HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետք» ինտերնետային թերթի խմբագրությանը

13_10-Vallex«Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից

Հարգելի գործընկերներ,

01.10.2009 թ. ժամը 10:37 hetq.am ինտերնետային կայքում տեղակայվել է «Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Թեղուտի խնդիրը» վերնագրով հոդված, որի լուսաբանման առարկան ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ԵԽԽՎ 30.09.2009 թ. նիստին ունեցած ելույթն է: Քանի որ հիշյալ ելույթում արծարծվող հարցերն առնչվում են «Վալլեքս» խմբի ընկերությունների գործունեությանը, 12.10.2009 թ. պատգամավոր Զ. Փոստանջյանին ուղարկվել է պաշտոնական նամակ: Կից ուղարկում ենք այդ նամակը` ձեր լրատվամիջոցով այն հրապարակելու հարցը թողնելով ձեր հայեցողությանը:

«Հարգելի տիկին Փոստանջյան,

Անդրադառնալով ԵԽԽՎ 30.09.2009 թ. նիստին Ձեր ելույթին (ըստ ԵԽԽՎ պաշտոնական կայքում տեղակայված արձանագրության տեքստի), որում, աջակ­ցու­թյուն հայտնելով «Մարդու` առողջ միջավայրում ապրելու իրավունքի մասին եվրո­պա­կան կոնվենցիային» ի լրումն ներկայացված արձանագրությանը, Դուք Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործմանն առնչվող որոշ գործ­ըն­թացներ հա­մա­րում եք մարդու` առողջ միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանության տե­սանկյունից արդյունավետ իրավական լծակների բացա­կայու­թյան դրսևորման օրի­նակ` անհրաժեշտ ենք գտնում հայտնել, որ ԵԽԽՎ 30.09.2009 թ. նիստին Ձեր ելույթում տեղ են գտել մի շարք անհիմն պնդում­ներ և ոչ հավաստի տվյալներ: Մասնավորապես. 1. Բացարձակապես անհիմն է Ձեր կողմից արված վե­րա­ցական հայտարա­րու­թյունն առ այն, որ ՀՀ կառավարության 2007 թ. Թեղուտի հանքավայրի վերաբերյալ ընդունած որոշ­մամբ (և, ըստ Ձեզ, այդ որոշմանն առնչվող բոլոր փաստաթղթերով) խախտվել են ՀՀ սահմանադրության, այլ օրենք­նե­րի և միջազգային պայմանագրերի պահանջները: Նախ­կի­նում ևս տարբեր քննարկումների շրջա­նակ­նե­րում այդպիսի խախտումների վերաբերյալ վերա­ցա­կան և իրենց ընդհան­րա­կա­նությամբ անմեղ­սու­նակ հայտա­րա­րու­թյուններ հնչեց­վել են Ձեր և խնդրո առար­կա­յի շուրջ Ձեր որոշ հա­մա­խոհների կողմից: Եվս մեկ անգամ հայտ­նում ենք, որ Թեղուտի պղինձ-մոլիբ­դե­նա­յին հանքավայրի շահագործման ծրագրի իրա­կա­նա­ցման ուղղությամբ կատարված գոր­ծողություններով և/կամ այս առնչությամբ ՀՀ պե­տա­կան կա­ռավարման մար­մին­ն­երի կողմից ընդունված իրավական ակտերով ՀՀ սահ­մա­նա­դրու­թյան, ՀՀ որևէ այլ օրեն­քի կամ միջազգային պայմանագրի որևէ դրույթի խախ­տում չի եղել: 2. Ելույթում Դուք նշում եք, որ Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով կգո­յա­նան 540 միլիոն խորանարդ մետր պոչանքներ, որոնք վտանգավոր ռադիոակտիվ թա­փոններ են: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 540 միլիոն խորանարդ մետր պոչանքի մասին Ձեր կող­մից հայտարարություններ եղել են նաև նախկինում` հարկ ենք համարում ևս մեկ անգամ հայտ­նել, որ ԽՍՀՄ պաշարների պետական հանձնաժողովի կողմից Թեղուտի պղինձ-մո­լիբ­դե­նային հանքավայրում 1991 թ. հաստատվել է 450 միլիոն տոննա հանքա­քարի պաշար: Մինչ օրս հայտնի որևէ տեխնոլոգիայով 450 միլիոն տոննա հանքաքարի վերամշակման պա­րա­գա­յում չի կարող առաջանալ 540 միլիոն խորանարդ մետր պոչանք: Թափոնների ռադիո­ակ­տիվ վտան­գի մասին հայտարարությունը նույնպես որևէ կերպ չի կարող հիմնավորվել: Այդպիսի անհիմն հայ­տա­րա­րությունները կարող էին կանխվել, եթե Դուք խորհրդակցեիք տվյալ հան­քա­վայրի և հանքարդյունաբերության մասին ընդհանրապես գոնե տարրական պատ­­կե­րա­ցում­ներ ունեցող անձանց հետ: Երևույթն առավել տարակուսելի է դառնում, եթե հաշվի առ­նենք, որ դեռևս ամիսներ առաջ մեր առաջարկով Ձեզ է տրամադրվել Թեղուտի հան­քա­վայրի շա­հագործման աշխատանքային նախագիծը և բնապահպանական կա­ռավարման պլանի նախագիծը, որոնք պարունակում են ինչպես հանքավայրի պա­շար­ների, այնպես էլ շա­հա­գործ­ման հետևանքով առաջացող պոչանքների ու այլ թափոնների քա­նա­կի և տեսակի վե­րա­բեր­յալ ճշգրիտ տեղեկատվություն: 3. Ձեր ելույթում անհիմն հայտարարություններ կան նաև այն մասին, որ հան­քա­վայ­րի շա­հագործումը կքայքայի այդ տարածքի` հարուստ ֆաունա ունեցող եզա­կի կեն­սա­բազ­մա­զա­նությունը, կվտանգի գյուղատնտեսական արտադրությունը` այդ­պի­սով քայքայելով նաև ազ­գաբնակ­չության առողջությունը: Ըստ Ձեզ` աղտո­տե­լով Դեբեդ անդրսահմանային գետը` հան­քավայրի շահագործումը շրջակա միջավայ­րին վնասներ կհասցնի տա­րածաշրջանային մա­կարդակով: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ որևէ տնտեսական գործունեություն իրա­կա­նաց­նելիս հնարավոր չէ լիակատար կերպով բացառել շրջակա միջավայրի, հետևաբար նաև կեն­սաբազմազանության վրա որոշակի անցանկալի ազդեցությունը: Սակայն Թեղուտի հան­քա­վայրի պարագայում` շրջակա միջավայրի վրա այդ ազդեցությունը սահ­մա­նա­փակ­վե­լու է արտադրական օբյեկտների շուրջը օրենսդրո­րեն սահմանված կարգով նախատեսված սա­նի­տարական գոտու տարածքով, որի շրջանակներում սանիտարական գոտու պայմաններին հակասող որևէ այլ գործունեությունն արգելված է օրենսդրորեն: Հան­քա­վայ­րի շահագործման ծրագրի իրականացման ընթացքում և ավարտից հետո տա­րա­ծա­շր­ջա­նի ազգաբնակչության առողջության պահպանման հետ կապված ռիսկերի հայտնաբերման նպա­տակով` աշխա­տան­քային նախագիծը ներկայացվել է ՀՀ առողջապահության նախա­րա­րություն, որի կողմից մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո նախագծին տրված դրա­կան եզրակացությունը վկայում է այն մասին, որ նախագծի իրականացումը թույ­լատ­րելի է նաև այդ տեսանկյունից: Անդրսահմանային Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ Ձեր ենթա­դ­րու­թյան առնչությամբ հայտնում ենք, որ Թեղուտի հանքավայրի շահագործման աշխա­տան­քային նախագիծը նախատեսում է արդյունաբերական ջրերի փակ շրջանառու համակարգ: Նա­խա­գծային լուծումները բացառում են շրջակա ջրային միջավայր արդյունաբերական ջրե­րի որևէ ար­տահոսքի հնարավորությունը: Ինչպես և Ձեր մասնակցությամբ տեղի ունեցած այլ քննար­կում­ներում և վերոշարադրյալում հիշատակված Ձեր այլ հայտարարություններում, ար­տա­հոս­քերի վտանգի մասին Դուք խոսել եք խիստ վերացականորեն, և երբևէ կոնկրետ չեք նշել հան­քավայրի նախագծային լուծումների որևէ բաղադրիչ, արդյունաբերական ցիկլի որևէ հատված, որում, Ձեր կարծիքով, վտանգավոր ար­տա­հոսքերի ռիսկեր կան (այդ թվում նաև Դեբեդ գետ): Ինչպես իրենց գործունեության այլ ոլորտներում, այնպես էլ Թեղուտի պղինձ-մո­լիբ­դե­նա­յին հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման պարագայում` «Վալլեքս» խմբի ընկերությունները մշտապես ձգտել են հնարավոր առավելագույն թափանցիկության և հան­րային վերահսկողության բարձր մակարդակի: Արդյունքում ծավալվել են լայն հա­սա­րա­կա­կան քննարկումներ, որոնք նպաստել են բնապահպանական և այլ առումներով ծրագրի կա­տա­րելագործմանը: Մենք պատրաստակամորեն արձագանքել ենք մեր գոր­ծու­նեու­թյանն առնչվող ցանկացած տեղեկատվության հարցումներին և կարծում ենք, որ արել ենք հնա­րա­վոր առա­վե­լա­գույնը մեզ առնչվող հարցերում ապատեղեկատվության տա­րա­ծումը կանխելու համար: Այս համատեքստում խիստ կարևոր ենք համարում, որ չճշգրտված տվյալներ չլի­նեն ԵԽԽՎ-ի` միջ­ազ­գային ընդարձակ լսարան ընդգրկող բարձր ամբիոնից հնչող Ձեր ելույթ­նե­րում, որոնց շարժառիթների հայրենանվերությունն ու իրապես բնության պահպա­նու­թյանը միտ­ված լինելը սույն նամակով որևէ կերպ կասկածի տակ չենք ցան­կա­նում դնել: Հարգանքներով` «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter