանիշին: Բայց Իսպանիայի հետ խաղում ՀՀ ֆուտբոլիստների համազգեստներին կրկին փոփոխված խորհրդանիշներն էին պատկերված: Ենթադրվում է, որ Թուրքիայի հետ խաղում ևս ՀՀ հավաքականը «անմասիս» հազագեստներով է մարզադաշտ դուրս գալու:
Ադրբեջանը նեղացել է ու կրկին հիշեցնում է իր մասին
«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը մինչև Ղարաբաղյան հարցի լուծումն ու հայկական զորքերի դուրսբերումը չի բխում Ադրբեջանի շահերից»,- հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի արտգործնախարարությունը:
«Ադրբեջանական կողմը վստահ է և հույս է դնում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների վրա, որոնք հայտարարել են, որ հայ-թուրքական սահմանի բացումը տեղի չի ունենա, մինչև չլուծի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»:
Հայտարարության մեջ ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը գրել է, որ համաձայն է այն մտքին, որ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում հարաբերություններ հաստատել այլ պետության հետ, «սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, մինչ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, չի բխում Ադրբեջանի շահերից ու բիծ է թողնում երկու եղբայրական պետությունների հարաբերությունների վրա, որոնք կապված են պատմական թելերով»:
«Հետընթաց քայլ»
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները սուր քննադատության են ենթարկել Թուրքիայի և Հայաստանի միջև Արձանագրությունների ստորագորումը` որակելով դրանք որպես «հետընթաց քայլ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում»,- հայտնում է թուրքական «Today’s Zaman»-ը:
Այդպես է, մասնավորապես, արտահայտվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր` «Հանրապետական ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Օնուր Օյմենը:
«Այս արձանագրություններին Թուրքիայում կհաջորդեն լարվածության մեծ ալիքներ, քանի որ Արձանագրությունների տեքստերում ասվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հայ-թուրքական սահմանը բացելու մասին, սակայն փոքր նշույլ անգամ չկա, որ Հայաստանը դուրս կբերի իր զորամիավորումները Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ոչ մի խոսք անգամ չկա»,- նշել է Օյմենը:
Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման կոշտ քննադատությամբ հանդես է եկել Թուրքիայի մեկ այլ` «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բաչելին` ասելով, թե Արձանագրությունները հիմնված չէին փոխհամագործակցության հավասար սկաբունքների վրա:
Պետք է կոնկրետ ժամկետ սահմանել
Քանզի թուրքերը մաքուր չեն խաղում
Սահմանադրագետ Հրայր Թովմասյանի համոզմամբ` ցանկացած պարագայում ստորագրված արձանագրությունների վավերացումը պետք է որոշակի վերապահումներով լինի:
«Ազգային ժողովը պետք է կոնկրետ ժամկետ սահմանի, որի լրանալու դեպքում հայկական կողմը դուրս կգա գործընթացից, եթե Թուրքիան չիրականացնի արձանագրությունների վավերացումը: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ թուրքերը մաքուր չեն խաղում, դիվանագիտություն են անում բառի բացասական իմաստով: Այսինքն` գործընթացը բավականաչափ բարդ է»,- հայտարարեց նա երեկ:
Էլի մտքեր է հայտնել
Երեկ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե հայ-թուրքական արձանագրությունների հարցով «սփյուռքում որևէ դիմադրություն չի եղել», իսկ քննարկումների մասնակիցները կիսել են Հայաստանի իշխանությունների տեսակետները:
«ՉԻ» - Դե, իհարկե, ի՞նչ դիմադրության մասին է խոսքը: Իրականում սփյուռքահայերը ծաղկեփնջերով էին դիմավորում Սերժ Սարգսյանին ու եկել էին աջակցելու նրան: Բայց տեղի ոստիկանական ուժերը, չգիտես ինչու, ճիշտ չէին հասկացել և զրահատեխնիկա էին շարել Սերժ Սարգսյանի և նրա հազարավոր «երկրպագուների» միջև:
Դաշնակիցնե՞ր
Չի բացառվում, որ Հայ ազգային կոնգրեսը և ՀՅԴ-ն իշխանափոխության հարցում դառնան բնական դաշնակիցներ: Երեկ նման հայտարարություն է արել ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանը:
«Եթե իրենք (ՀՅԴ-ն.-խմբ.) այդ ուղով գնան և հստակեցնեն իրենց պահանջները, այդ հարցում ՀԱԿ-ի հետ կդառնան բնական դաշնակից, ինչը շատ լավ կլինի: Չեմ բացառում, որ այդպիսի իրավիճակ ստեղծվի: Ոչ միայն չեմ բացառում, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց այդպիսի ճակատ ստեղծելու առաջարկությամբ է հանդես եկել»,- հայտարարել է Կ. Ռուբինյանը:
«Չորս օրից հետո նույնն է լինելու»
Ընդամենը մի քանի օր առաջ Կենտրոն թաղապետարանն արգելել էր Տիգրան Մեծ պողոտայի մայթի առևտուրը: Խանութներից մեկի տնօրենը վստահեցնում էր. «Հիշեք խոսքս` 4 օրից հետո նույնն է լինելու»:
Իրոք, երեկ մայթին նույն «ճոխությամբ» փռված էր ներքնաշորերի սեղանիկը, կանգնած էին գույնզգույն զգեստներ հագած մանեկենները, միրգ-բանջարեղենով լցված պայուսակները մայթին դրած` մարդիկ հանգիստ առևտուր էին անում:
Կենտրոն թաղապետարանի առևտրի բաժնի պետ Արա Միքայելյանը բացատրեց, «Չենք հասցնում: Պիտի անընդհատ շրջես, որ կարողանաս արգելքը պահել: Մեր բնակչությանը ինչքան զգուշացնում ես, միևնույն է, աչքդ թարթում ես` նույնն է»: Այսինքն` այս երկրում ոստիկան չկա. առևտուրը կանոնակարգելու գործն անձամբ Կենտրոնի առևտրի բաժնի պետն է իրականացնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել