HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Հանդիպումը կայանում է այն ժամանակ, երբ բոլոր միջոցները սպառված են

Հանդիպումը կայանում է  այն ժամանակ, երբ բոլոր միջոցները սպառված են: Մարտին Բուբեր

Գլոբալիզացիա ասածը դա մի քանի կայսրությունների կողմից մանր պետությունների վրա  ազդեցության հաստատումն է: Թուրքիան,Ռուսաստանը,ԱՄՆ-ը կայսրություններ են, ինչը նրանց դասում է գլոբալիզացնողների շարքում: Մենք ըստ իս գլոբալիզացվողն ենք: Մենք գտնվում ենք վերոթվարկյալ տերությունների ազդեցության ոլորտում: Անխուսափելի է գոլբալիզացիա կոչվածը: Պատմական շատ խոր կտրվածքում այն կիրականանա: Այս կամ այն կերպ մենք այդ գերտերությունների ազդեցության տակ ենք:

Այդպես դասավորվել է պատմականորեն ու այդպիսին է այսօրվա հարաբերությունների դասավորությունը: Կայսերապետական մտքի մեջ փոքրի ճակատագիրը կանխորոշվում  է այնքանով, ինչքանով որ այն տեղավորվում է մեծի  նախագծած պլանի մեջ: Եվ ըստ այդմ էլ փոքրի հեռանկարը երևում է շրջապատող մեծերի կողմից գծված նախագծերում: Մենք մեր մասին ուրիշներից միշտ ավելի շատ բան կարող ենք իմանալ (ու պետք չէ զարմանալ դրա վրա): Կարող ենք իմանալ ոչ միայն շատը, այլև ռեալը` մեզ սպասվողը: Հենց այնպես չեն Ցյուրիխում Քլինտոնն ու Լավրովը այս ու այն կողմ վազվզում: Փոքրի հարցերը լուծվում են այլ կաբինետներում, շարքային մարդուն անհայտ այլ վազքի մեջ: Եվ անդրկուլիսյան խոսք ու զրույցն է ի վերջո դառնում փաստաթուղթ: Անտեսել անդրկուլիսյան միտքը նշանակում է չիմանալ, թե ինչ են մտածում ու ինչպես են ուրվագծում քո ապագան: Փոքր երկրի քաղաքական մտքի դերը նրանում է, որ լինի ինֆորմացված, և մեծ ու օտար խաղերի մեջ իր երկրի տանելի վիճակն ապահովի: Պատմական հեռանկարներ գծելու մասին ես նախընտրում եմ լռել այս համատեքստում: Թերևս փոքր երկրի միակ լուրջ հեռանկարը դա մեծի կողմից նկատված ու հարգված լինելն է, ընդամենը: Ինքնուրույն քայլ կարող է անել միայն ուժեղը: Ինչպես իմ համարյա բոլոր հոդվածներում, այնպես էլ այստեղ ուզում եմ շեշտած լինել, որ փոքրի ուժը սոցիալական հավասարության մեջ է: Ուժեղ են միայն սոցիալական արդար կառուցվածքով համակարգերը: Կայսրությունն իր զարգացման փուլում սոցիալական պետություն է, որպես կանոն: Նրանք իրենց կատարելության, հիերարխիկ հաստատվածության մեջ են  սկսում  քայքայվել ու քանդվել: Ռուսական կայսրությունը մեր սերունդի աչքերի առջև քանդվեց: Որի արդյունքում մենք ստացանք բաղձալի անկախությունը ու ագահաբար վատնեցինք մեր ռեսուրսը, կորցնելով նշանակալի մի բան դառնալու շանսը: Էլիտայի ձևավորման փուլն անցկացրինք անհաջող: Մեր էլիտան չունի ինքնուրույն քաղաքական միտք: Մենք չունենք, չենք ունեցել քաղաքական մտքի կուլտուրա, պատմություն: Եվ արդի պատմական փուլում քաղաքական (և ընդհանրապես) մտքի ձևավորողները համապատասխան կրթացենզ ու շկոլա չունեն: Սփյուռքը պիտի ուսուցչի դերը խաղար: Սփյուռքը կադրեր փորձում  է տալ պատմական հայրենիքին: Հայրենիքը չի ընդունում: Հայրենիքի իշխող դասը, հայրենական խոշոր սեփականատերը չի ըմբռնում հայրենիք-սփյուռք ամբողջականության կենսական կարևորությունը: Սովորական մարդը հայտնվել է էլիտար բարձրունքում ու ապրում է իրականացած գեղջկական իր երազի մեջ: Ու եզակի հաջողությունը չի կարողանում ընդհանրացնել: Նա մնացել է իր եզակիության մեջ: Ընդհանրացնելու ձիրքն է պակասում մեր ունևորին: Նա մնացել  է իրականացած երազանքի իր փակ աշխարհում: Երբ միջակ ունակության տեր մարդու համար բացվեց ունենալու հնարավորությունը նա այդ գործին լծվեց ռամիկին յուրահատուկ չտեսությամբ ու փակվեց նրա համար աշխարհը: Անկախության այս քսան տարիների ընթացքում մաճկալ սաքոների աչքը չկշտացավ ու չկայացած այս էլիտաան աղետ է դարձել հիմա ազգի գլխին: Մեր բոլոր անհաջողություններն ու փորձանքները գալիս են մեր էլիտայից: Հայ-թուրքական մերձեցման այս փորձը կվերածվի պատմական վերջավոր ողբերգության, եթե իշխանական լծակի մոտ չհայտնվի հայ մարդու դաստիարակված տեսակը: Ներքին արգելակներից զուրկ այս վերնախավը բարդ հարաբերության մեջ կորցնելու է պարտնյորի արենտիրը: Բազմակազմ խաղի մեջ չունենալով ներքին հենարաններ ու ներքին կուլտուրա ընկնելու է ազդեցությունների տակ: Խոսվում է նոր որակ ունեցող մարդկանց անհրաժեշտության մասին: Նոր որակի մարդ իշխանությանը մոտ կարող է թողնել միայն որակյալ իշխանավորը: Տեսակը տեսակ է փնտրում: Հաղթանակող գիծը ոչ ռադիկալիզմի մեջ է, ոչ էլ թվացյալ խորամանկության: Վաղուց է անցել խորամանկ դիպլոմատիայի ժամանակը: Աշխարհը շարժվում է շատ ավելի պարզ ալգորիթմներով: Միտք: Մտքի ազդեցություն: Իրագործելի ծրագրեր: Շատ ավելի պրագմատիկ հարցի առջև է կանգնած հայ առաջնորդկազմը այս պահին քան թվում է նրան: Ասում են «ի°նչ ձեռք բերեցինք մենք, ի°նչ ձեռք բերեց Թուրքիան»: Թուրքիան ձեռք բերեց մի պատմական փաստաթուղթ, որով Հայկական Երրորդ Հանրապետությունը դե յուրե ճանաչեց Թուրքիայի ներկա սահմաննները և հրաժարվեց մեկ հարյուրամյակ տևած պահանջատիրությունից: Եվ սահմանը չի բացելու Թուրքիան: Մի պատրվակով չի բացելու, կամ էլ հաջորդ պատրվակով փակելու է, որ մի հիսուն տարի հետո մի նոր սադրանք ծավալելուց առաջ մեջ բերի 2009 թվականի հոկտեբերին Հայկական պետության կողմից ստորագրված այս նոր թղթերը: Թուրքիան արտաքին ազդեցություններով չի առաջնորդվում լինելով այսօր գոյություն ուենցող ու զարգացող ջահել կայսրություներից մեկը: Ես առավել քան համոզված եմ, որ մեր միակ հաղթաթուղթը դա տուժածի մեր ֆենոմենն էր: Մի տուժածի որի պատմական փորձին պարտական են անխտիր բոլոր ազգերը; Մենք գենոցիդ ենք տարել:  Թող որ այդ դասն անցնեն մնացածները: Թող այդ պատմության միջով անցնեն նրանք, որոնք այսօր բարի դրացիություն են քարոզում գենոցիդի փոխարեն մանիպուլյատիվ բառորոնմամբ: Ազգային գաղափարախոսության լիդերությունն ստանձնած դաշնակցությունը պիտի ըմբռնի վերջապես, որ դաշնակցական կարվածքի սոցիալիստական գաղափարախոսությունը հայի հագ ու կապով չէր: Որ իրենք չեն այս ազգի դերձակը: Նախագահի հրաժարականը պիտի չպահանջվի: Հայ էլիտայի հրաժարականի պահանջը պիտի ձեռնարկի հայ ժողովուրդը: Այդ թվում նաև դաշնակցության, որը վերջին երկու տարում տասներկու անգամ գործողությունների կուրս փոխեց: Ռադիկալիզմ պետք է հանդես բերել ներսում: Սոցիալական արդարությունը պետք վերականգնել ներսում: Առաջին հերթին համաժողովրդական ունեցվածքը հափշտակողը պիտի մերկացվի` նրանք, որ կողոպտեցին երկիրը ու հիմա կոչվում են էլիտա: Նոր այդ ժամանակ կարող ենք բան պահանջել աշխարհից ու նստել աշխարհի հետ երկխոսության: Նոր կարող ենք այդ աշխարհից պահանջել լինել օբյեկտիվ: Այդ ժամանակ նոր գլոբալիզացիա բառը այդքան անպարզ չի թվա մեզ: Երբ հայ մարդը մի կողմ կդնի այսրոպեական շահն ու իր մեջ կատարվողին կնայի մադկայնորեն, այն ժամանակ էլ կարող է պահանջել աշխարհից նույն մարդկային վերաբերմունքը իր նկատմամբ: Պարզվում է, որ մեր ձեռքում դեռ կան միջոցներ, եթե դեռևս չենք գնում ճակատագրական ընտրության: Քանզի ճակատագրական հանդիպումը կայանում է  այն ժամանակ, երբ բոլոր միջոցները սպառված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter