HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Պրկված նյարդերի սիմֆոնիա. միմյանց պոչից բռնելու հայ-թուրքական մրցավազք

13_10-protocolsՀոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման և սահմանների բացման մասին երկու արձանագրությունների ստորագրումից հետո այլևս կասկած չէր կարող լինել. Սերժ Սարգսյանն ընդունելու է Աբդուլա Գյուլի` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու պատասխան հրավերը: Այդ մասին նախագահ Սարգսյանը ուղղակի հայտարարեց հոկտեմբերի 12-ին` օդանավակայանում, Մոսկվա մեկնելուց առաջ: Երևանը, փաստորեն, բավարարված է համարում իր առաջադրած նախապայմանը, թե նախագահ Սարգսյանը Թուրքիա կմեկնի կամ բացված սահմանների կամ դրա համար բավարար նախադրյալների առկայության դեպքում: Սակայն, կարելի՞ է, արդյոք, այդ նախապայմանը կատարված համարել: «…Այսօր գնդակը թուրքական դաշտում է, և մենք բավարար համբերություն ունենք` սպասելու իրադարձությունների զարգացմանը: Կվավերացնեն թուրքերը արձանագրությունները, ձեռնամուխ կլինեն այն գրաֆիկին, որ հաստատվել է` կշարունակենք գործընթացը, չեն վավերացնի` մենք կաշկանդվելու ոչինչ չունենք և կանենք այն, ինչի մասին հայտարարել ենք»,-հոկտեմբերի 12-ին ասաց Սերժ Սարգսյանը: Դեռ արձանագրությունների ստորագրման օրը հանրությանն ուղղված նախագահի ուղերձով պաշտոնական Երևանը պարզորոշ ցույց տվեց, որ իր հետագա քայլերը բխեցնելու է միայն Թուրքիայի կոնկրետ գործողություններից: «…Եթե Թուրքիան խելամիտ ժամկետում չվավերացնի այս արձանագրությունները և դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր»,- ասվում էր նախագահի ուղերձում: Երևանի համար սա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Ղարաբաղյան կարգավորումից սահմանազատելու միջոց է համարվում: Այս քաղաքական գիծը ենթադրում է թուրքական կողմին զրկել մանևրելու հնարավորությունից: Սակայն որքանո՞վ է սա իրատեսական: Արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո ադրբեջանական մամուլը հեղեղվեց թուրքական պաշտոնական աղբյուրների վրա հիմնված հղումներով: Դրանց ընդհանուր միտումը հետևյալն էր. Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները, մինչև հայերը չվերադարձնեն Ադրբեջանի «գրավյալ տարածքները»: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն նույնիսկ հայտարարել էր. «Մենք միշտ եղել ենք Ադրբեջանի հետ և երբեք չենք վնասի նրա շահերին: Երբ մենք խոսում ենք տարածաշրջանում խաղաղության մասին, նկատի ունենք «ադրբեջանական տարածքների ազատագրումը»: Անհրաժեշտ է ազատագրել Ադրբեջանի օկուպացված տարածքները, ոչ միայն Ղարաբաղը, այլև «օկուպացված» մյուս շրջանները»: Հայաստանը տեղեկատվական այս հոսքն ուղղված էր համարում դեպի ադրբեջանական լսարանը: Այսպես կարծելու համար երկու հիմնական փատարկ գոյություն ունի: Նախ` արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն տարածեց, որում նշվում էր. «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը նախքան հայկական զորքերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից հակասում է Ադրբեջանի ազգային շահերին և ստվեր է գցում Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունների վրա»: Բնականաբար, եթե Անկարան Ադրբեջանին բավարար չափով երաշխիքներ տված լիներ, որ արձանագրությունների վավերացումը հնարավոր է միայն ԼՂ հարցում պրոադրբեջանական տեղաշարժի առկայության դեպքում, Բաքուն Անկարային դժվար թե մեղադրեր իր «ազգային շահերն» անտեսելու մեջ: Երկրորդ` երկու օր առաջ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ. «Մենք ափսոսանքով նկատում ենք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ադրբեջանական մամուլում տարածվել է ապատեղեկատվություն` կապված հայ-թուրական սահմանի բացման հետ: …Սահմանի բացումը բավականին երկարատև գործընթաց է: Այն պետք է զուգահեռաբար ընթանա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Ադրբեջանի «գրավյալ տարածքների» վերադարձման հետ»: Դեսպանատունը, փաստորեն, անուղղակի կերպով հերքում է ադրբեջանական այն պնդումները, թե ԼՂ կարգավորման գործընթացը պաշտոնապես դիտարկվում է որպես Մեջլիսում արձանագրությունների վավերացման համար անհրաժեշտ նախապայման: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ թուրքական կողմը կամ մանևրելու ողջ ռեսուրսները տեղափոխում է վավերացումից հետո գործողությունների գրաֆիկի իրականացման հարթություն, կամ ընդհանրապես չի պատրաստվում վավերացնել դրանք Մեջլիսում: Երկու օր առաջ հայկական կողմի համար, թերևս, անսպասելիորեն, Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ Քեմիլ Չիչեկը հայտարարել է, որ ստորագրված Արձանագրությունները խորհրդարան կուղարկվեն հաջորդ շաբաթ: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության` արտգործնախարարությունը արձանագրությունները պառլամենտ կուղարկի հոկտեմբերի 21-ին: Մինչ այդ հայ-թուրքական հարաբեությունները քննարկման առարկա կդառնան երկրի անվտանգության խորհրդում: Հենց այստեղ էլ, թերևս, կորոշվի արձանագրությունների հետագա ճակատագիրը: Փաստաթղթերը Մեջլիս ուղարկելու հարցում դրսևորվող այս ակնհայտ շտապողականությունն ինքնանպատակ լինել չի կարող: Եթե Անկարան իսկապես ձգտում է խորհրդարանում տապալել այս արձանագրությունները, ապա հիմնական խնդիրը Սերժ Սարգսյանին մինչ այդ Թուրքիայում տեսնելու փաստի արձանագրումն է` որպես թուքրական կողմից հարաբերությունները կարգավորելու ձգտման արտահայտություն: Այս դեպքում ՀՀ նախագահի այցից հետո արձանագրությունների վավերացման ձգձգումը զուտ տեխնիկայի հարց է դառնում: Իսկ եթե իսկապես փաստաթղթերը վավերացնելու թուրքական ձգտումներն անկեղծ են, ապա կարելի է ենթադրել, որ Անկարան փորձելու է կամ որոշակի նոր նախապայմաններ առաջադրել վավերացման հետ միաժամանակ, կամ մանևրել միջոցառումների իրականացման ժամանակահատվածում: Բոլոր դեպքերում, իրավիճակը չափազանց խճճված է: Դժվար է հասկանալ` Հայաստա՞նն է բռնել Թուրքիայի պոչից, թե՞ հակառակը, և ի՞նչ հանգրվանի կարող է տանել այս գործընթացը: Սակայն, մեկ բան ակնհայտ է. այս իրավիճակից և գործընթացից այլևս դուրս գալ հնարավոր չի լինելու, եթե անգամ կողմերից որևէ մեկը ինչ-որ փուլում կասեցնի գործընթացը, հրաժարվի դրա հետագա ընթացքից: Հայկական դիվանագիտությունը կանգնել է աննախադեպ ծավալի ու խորության փորձության առջև: Խնդիրն առավելաբար բարդանում է նրանով, որ եթե Թուրքիայում, մեծ հաշվով, այս գործընթացը հերթական դիվանագիտական խնդիր է, ապա Հայաստանում այն համազգային նշանակություն է ձեռք բերել, ընդ որում` լուրջ ներքաղաքական ցնցումների հանգեցնելու հզոր ու վտանգավոր պոտենցիալով: Սակայն սա այլ թեմա է, որին դեռ կանդրադառնանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter