«Deno Gold Mining»-ը չի ցանկանում քննարկել Կենտրոնական հանքավայրի կոնսերվացման սոցիալական հետևանքները
«Deno Gold Mining Company» ՓԲԸ-ն պատրաստվում է կոնսերվացնել Կապանի կենտրոնական հանքավայրը, հրաժարվել այն շահագործելու արտոնագրից եւ հանքը հանձնել պետությանը: Այդ հարցը երկու անգամ քննարկվեց Կապանում՝ առաջին անգամ սեպտեմբերի 28-ին՝ Կապանի Օրհուս կենտրոնում, երկրորդ անգամ՝ հոկտեմբերի 9-ին՝ Կապանի քաղաքապետարանում:
Շահագործման արտոնագիրն ընկերությանը տրվել է 2006 թ.: Հանքի շահագործումը սկսվեց 2007թ. եւ շարունակվեց մինչեւ 2008 թ. օգոստոսի վերջը:
Այդ ընթացքում հանքարդյունահանման ծավալը կազմել է 79 342 տ: Ըստ «Deno Gold Mining» ընկերության ներկայացուցիչ Հասմիկ Մկրտումյանի՝ հանքի պաշարներն ամբողջապես մարված չեն եւ դեռեւս ենթակա են շահագործման:
Խնդիրն այն է, որ «Deno Gold Mining Company» ՓԲԸ-ն ունի մեկ արտոնագիր՝ միանգամից երեք՝ Կենտրոնական, Շահումյան եւ Թեջադին հանքավայրերի շահագործման համար: Սակայն ընկերությունը հրաժարվում է միայն Կենտրոնական հանքավայրից: Ընդ որում` Կենտրոնական հանքավայրը հանձնվում է պետությանը, իսկ 5 հա հողի վրա գտնվող շենք-շինությունները, պետական կադաստրային վկայականներով, ընկերությանն են պատկանում:
Քննարկման ընթացքում հարց բարձրացվեց, թե ինչպե՞ս պետք է մեկ այլ կազմակերպություն շահագործի Կենտրոնական հանքավայրը, եթե այն սպասարկող
ենթակառուցվածքներն ու ֆաբրիկան «Deno Gold Mining Company» ՓԲԸ-ի սեփականությունն են:
Ինչպես կարծում է տեղի «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն, ընկերության վարած քաղաքականությունն արդեն Կապանում հանգեցնում է ծանր սոցիալական հետեւանքների: Իսկ ինչ վերաբերում է Կենտրոնական հանքավայրի կոնսերվացմանը, ապա առաջ է գալիս հարցերի մի ամբողջ շարք՝ հանքի անարդյունավետ շահագործման վերաբերյալ:
«Բնապահպանության նախարարության եւ Սյունիքի մարզի բնապահպանական տարածքային տեսչության չեզոք վերաբերմունքը ընկերության նկատմամբ անհանգստացնում է մեզ ողջ տարածաշրջանի համար իր գլոբալ ծանր էկոլոգիական հետեւանքներով, ինչը կարող է անլուծելի խնդիր դառնալ մոտ ապագայում»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել